Հավատի ու սպասման 24 տարիներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հավատի ու սպասման 24 տարիներ

Հավատի ու սպասման 24 տարիներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության հետ համագործակցության շրջանակներում հանդիպում էր նախատեսված ԿԽՄԿ-ի տարբեր ծրագրերի մասնակիցների հետ, որոնց վրա հակամարտությունը ծանր հետքեր է թողել: Ծրագրի ընթացքում հանդիպեցինք Ջուլիետա Գասպարյանին, ով Արցախյան պատերազմի տարիներին ամուսնու և երկու երեխաների հետ վերադարձել է հայրենիք, ամուսնուն ճանապարհել մարտի ու մինչ օրս ապրում է հավատի ու սպասման մեջ:

Ամուսինը՝ Ժորա Օհանյանը, ծնունդով Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից է: Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Ուզբեկստանի Կոկանդ քաղաքը, որտեղ ապրել են 7 տարի: Արցախյան շարժման ծավալումից հետո, 1989թ. կնոջ և երեխաների հետ վերադարձել է Արցախ: Մասնակցել է Մարտակերտի, Կուբաթլուի, Փրջամալի, Նախիջևանիկի, Մարտունու և այլ վայրերի ինքնապաշտպանական մարտերին: 1993թ. հունվարի 5-ին Քարվաճառի ազատագրման ժամանակ, Թազաքենդ գյուղում ծավալված մարտական գործությունների ընթացքում անհայտ կորել է: Այն ժամանակ որդին՝ Գևորգը, 8 տարեկան էր, աղջիկը՝ Գայանեն, 5 տարեկան:

«Դուստրն անընդհատ հարցնում էր, թե ինչու՞ են մնացածների հայրերը գալիս, իսկ իր հայրը չի վերադառնում»,- հիշում է Ջուլիետա Գասպարյանը և նշում, որ չէր կարողանում ճշմարտությունն ասել. ասում էր, որ շուտով կգա և հետո թաքուն արտասվում: Այսպես շարունակվեց մինչև առաջին դասարան հաճախելը: Դպրոցից վերադառնալով` աղջիկը զարմացած հայտնում է, որ դպրոցում զոհվածների ընտանիքների երեխաների գրքերն անվճար են տրամադրել, նաև իրեն էլ են անվճար տվել: Եվ տիկին Ջուլիետան ստիպված էր իրականությունն ասել: Իհարկե, երեխաների համար շատ դժվար էր ու ավելի դժվար էր տիկին Ջուլիետայի համար, որովհետև ինքը պիտի լրացներ հոր պակասը, երեխաների համար լավ ապագա կառուցեր: Ուզբեկիստանում ապրած տարիներին դերձակ էր աշխատում, սակայն պատերազմի պայմաններում այդ գործն այնքան էլ պահանջված չէր, և աշխատանքի է անցնում քաղաքային շուկայում: Մինչև հիմա էլ, չնայած երեխաները մեծացել, ընտանիք են կազմել, տիկին Ջուլիետան չի պատկերացնում իրեն չաշխատելիս: Դերձակուհու ձիրքն էլ օգտագործում է հարազատների համար զգեստներ կարելով:

Անհատապես հետաքրքրվելով` Ժորայի գտնվելու վայրի մասին տարբեր տեղեկություններ են ստացել, որոնց իսկությունն ստուգելը շատ դժվար է: «Մինչև օրս էլ սպասում ենք, արդեն թոռնիկներ ունենք»,- տիկին Ջուլիետան միշտ ներկա ժամանակով է խոսում ամուսնու մասին:

Այն ապրումները, որ տարել են ինքը, երեխաները, բառերով անհնար է արտահայտել: Ինչքան դժվար օրեր, չարչարանքներ է տեսել, մինչև կարողացել է երեխաներին մեծացնել, երկուսին էլ բարձրագույն կրթություն տալ: «Թվում է՝ լավ ապագա եմ տվել, բայց, միևնույնն է, ինչքան էլ ձգտեմ ծնողական պարտականություններս անթերի կատարել, թվում է, թե ինչ-որ բան պակաս է: Հայրական քնքշանքը, հայրական դաստիարակությունն իմ երեխաները չեն ստացել»,- ասում է տիկին Ջուլիետան:

