Հավաք` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-րդ տարեդարձին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Հավաք` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-րդ տարեդարձին

Հավաք` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-րդ տարեդարձին

Այսօր Օպերայի և բալետի ակադեմիակաթ թատրոնում տեղի ունեցավ մեր երկրորդ հայկական պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված՝ Արցախի պետականության զորակցության ՀՅԴ հրավիրած հավաքը: Այն ավանդական է Դաշնակցության համար, բայց այս անգամ այն կարևորվեց ոչ միայն հոբելյանական լինելով, այլև որ տեղի ունեցավ մեր երկու հայկական պետությունների համար գերլարված, ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներով հագեցած մի չափազանց պատասխանատու ժամանակաշրջանում:

 

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի և Արցախի պետական օրհներգերի կատարմամբ և ապրիլյան պատերազմում հերոսաբար ընկած հայ զինվորների հիշատակին մեկ րոպե լռությամբ:

 

Ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, դաշնակցական ընկերներ ու համակիրներ:

 

Այնուհետև ցուցադրվեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական տեսաուղերձը:

 

Հավաքի միակ ելույթը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանինն էր, ով նախ՝ կարևորեց հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումը և ապա ուրվագծեց ՀՀ արտաքին քաղաքականության և Արցախի ճանաչման գործընթացի հետ կապված ՀՅԴ մոտեցումները:

 

«Այսօր առավել քան երբևէ պահանջվում է անկեղծ ու սթափ գնահատել մինչև հիմա մեր ստացածն ու կորցրածը, արժևորել մեր ձեռքբերումները, սրբագրել մեր սխալներն ու բացթողումները, չերկնչել առկա վտանգների ու սպառնալիքների հանդեպ և վերահաստատելով համազգային մեր ուխտը՝ գնալ առաջ: Պատմական այս հանգրվանում հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախությունը և վերադարձրեց կորսված հայրենիքի մի հատվածը: Սա է այն գլխավոր պատմական ձեռքբերումը, որ մեր սերունդը պարտավոր է աչքի լույսի պես պահել և փոխանցել հաջորդ սերունդներին»,- ընդգծեզց Արմեն Ռուստամյանը:

 

Նրա խոսքով՝ պատվաբեր, բայց դժվար է եղել հաղթելը, սակայն ոչ պակաս դժվար և պատվաբեր է հաղթանակը պահելն ու ամրագրելը:

 

«25 տարիները հենց այս գիտակցությամբ ենք ապրել ու հաջողել, էլ ինչու պիտի նույն կերպ չշարունակենք: Հետևաբար՝ մեր միջից պետք է մեկընդմիշտ և իսպառ արմատախիլ անենք պարտվողականության որոմը և մեր կյանքը կառուցենք դարերի փորձությունն անցած հայտնի կարգախոսով՝ թե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Այո, խաղաղությունն է բնական միջավայրը արարման և կայուն զարգացման: Ոչ մի ողջամիտ մարդ դրան դեմ չի կարող լինել: Բայց խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են: Թշնամուն խաղաղության բերում են ոչ զիջելով, այլ՝ պարտադրելով: Եվ ուրեմն հող ու տարածք զիջելը ինքնին ոչ թե զսպում է թշնամուն, այլ նրան դարձնում է ավելի սանձարձակ: Այս համոզումով էր, որ մեր ժողովուրդը ժամանակին վճռականորեն մերժեց «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքով հակամարտությունը կարգավորելու օրվա իշխանությունների պարտվողական քաղաքականությունը: Չի կարող լինել ոչ մի կասկած, որ քաղաքական դիակ դառնալու նույն ճակատագիրն է սպասում մեզանից նրան, ով կփորձի այս կամ այն կերպ վերակենդանացնել այդ տխրահռչակ սկզբունքը»,,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

 

