Հանրապետական գրադարանը՝ չլուծված խնդիրներով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հանրապետական գրադարանը՝ չլուծված խնդիրներով

Հանրապետական գրադարանը՝ չլուծված խնդիրներով

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող հանրապետական գրադարանի խնդիրների շուրջ զրուցել ենք տնօրեն Անահիտ Բաղրյանի և գրադարանի աշխատակիցների հետ:

Մեսրոպ Մաշտոցի անվան գրադարանը հիմնվել է 1924 թ. դեկտեմբերին՝ ունենալով ընդամենը 2007 կտոր գիրք, 5 ընթերցող: Գրադարանային ֆոնդը այսօրվա դրությամբ 175. 554 է (ռուսերենը ՝ 105.539, իսկ հայերենը՝ 70.015), որից գրքերը՝ 153,255 կտոր: Ընթերցողների թիվը 3000-ից ավելի է: Գրադարանում գերակշռողը խորհրդային ժամանակաշրջանի դասական գրականությունն է: Օտար լեզուների բաժնում հիմնականում գերակշռողը ռուսերեն գրքերն են, որը գրադարանին մնացել է խորհրդային տարիներից, մի քանի կտոր էլ անգլերեն:

Գրադարանի տնօրենը, կարևորելով Արցախում հանրապետական գրադարանի դերը մշակութային ոլորտի զարգացման և մատաղ սերնդի դաստիարակման գործում,  անդրադարձավ գրադարանի շենքային պայմաններին.   «Գրադարանի շենքը շատ հին է և չունի բավարար պայմաններ: 1999 թ. առ այսօր ոչ մի վերանորոգչական աշխատանք չի իրականացվել: Գրադարանը հիմնանորոգման, կահավորման և ժամանակակից սարքավորումների և համակարգիչների կարիք ունի: Այժմ կահավորված է միայն ընթերցասրահը:  Արցախյան պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետևանքով վնասվել է գրադարանի ջեռուցման համակարգը և գրապահոցների գրքերի համար բավարար ջեռուցման բացակայության պատճառով տարեցտարի գրքային ֆոնդը կորուստներ է ունենում:  Դրանից խուսափելու միակ միջոցը նոր շենք կառուցելը կլինի»: Տնօրենի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է գրադարանի նոր շենք կառուցել: Որպես կենտրոնական վայր՝ գրադարանի տնօրինությունը ցանկություն ունի նոր շենքը կառուցել ներկայիս գրադարանի բակում:

Աշխատանքներ են տարվում գրադարանում էլեկտրոնային ընթերցասրահ ստեղծելու ուղղությամբ: Էլեկտրոնային ընթերցասրահի համար ձեռք է բերվել 4 համակարգիչ (ամերիկահայ բարերարի կողմից), սակայն ծրագրային կարգավորման խնդրի պատճառով դեռ չի օգտագործվում:

Չնայած համացանցի տարածվածությանը, այսօր գրադարանն ընթերցողների պակաս չունի թե՛ դպրոցականների, թե՛ երիտասարդների և թե՛ թոշակառուների շրջանակներում: «Դպրոցականները վերցնում են դպրոցական ծրագրով նախատեսված գրքեր, իսկ երիտասարդների և ուսանողների մեծ մասը նախընտրում է ավելի թեթև և ժամանակակից գրականություն: Թոշակառուներ նույնպես կան ընթերցասերների մեջ:  Շատ ընթերցողներ էլ հաճախ այստեղ են գալիս համացանցից վերցված գրքերի ցանկով կամ որևէ մեկի խորհրդով»,- նշում է գրքերի հայկական բաժնի գրադարանավարուհի Անահիտ Զաքարյանը:

Ըստ գրադարանի հայերեն և ռուսերեն լեզուներով գրքերի բաժնի վարիչ Անահիտ Դադասյանի՝ գիրք ընթերցողներ միշտ էլ կլինեն:  «Վստահ կարող եմ ասել, որ նույնիսկ հիմա ընթերցողների թիվն ավելի է շատացել: Էլեկտրոնային գրքերն այսօր մեծ տարածում ունեն, քանի որ այն շատերի համար հեշտ հասանելի է: Բայց շատերի համար էլ ավանդական գիրքը մնում է անփոխարինելի»,-ասում է նա և ավելացնում, որ ցավոք շատ պահանջված գրքեր կան, որ բացակայում են գրադարանում:

Գրադարանը նոր գրքերով համալրվում է հիմնականում դրա համար նախատեսված գումարով՝ ԱՀ գործող միակ գրախանութից:

