ՀԱՊ-ում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » ՀԱՊ-ում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը

ՀԱՊ-ում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը

Սեպտեմբերի 15-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Լուրը Panorama.am-ին հայտնեցին Աագգային պատկերասրահից:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասել էր. «Նախատեսել ենք ցուցադրությանը ներկայացնել Այվազովսկու այն գործերը, որոնք մինչ այս չեն ցուցադրվել, այսինքն ոչ միայն մեր մշտական ցուցադրության գործերն են, այլ նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող աշխատանքները: Իսկ ինչ վերաբերում է դրսից գործեր բերելուն, այո, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և մեր թանգարանի ջանքերով Հայաստան է բերվելու  Հովհաննես Այվազովսկու  հայտնի  «Քաոս» աշխատանքը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում, և մեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնել այդ հանճարեղ կտավը: Ես հավատացնում եմ, որ սեպտեմբեր ամսին բոլորիս սպասվում է մեծ իրադարձություն և ակնկալում ենք թե մեդիայի մեծ ուշադրությունը, թե հասարակության հետաքրքրվածությունը»:

Նշենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։

1