Հարաբերական անդորր հաստատվելուց հետո սիրիահայերը սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հարաբերական անդորր հաստատվելուց հետո սիրիահայերը սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր

Հարաբերական անդորր հաստատվելուց հետո սիրիահայերը սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր

Մինչ պատերազմը Սիրիայի տարածքում, ենթադրաբար, շուրջ 75-80 հազար հայ էր բնակվում, որոնց մեծ մասը՝ Հալեպում: Մեծ թվով հայեր կային նաեւ հյուսիսային Սիրիայի Ղամիշլի քաղաքում: Հայ ընտանիքներ կային Հասաքե, Ռագա, Հոմս քաղաքներում, Դերիք, Ռաս ուլ Էյն, Թել Աբիաթ եւ Դերբեսիե գյուղաքաղաքներում, փոքրաթիվ համայնքներ էլ՝ Ռաքքայում եւ Դեր Զորում: Ծովափնյա շրջաններից էլ հայերը բնակվում էին Լաթաքիայում եւ Քեսաբում, Տարտուսում եւ Բանիասում: Իսկ մայրաքաղաք Դամասկոսում մինչ պատերազմը հայերի թիվը 12-15 հազար էր:

– Երկրում հարաբերական անդորր է հաստատվել. ո՞րքան են Սիրիա վերադարձած հայերը, եւ, մասնավորապես, ո՞ր երկրներից են վերադարձել:

– Կնախընտրեի առայժմ թվերով չխոսել, քանի դեռ պաշտոնապես մարդահամարի արդյունքներ կամ վիճակագրական հստակ տվյալներ չեն ներկայացվել: Սակայն վերադարձողներ կան, ինչպես Հալեպ, այնպես էլ, վստահաբար, այլ քաղաքներ: Ընտանիքներ կան, որոնք վերադարձել են Լիբանանից, Հայաստանից, ինչպես նաեւ Արեւմուտքից՝ Շվեդիայից, Ավստրալիայից եւ այլն: Իրենց բնակավայրեր են վերադարձել նաեւ ներքին տեղահանվածները, որոնք զինված բախումների ժամանակ համեմատաբար ապահով քաղաքներ էին գնացել:

– Ի՞նչ դժվարությունների առջեւ է կանգնած համայնքն այս օրերին:

– Անկասկած, վերականգնումը պարզ եւ դյուրին չէ, չի կարող լինել: Նախ հարկավոր է վերականգնել ավերվածն ու վնասվածը, աշխատել վերականգնել համայնքի տնտեսական հսկայական կորուստները: Նրանք, ովքեր լավ են ճանաչում սիրիահային, գիտեն, որ նա կարողանում է փյունիկի պես վեր հառնել ու վերապրել: Սիրիահայը կյանքը շարունակելու անկոտրում կամք ունի: Բնականաբար, այս հարցում կարեւոր տեղ ունեն մեր երախտարժան աջակիցներն ու նրանց ցուցաբերած անվերապահ օժանդակությունը:

– Ի՞նչ ծավալի վնասներ է կրել հայկական ժառանգությունը Սիրիայում:

– Պատերազմական գործողությունների ընթացքում համայնքը մեծ վնասներ է կրել. հրկիզվել եւ վնասվել են եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոց, ծերանոց… Բազմաթիվ բնակարաններ, գործարաններ ու խանութներ են քանդվել կամ կողոպտվել: Բացի այդ, համայնքը զոհեր է ունեցել, նաեւ ծանր վիրավորներ ու անհետ կորած տասնյակ հայեր կան:

Պատերազմական գործողությունների հետեւանքով վնասված հայկական կրթական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնների վերականգնաման ու բարեկարգման ծրագրեր նախատեսվա՞ծ են: Դրանք համայնքի ուժերո՞վ են կատարվելու, թե՞ նաեւ պետության աջակցությունն եք ակնկալում:

Ոչ միայն նախատեսել, այլեւ արդեն նախաձեռնել ենք: Օրինակ՝ արդեն վերանոգորվել է Քարէն Եփփէ ազգային ճեմարանի մասնաշենքերից մեկը, այնտեղ արդեն ուսումնական պրոցեսը բնականոն ընթանում է: Վերանորոգվում են նաեւ բազմաթիվ տներ եւ խանութներ: Վնասված կառույցներն ուսումնասիրվել են, մեծ մասի նորոգման ծրագրերն արդեն պատրաստ են: Բնականաբար, այդ աշխատանքները կիրականացվեն՝ հաշվի առնելով առաջնահերթությունները:

1