Բաժնի վարիչ Անահիտ Դադասյանի խոսքերով՝ գրադարանի գրքերի հիմնական մասը հին է: Նոր գրքեր՝ հատկապես մասնագիտական, դժվարությամբ են ձեռք բերվում. «Մասնագիտական գրքերը թանկ արժեն: Հատկացված գումարի սահմաններում ամսվա մեջ միայն այդպիսի 3-4 գիրք կարող ենք գնել՝ յուրաքանչյուրից հիմնականում մեկ օրինակ, որը ստիպված թողնում ենք ընթերցասրահում»:

Նվիրատվություններ առանձին անձանց կամ կազմակերպությունների կողմից հազվադեպ են լինում՝ մեկ-երկու գրքի տեսքով:  Աշխատակիցների պնդմամբ՝ կան գրողներ, որոնք գիրք հրատարակելու դեպքում գոնե մեկ օրինակ չեն տրամադրում գրադարանին, նախընտրում են վաճառել:

Գրադարանի աշխատողների համար մտահոգիչ է գրքերի նկատմամբ ընթերցողների վատ վերաբերմունքը: «Լինում են ընթերցողներ, որ գիրքը տանում են և վնասված վիճակում հետ վերադարձնում՝ հաշվի չառնելով, որ դրա հետևանքով հնարավոր է, որ եկող սերնդին չկարողանանք տրամադրել ամբողջական գիրքը», ասում է Անահիտ Զաքարյանը:

Հաճախ գրադարան այցելում են տարբեր երկրներից Արցախ ժամանած զբոսաշրջիկներ, հետաքրքրվում գրադարանին վերաբերվող զանազան հարցերով, և վերջում էլ, գրադարանավարուհի Անահիտ Եպիսկոպոսյանի խոսքերով, նկարվում «Գրադարանային հնության հետ»: Ասում են, որ ուրիշ ոչ մի երկրում չեն հանդիպել նման պայմանների: Մտահոգվում են ու հետաքրքրվում՝ արդյոք աշխատանքներ չեն տարվելու գրադարանում նորմալ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: «Որտեղից որտեղ են մտածում մեր գրադարանի մասին »,- կատակում է տիկին Անահիտը:

Համագործակցություն ԱՀ, ՀՀ և այլ երկրների գրադարանների միջև չկան. «Վերջերս հրավեր էինք ստացել մեկնել Ս. Պետերբուրգ տեղի քաղաքային գրադարանի հետ համագործակցելու համար: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք գնալ»,- ասում է տնօրենը: Գրադարանի աշխատողների խոսքերով՝ համագործակցություն գյուղական և քաղաքային գրադարանների հետ նույնպես չկա, որը հիմնականում պայմանավորված է ֆինանսական միջոցների բացակայությամբ: Վերջիններս երբեմն մասնակցում են գրադարանում իրակացվող միջոցառումներին:

Այն հարցին, թե ինչպիսին կցանկանային տեսնել գրադարանը մի քանի տարի անց, Անահիտ Զաքարյանը պատասխանում է. «Ժամանակակից համապատասխան սարքավորումներով նորակառույց գրադարան, նաև հարուստ և զարգացած էլեկտրոնային ընթերցասրահ»:

21 տարեկանից գրադարանում աշխատող Անահիտ Եպիսկոպոյանը սերտորեն կապված է իր աշխատանքին: Գրադարանը իր երկրորդ տունն է համարում, իսկ գրքերը՝ իր հարազատներն ու բարեկամները: Գրքերի հանդեպ վատ վերաբերմունը խոր ցավ է պատճառում նրան: 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող կինը իր պատգամն ունի բոլոր արցախցի ընթերցողներին՝ ավելի շատ գրքեր կարդալ. «Սիրեք և գնահատեք «մեր բարեկամներին»: Գրքերը տալիս են գիտելիք: Նրանք զարգացնում են մարդու մտահորիզոնը, երևակայությունը, ընդլայնում նրա աշխարհայացքը, օգնում են նաև զարգացնել անհատականությունը: Գիրքը ձեր ամբողջ կյանքի ուղեկիցը դարձնելով՝ դուք միշտ կարող եք օգնել ինքներդ ձեզ և ուրիշներին»: Չընթերցողներին էլ խորհուրդ է տալիս համակարգիչներով աչքերը վնասելու փոխարեն զբաղվել ընթերցանությամբ: Քանի որ ընթերցանությունը մարդու համար ժամանակը լավագույնս օգտագործելու հնարավորություն է:

                                                                                                                                                 Անի Հովհաննիսյան

 

1