Հանրապետության հիմնադրի հուշարձանը մեկ գրանցում ունի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հանրապետության հիմնադրի հուշարձանը մեկ գրանցում ունի

Հանրապետության հիմնադրի հուշարձանը մեկ գրանցում ունի

Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Խորհրդանիշ դնելու ժամանակը չէ» հոդվածը, եթե չասեմ՝ աղմուկ է բարձրացրել, ապա, առնվազն, տարակուսանքի տեղիք է տվել ընթերցողին:

Վերնագիրն արդեն ինքնին անորոշություն է: Կարելի է մտածել` երբ ազգը ցանկանում է իր զավակին մեծարել, հավերժացնել նրա հիշատակը, ապա պետք է սպասի ինչ-որ հատուկ ժամանակի, ամսաթվի… Մենք երբեք չէինք երազել Լենինի արձանը դնել հրապարակում, հրապարակը կոչել Լենինի անունով, նաեւ քաղաքի գլխավոր պողոտան: Այդ ամենը, այո, ժամանակով էր մեզ պարտադրվել: Իսկ մեզ, ինչ է, հատուկ առիթ ու իրադարձությո՞ւն է պետք մեր ազգային մեծերի հիշատակը հավերժացնելու համար: Եվ, առհասարակ, գուցե Արամ Աբրահամյանը կա՞սի նաեւ, թե երբ է գալու խորհրդանիշ դնելու ժամանակը: Արամ Աբրահամյանը, իհարկե, փորձել է պատասխանել նաեւ այդ հարցին: Ասում է. «Պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որեւէ մահկանացուի արձան դնել: Թող մեր հասարակության մեջ արմատավորվի պետական մտածելակերպը, այդ պարագայում միայն հասարակությունը կորոշի, թե ինչպիսի խորհրդանիշ է իրեն պետք»: Ես հիմա արդեն չեմ հասկանում` այդ ինչպե՞ս պետք է պետություն արարողի արձանը խոչընդոտի իր ազգի մեջ պետական մտածողության ամրապնդմանը: Եթե առաջարկ լիներ Հանրապետության հրապարակում տեղադրել Ձենով Օհանի կնոջ արձանը, դեռ կարելի էր ասել, որ Արամ Աբրահամյանը ճիշտ դատողություն է արել, որովհետեւ այդ կինը, այո, քիչ աղերսներ ունի պետական մտածողության հետ: Բայց Արամի պարագայում նրա անվանակից Արամ Աբրահամյանը հաստատ սխալվում է:

Գործընկերոջ իրավունքով Արամ Աբրահամյանին մի հարց եմ ուզում տալ: Պարոն Աբրահամյան, Դուք նույնկերպ կընդդիմանայի՞ք Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը, եթե որոշում կայացվեր այն տեղադրել, օրինակ` Չարբախում: Հավանաբար` ոչ:

«Առաջին հանրապետության ժամանակ չե՞ն եղել «ավազակապետական դրսեւորումներ», Արամ Մանուկյանը չի՞ ունեցել սխալներ եւ մոլորություններ: Ակնհայտ է, որ ամեն ինչ չի եղել այնպես, ինչպես 70 տարի ներկայացնում էր կոմունիստական քարոզչությունը, բայց չի էլ եղել նաեւ այնքան իդեալական, որքան հիմա փորձում են ներկայացնել Դաշնակցության ներկայացուցիչները»: Սա, ես կասեի, Արամ Աբրահամյանի հիմնական եւ ամենաուժեղ կռվանն է` Արամի արձանը Հանրապետության հրապարակում տեղադրելու դեմ իր պայքարում: Բայց պետք է ասեմ, որ գլխավոր խմբագրի արգումենտը շատ թույլ է:

Եթե Խորհրդային Միության, Հարավսլավիայի հանրապետությունների, վերջապես՝ Կոսովոյի անկախությունների շքերթն Արամ Աբրահամյանի ժամանակներում եղած չլիներ, ես կմտածեի, որ հարգարժան մտավորականը միայն գրքերից գիտի, թե ինչպես են ազգերն անկախություն ձեռք բերում: Պարոն Աբրահամյան, կներեք իհարկե, բայց 18-19 թվերին երկիրը թուրք ու այլազգի բաշիբոզուկներից մաքրելը, լեռնային բնակավայրերը ավազակներից պաշտպանելը, կարգուկանոն հաստատելը, ցաքուցրիվ ժողովրդի մեջ պետական մտածողություն սերմանելը «ավազակապետական դրսեւորումներ» չեն: Վարժ գրելը, պատկերացրեք, սովորելու բան է, բայց Դուք փորձեք գնահատական տալ պետության հիմնադրին, որը մեռնում է տիֆից, որովհետեւ չէր խորշում շփվել երկիր լցված իր գաղթական հայրենակիցների հետ:

