Հարաբերություններ Սփյուռքի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Հարաբերություններ Սփյուռքի հետ

Հարաբերություններ Սփյուռքի հետ

Հայ ժողովրդի վերջին 25-30 տարվա պատմության մեջ առանցքային դեր է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարը: Վերջին 100 տարիների ընթացքում հայ ժողովրդի պահանջատիրական պայքարում Արցախյան հաղթանակն այն ոգեշնչող աղբյուրն է, որը սնուցում է ազգային, քաղաքական միտքը:

 

Հայաստանի Հանրապետության անկախացումը թերևս ավելի մեծ ձեռքբերում կարելի է համարել, սակայն՝ ոչ հաղթանակ, քանի որ այն ինչ-որ տեղ, ինչպես 1918-ի անկախությունը, անխուսափելի էր, «պարտադրված»:

 

Հայկական պետական մտածողության տեսակետից Արցախի պայքարի շուրջ ձևավորված գաղափարները քաղաքական շարժիչ ուժ են եղել և են: Առ այդ՝ պատահական չէ, որ «Ղարաբաղ» կոմիտեն ստանձնեց Հայաստանի նորանկախ հանրապետության իշխանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության հաջորդ 2 նախագահները եղան Արցախյան պատերազմի ժամանակ ղեկավար դեմքեր:

 

Արցախը նույնանման հեղինակություն է վաելում նաև Սփյուռքում: Դրա վառ ապացույցը Արցախի յուրօրինակ դերն է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարի իրականացման առումով: Այս դերը շատ անգամ է դրսևորվել, երբ Սփյուռքը որևէ պատճառով  անհաշտ կեցվածք է ցուցաբերել ՀՀ-ի որդեգրած քաղաքականությանը: Հիշենք Հայաստանի Հանրապետությունում ՀՅԴ-ի գործունեության կասեցման և հայ-թուրքական  ֆուտբոլային դիվանագիտության ժամանակահատվածները:

 

Սփյուռքի հետ հարաբերություններում ընդհանրապես պետք է նկատի ունենալ, որ ՀՀ-ի և Արցախի կողմից մինչ այժմ չի հաջողվել լիարժեք օգտվել Սփյուռքի ներուժից: Չնայած ՀՀ-ում առանձին նախարարություն զբաղվում է Սփյուռքի հարցերով, սակայն, ինչպես վերը նշվեց, Արցախի հեղինակությունն անշուշտ ավելի արդյունքներ կարող է ապահովել:

 

ՀՀ-ի կողմից Արցախի ներգրավումը Սփյուռքի հետ հարաբերություններում հաճախ տեղի է ունենում հարկ եղած հեղինակությունն ու լեգիտիմությունն ապահովելու համար: Իսկ մյուս կողմից՝ Սփյուռքը Արցախն օգտագործում է, որպեսզի ապահովի իր վարկը և հեղինակություն ձեռք բերի հայկական այլ շրջանակների հետ հարաբերություններում: Իհարկե, Արցախի պետական համակարգն ու իշխանությունները, եւ հատկապես ժողովուրդը կարողացել են վաստակել վստահելի և ազնիվ լինելու հանգամանքը, սակայն դա բավարար չէ: Պետք է դերակատարություն ստանձնել և որոշումներ կայացնելու մեջ ունենալ լիարժեք խոսքի իրավունք:

 

Արցախի կողմից Սփյուռքի առկա ներուժը լիարժեք օգտագործելու համար պետք է մշակվի պետական հայեցակարգ: Արցախը և Արցախի իշխանությունները, ելնելով արյան գնով վաստակված հեղինակությունից, պետք է վեր կանգնեն ճղճիմ հաշվարկներից: Իսկ առօրեական քաղաքական հաշվարկներն ու հեղինակությունն այլոց հարաբերություններին ծառայեցնելը չի կարող հարկ եղածն ապահովել:

 

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարն իրական է, ու գործնական արդյունքները կարող են առավել շոշափելի լինել միայն այն պարագայում, եթե ազնիվ ու անաչառ մոտեցումների ու փոխհասկացողությունների վրա հիմնված լինեն: Հեղինակությունների, հնարավորությունների անտեղի փոշիացումը այլ տեղ չի տանելու մեզ, քան ձևականությունների գիրկը եւ անվստահության առկա մթնոլորտի խորացում:

 

Բավականին լուրջ և տարողունակ հարց է Սփյուռքի հետ հարաբերությունների մշակումը, իսկ Արցախը, որպես հայկական քաղաքական մտքի առաջատար, պետք է իր ասելիքն ունենա այդ ասպարեզում:

«Ապառաժ»-ի խմբագրական, 1 նոյեմբեր, 2016թ.

1