Հաջողություն` եռամիասնության շնորհիվ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Հաջողություն` եռամիասնության շնորհիվ

Հաջողություն` եռամիասնության շնորհիվ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչելու բանաձեւի ընդունման առիթով ՙԱպառաժ՚-ը զրուցել է քաղաքագետ Դավիթ Բաբայանի հետ:

 

Բանաձեւն ընդունվել է միաձայն, որով նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ իր աջակցությունն է հայտնել նրա ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաեւ կոչ արել Ավստրալիայի իշխանություններին` պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի եւ նրա քաղաքացիների հետ:

 

Քաղաքագետ Դավիթ Բաբայանի գնահատմամբ` Ավստրալիայի Նոր Ուելս քաղաքի օրենսդիր մարմնի վերոնշյալ բանաձեւի ընդունումը եւ քաղաքական, եւ բարոյական մեծ իրադարձություն կարելի է համարել, քանզի Արցախի անկախությունը ճանաչվում է արեւմտյան աշխարհի ներկայացուցիչների կողմից. ՙԱվստրալիայի Նոր Ուելս նահանգն ուղղակի վարչատարածքային միավորում չէ, այլ Ավստրալիայի մեջ այդ նահանգը հանդիսանում է ժամանակակից Ավստրալիայի կորիզը, որովհետեւ Ավստրալիայի անկախացումը եւ ժամանակակից պետության ձեւավորումը սկսվել է հենց Նոր Ուելս նահանգից: Հենց նրանք են հանդիսացել այդ երկրի պետականության հիմնական կորիզը:

 

Նրանց շուրջ են համախմբվել նաեւ մնացած նահանգները եւ ստեղծել ժամանակակից Ավստրալիան: Դա նաեւ բնակչությամբ ամենամեծ նահանգն է. այնտեղ են կենտրոնացված այնպիսի համայնքներ, ինչպիսիք են Սիդնեյը, մայրաքաղաք Կանբերան: Սա նշանակում է, որ ԼՂՀ ճանաչման գործընթացը նոր որակ է ստացել, նոր փուլ է մտել: Եւ եթե մեր հանրապետությունը ճանաչում է Ավստրալիայի կարեւորագույն նահանգներից մեկը` կորիզը, սա նշանակում է, որ հետագայում կճանաչեն նաեւ այլ նահանգներ եւ այլ պետություններ: Եւ դրանով իսկ` նրանք եւս մեկ անգամ կհաստատեն, որ մեր բռնած ուղին ճիշտ է, իսկ այդ ուղին ոչ միայն անկախ պետականությունն է, այլ նաեւ ժողովրդավարական պետությունը, նորմալ պետությունը, որովհետեւ ոչ նորմալ պետություններին, ծայրահեղ ու ոչ ժողովրդավարական պետություններին որեւէ մեկը չի ցանկանա ճանաչել՚,- մեկնաբանելով Նոր Ուելս նահանգի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա բնակչության ինքորոշման իրավունքի ճանաչման մասին բանաձեւի ընդունումը` ասաց Դավիթ Բաբայանը:

 

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի երկարաժամկետ աշխատանքների արդյունքում ավստրալիական Նոր Ուելս նահանգի խորհրդարանի ընդունած բանաձեւը եւ հաջողության հիմնական գրավականը քաղաքագետ Դ. Բաբայանը համարում է Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության համատեղ աշխատանքները. ՙԱյս հարցում մեծ դերակատարություն է ունեցել ՀՅԴ կառույցը, սակայն ես այս տեսանկյունից երեւույթը կդասեի Սփյուռքի մեր հայրենակիցների աշխատանքին, որովհետեւ այս պահի դրությամբ ՀՅԴ-ն բաժանել Սփյուռքի մյուս մեր կառույցներից, այնքան էլ ճիշտ չէ: Հետեւաբար, այս հարցը պետք է ավելի լայն դիտարկել:

 

Փաստորեն, սա հայկական երեք հատվածներից մեկի աշխատանքի արդյունքն է նաեւ, բայց այստեղ աշխատել են նաեւ Արցախը, Հայաստանը եւ Սփյուռքը: Եռամիասնության շնորհիվ մենք հասել ենք այս արդյունքին, թեպետ շատ մեծ դերակատարություն են ունեցել ՀՅԴ կառույցը եւ Սփյուռքի կազմակերպությունները: Մենք միմիայն կարող ենք ողջունել այն հանգամանքը, որ Սփյուռքում մեր կառույցները զբաղվում են ոչ միայն հայապահպանության գործով, այլ նաեւ Արցախի ճանաչման խնդիրն է դարձել համազգային հարց` Ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ: Ճիշտ է` Ցեղասպանության ճանաչումը կարեւոր է մեզ համար, բայց այն մեզ մի տեսակ զոհի կերպար է տալիս, սակայն Արցախի ճանաչումը ձերբազատում է մեզ այդ զոհի կերպարից: Սա սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու եւ այդ հողի տերն ու տիրականը լինելու իրավունքի ճանաչումն է, եւ սա, իհարկե, արմատապես նոր երեւույթ է մեր կյանքում՚:

 

Քաղաքագետը գտնում է նաեւ, որ Նոր Ուելս նահանգի ճանաչումը ինչ-որ ձեւով նշանակում է, որ Նոր Ուելսը պատրաստ է Արցախի հետ որոշակի հարաբերություններ զարգացնել, եւ անհրաժեշտ է համարում ուսումնասիրել բոլոր հնարավորությունները եւ համապատասխան քայլեր անել այդ ուղղությամբ:

 

Դ. Բաբայանի խոսքերով` ԼՂՀ ճանաչման գործընթացը համատարած բնույթ է կրում. ՙճիշտ է` այս պահի դրությամբ նահանգների մակարդակով է իրականանում ԼՂՀ ճանաչման գործընթացը, սակայն այդ պատրաստակամության մասին նաեւ որոշ պետություններ են հայտարարել, նրանք պատրաստակամ են քննարկել այդ հարցը, իսկ սա առաջին քայլն է: Այնուհետեւ մենք ականատես կլինենք, թե ինչպես են քայլեր կատարվում նաեւ պետությունների հետ` ճանաչման գործընթացը կյանքի կոչելու համար՚:

 

Քաղաքագետը գտնում է, որ Արցախի ճանաչման գործընթացը բռնել է այն ուղին, ինչ ուղիով առաջ է գնում Ցեղասպանության ճանաչման գործընթացը. ՙ Կարծում եմ, որ սա շատ կարեւոր զարգացում է ներհայկական կյանքում, որովհետեւ մինչ այդ հիմնական շեշտը դրվել է Ցեղասպանության ճանաչման վրա, ինչը չափազանց կարեւոր է: Բնական է, որ ցանկացած ոճրագործություն պետք է դատապարտվի, սակայն Ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ պետք է ճանաչվի նաեւ Արցախը, որպեսզի բոլորն իմանան, որ կա պետություն, հզոր հայ ժողովուրդ եւ Սփյուռքում, եւ Արցախում, եւ Հայաստանում, եւ մենք միասնական ենք գործում՚:

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1