Բոլոր հետաքրքրվածներին հրավիրում եմ Դաշնակցության պատմության թանգարան` ավելի մոտիկից շփվելու Առաջին հանրապետություն ժամանակների «ավազակապետական դրսեւորումների» հետ: Այնտեղ դուք կտեսնեք, օրինակ, Հայաստանի Հանրապետության միջոցներով ձեռք բերված կոստյումներ եւ ֆրակներ, որոնք պետական այրերը հագել են բացառապես պաշտոնական արարողությունների` ընդունելությունների, այցերի ժամանակ, որովհետեւ դրանք գնվել են հենց այդ նպատակով: Մեր օրերի «ավազակապետական» ո՞ր դրսեւորման հետ սա համեմատենք, երբ մեր պաշտոնյայի զոքանչը շուկա է գնում իր փեսայի ծառայողական մեքենայով:

Դաշնակցությունն Արամ Մանուկյանին եւ ոչ էլ որեւէ դաշնակցականի չի իդեալականացրել: Այդ առումով Դաշնակցությունը ժլատների ժլատն է: Գնահատե՞լ, գործը կարեւորե՞լ` գուցե: Եվ թող տպավորություն չստեղծվի, թե Դաշնակցությունը պայքարում է հանուն Արամ Մանուկյանից կուռք ստեղծելու եւ նրա արձանը Հանրապետության հրապարակում դնելու: Պետք է ընդամենը հասկանալ` Հանրապետության հրապարակը մեր անկախ պետականության խորհրդանիշն է, եւ այն պետք է, այո, զարդարվի, այո, ամբողջանա այդ պետության հիմնադրի հավերժ ներկայությամբ:

Մեզ համոզիչ չի թվում նաեւ Արամ Աբրահամյանի այն մտահոգությունը, թե Արամ Մանուկյանի արձանը սովորական մահկանացուի արձան է, եւ ժամանակի հետ, հնարավոր է, այլ մոտեցում լինի դրան: Կա՞ անկախություն եւ ազգային պետություն ունենալուց ավելի բարձր բան: Եվ, ուրեմն, այդ ի՞նչ նոր ձեռքբերում ենք ունենալու, որ ապագա սերունդը, հանկարծ, չհաշտվի Արամ Մանուկյանի` իր անկախության ու պետության հիմնադրի կերպարի հետ:

Քաղաքապետարանի որոշումը` Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ Արամ Մանուկյանի արձանը տեղադրել Նալբանդյան-Արամի փողոցների հատման վայրում, որքան էլ ասենք` լավ որոշում է, հայրենասիրական է եւ այլն, միեւնույն է` թերի է: Եվ, ամենակարեւորը, տպավորություն է ստեղծվել, թե ինքներս հիմա մեր դեմ ենք պայքարում ու չենք կարողանում հաղթահարել մի բան, որ հոգեբանները, թերեւս, աֆեկտ կանվանեին` արագ եւ բուռն կերպով ընթացող հուզական գործընթաց, որն առաջ է բերում կամային գիտակցական վերահսկողության չենթարկվող իմպուլսիվ գործողություններ եւ արտահայտիչ շարժումներ (դիմախաղ, ժեստեր եւ այլն), ձայնային ռեակցիաներ (լաց, ճիչ): Այս վիճակը հաղթահարել է պետք, մանավանդ, որ արդեն հասկացել ենք, որ Արամի արձանը չի կարող Հանրապետության հրապարակի մոտ չլինել: Մնում է կես քայլ` Արամի արձանը Հանրապետության հրապարակում տեղադրելու եւ մեր պատմության թերեւս ամենակարեւոր էջը սրբագրելու համար: Ինչո՞ւ չանենք այդ կես քայլը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

hraparak.am

1