Բայց միևնույն է, միշտ հոր ներկայությունն զգում են…

«24 տարի է անցել, բայց կարծես թե մեզ հետ է, ներկայությունը միշտ զգում ենք: Չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ կարող է չգալ»,- ասում է տիկին Ջուլիետան: Հատկապես տոն օրերին, Ժորայի ծննդյան օրը, երեխաների նշանվելու, հարսանիքի օրը միշտ մի թաքուն հույս ու հավատ է լինում, որ անպայման կգա. այդ օրը նա չի կարող բացակայել…

Կարմիր խաչի աջակցությունը

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհայտ կործաների ընտանիքները, ի համեմատ այլ ընտանիքների, ավելի շատ են մեկուսացված հասարակությունից, որովհետև նրանք տառապում են լրիվ ուրիշ ցավով. անընդհատ սպասման մեջ են, և իրենց թվում է, թե իրենց ցավը ոչ մեկը չի կարող հասկանալ»,- նշում է ԼՂՀ-ում Կարմիր խաչի առաքելության տեղեկատվական բաժնի պետ Էտերի Մուսայելյանը և ավելացնում, որ այդպիսի մարդիկ տնից դուրս չեն գալիս, չեն շփվում հարևանների, հարազատների հետ. ցավը կարծես տարանջատել է նրանց հասարակությունից: Դրա համար էլ ծրագրի սկզբում սկսել են նույն տեղում ապրող նմանատիպ ընտանիքների իրար հետ ծանոթացնել:

«Մեր նպատակն է եղել` սոցիալ-հոգեբանական ծրագրի շրջանակներում օգնել ընտանիքներին նորից «հետ վերադառնալ» հասարակություն»,- ասում է Էտերի Մուսայելյանը: Այո, խնդիրը չի լուծվել, բայց կյանքը շարունակվում է և պետք է ապրել: Այդ ընտանիքները կորցրել են տան տղամարդուն, որն ընտանիքի համար ապրուստի միջոցներ հայթայթողն է: Հատկապես այն տարիներին, երբ նույնիսկ տղամարդ ունեցող ընտանիքներն էին վատ ապրում, այդ կանանց վիճակը շատ ծանր էր: Մի կողմից հոգեկան ծանր ապրումները, մյուս կողմից ծանր սոցիալական վիճակը: «Դրա համար հոգեբանական ծրագրին զուգահեռ հայտնաբերել ենք ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող ընտանիքներին և փորձել տարբեր միկրոտնտեսական մանր բիզնես-ծրագրերի միջոցով ընտանիքի համար հավելյալ եկամուտի աղբյուր ստեղծել»,- ասում է Կարմիր խաչի առաքելության տեղեկատվական բաժնի պետը:

Ի դեպ, Արցախի 370-ից ավելի անհայտ կորածների ավելի քան 160 ընտանիք օգտվել է ծրագրից:

«Տարբեր ընտանիքների հետ հանդիպումները որոշ չափով օգնում է, մի քանի ժամով կտրվում ես հոգսերից: Գործը, հոգսը, լավ ու վատ ապրումները մի կողմ ես դնում և այդ փոքր ժամանակը նվիրում ես քեզ: Տարբեր թեմաներով խոսելով` լիցքաթափվում, թեթևանում ես մի ժամով,- ԿԽՄԿ-ի սոցիալ հոգեբանական ծրագրի մասին այսպես է արտահայտվել տիկին Ջուլիետան,- մենք այնքան ենք այս տարիներին այդ ծանրությունը մեր ուսերի վրա կրել, որ ափսոսացել ենք 5 րոպե կամ կես ժամ մեզ տրամադրել: Եվ, կարելի է ասել, թեկուզ չցանկանալով էլ` ծրագիրն «ստիպել է», որ մի ժամով լիցքաթափվենք»:

Արցախյան պատերազմը, բացի ազատագրված հայրենիքից, անկախ պետությունից, շատերին անդառնալի ցավ ու կորուստ է պատճառել: Այդ պատերազմում հանուն հաղթանակի իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր հայորդիներ, սակայն նրանցից ոմանց ճակատագրերը մնացին անհայտ: Յուրաքանչյուր անհայտ ճակատագրի հետևում թաքնված է հարազատների հույսն ու սպասումը… Սպասում ենք, ու սպասումը գիշեր-ցերեկ չի հարցնում, սպասումը մեր սիրո, հավատի, ապրելու անբաժան, անքնին ուղեկիցն է: Անհայտ կորածները չունեցան շիրիմ, նրանց անվան վրա դաջված մնաց անհայտ կորածի խաչը:

Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

1