Անդրադառնալով ԼՂՀ միջազգային ճանաչման հիմնախնդրին ՀՅԴ քաղաքական ներկայացուցիչը նկատեց, որ Արցախում սահմանադրական փոփոխությունների ընթացքը ամենևին էլ չի բխում այդ ճանաչումը իրագործելու մեր ցանկություններից:
«Այսօր ԼՂՀ-ում ընթացքի մեջ են սահմանադրական նոր փոփոխությունների հետ կապված քննարկումները: Այդ փոփոխությունների անհրաժեշտությունը ներշնչված էր ի սկզբանե Հայաստանում կատարվող նմանատիպ գործընթացներով և տրամաբանորեն ակնկալվում էր, որ պետք է նույն ուղղությամբ ընթանային: Ըստ այդմ, պատահական չէր, որ Արցախի հիմնական քաղաքական ուժերը ի սկզբանե պաշտպանում էին հենց դեպի խորհրադարանական համակարգի անցնելու գաղափարը: Հրապարակված նախագիծը, տարօրինակորեն, չի համապատասխանում այդ քաղաքական տրամադրություններին և առաջարկում է անցում որևէ տեղ չփորձարկված, կառավարման իր ձևով նորարարական մի համակարգի:

 

Պարոնայք, երկրի չճանաչված լինելը այն փորձադաշտի վերածելու առիթ չէ, այլ հակառակը՝ նրա ճանաչմանը կարող է առավելապես նպաստել աշխարհում ընդունված դասական ժողովրդավարական համակարգերի տեղայնացումը: Իսկ Արցախի պարագայում սահմանադրական որևէ փոփոխություն ինքնանպատակ չի կարող լինել, այլ պետք է հետապնդի հստակ 2 հիմնական նպատակ: Այն է՝ նպաստել ԼՂՀ միջազգային ճանաչմանը և պետության հզորացմանը՝ ամրապնդելով նրա ժողովրդավարական և իրավական համակարգերը:

 

Ներկայացված նախագիծը մեզ կարող է հեռացնել հենց այս նպատակներից, քանզի միջազգային ճանաչման գործընթացը խթանելու համար չեն անում քայլեր, որ համահունչ չեն միջազգային փորձին և դժվարացնելու են մեր օտարերկրյա գործընկերների լոբբիստական աշխատանքները: Իսկ եթե ուզում ենք առաջ մղել երկրի հզորացման և ժողովրդավարացման գործընթացները, ապա դա պիտի կատարվի անցած փորձի հիման վրա եղածը լավացնելով, ոչ թե փորձարկումներով՝ նոր խնդիրներ հարուցելով: Հենց այս դեպքերից խուսափելու համար է, որ ժողովուրդն ասում է. ¦լավ է փորձած թանը, քան անփորձ մածունը»,- ասաց Արմեն Ռուսաստանը:

 

Այնուհետև բեմը տրամադրվեց հեղափոխական-հայրենասիրական երգի վարպետներին, ովքեր հանդես եկան սիրելի երգերի համատեղ կատարումներով:

 

Միջոցառման ավարտին 200 նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը: Նրանք երդվեցին Խանասորի արշավանքի ժամանակ ծածանված ՀՅԴ դրոշի և զորավար Անդրանիկի մարտական զենքի վրա:

 

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի և Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու, նորագիրների կնքահայր Կիրո Մանոյանը հայտարարեց, որ սին են այն հայտարարությունները, թե Դաշնակցության շարքերը համալրողներ չկան, նա ընդգծեց, որ վերջին ամիսներին կուսակցության շարքերը 10 տոկոսով համալրվել են:

 

«Դաշնակցությունից սպասելիք ունենալ պետք չէ. պետք է բավարարվել կատարած աշխատանքի արդյունքները տեսնելով»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:

 

Նա նաեւ շեշտեց, որ Դաշնակցությունը չի ներում պետության եւ պետականության դեմ զենք բարձրացնողներին` ով էլ լինի:

1