Հանուն  համամարդկային արժեքների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Հանուն  համամարդկային արժեքների

Հանուն  համամարդկային արժեքների

Յուրաքանչյուր պոռթկում իր մեջ պարունակում է անկեղծություն և ազնվություն: Միայն ազնիվ մարդն է, որ կարող է պոռթկալ՝ տուրք չտալով ճղճիմ հաշվարկների և «առ ու ծախի»: Նույնն է մարդկային հավաքականությունների պարագայում: Ապստամբությունները, հեղափոխություններն այն կիզակետային անկյունադարձերն են, որտեղ մի պահ յուրաքանչյուր ոք մաքրվում է և հանուն մարդկային արժեքների, հանուն ազատության իր ուսերին կրում համամարդկային արժեքներին ծառայելու ծանր բեռը:

Ազնվությունն ու առաքինությունը յուրաքանչյուր հեղափոխության հիմնաքարերն են: Իհարկե, լինում են դեպքեր, երբ պատեհապաշտները նենգաբար  օգտվում են հանրության ազնվությունից և փորձում շեղել ապստամբության ուղին, սակայն ասպետականությունը միշտ մնում է հիշատակման արժանի և փառքի է արժանանում: Ինչպես Դանիել Վարուժանն է ասում.

Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին:

Հայ իրականության մեջ փետրվար ամիսը նշանավորվում է երեք կարևոր իրադարձություններով որոնք ըստ էության արտացոլում են հայի ապստամբ հոգին, և որոնք կարելի է համարել հեղափոխություններ՝ 451թ. Վարդանանց պատերազմ, 1921թ. փետրվարյան ապստամբություն և 1988թ. Արցախյան շարժում: Այս երեք իրադարձություններն իրենց մեջ պարունակում են ազատության համար պայքարի առաքինի խորհուրդը, որը համամարդկային արժեք է և ապացուցում է հայ ժողովրդի կամքը համաշխարհային մակարդակում իր դերը հաստատելու առումով:

Ահա թե ինչ արժեք է պարունակում 1988թ. Արցախյան շարժումը: Արցախյան շարժման շնորհիվ հայ ժողովուրդը հնարավորություն ունեցավ հայտ ներկայացնել և ստանձնել առաքելություն՝ համամարդկային արժեքներ կրելու հայտ: Առաքելություն՝ մեկ անգամ ևս իր լուման ներդրելու համար մարդկային վեհ արժեքների կերտման մեջ:

Տեղին է հիշել այն օրերի հասարակության մեջ տիրող մթնոլորտը: Այն  մթնոլորտը, որտեղ տիրում էր միասնությունն ու անշահախնդրությունը: Հասարակության մեջ հակադրություններն անհետացել էին, իսկ ազնիվ մարդն ու հասարակության մեջ ոչ բարի համբավ վայելողը կողք-կողքի ազնվորեն պայքարում էին հանուն ազատության: Այդ պահերը չեն կարող մոռացվել: Չեն կարող մոռացվել ոչ միայն մեզ մոտ, այլ այն արժեքների կերտման հոլովույթում, որոնք կոչվում են համամարդկային արժեքներ:

Ահա թե ինչ արժեք է պարունակում իր մեջ հեղափոխական ոգին: Բոլոր նրանք, ովքեր մեր օրերում արժևորում են Արցախյան շարժման տարիների առաքինի մթնոլորտը և հասարակական անկեղծությունը, չեն կարող տուրք տալ նեոլիբերալիստական նկրտումներին, որոնք քողարկվում են քաղքենիության քարոզմամբ, կայունության պահպանման լոզունգների ներքո:

Հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման, Հայաստանի և, ի մասնավորի, Արցախի Հանրապետության զարգացման ու բարգավաճման համար հարկավոր են ըմբոստ ոգիներ, իսկ եթե կուզեք՝ խենթեր: Ըմբոստների և խենթերի որդեգրած ճանապարհը անշրջելի է: Միայն հեղափոխական, թռիչքային քայլերով կկարողանանք դիմագրավել մեր դեմ հանդիման եղած բազում և բազմաբնույթ մարտահրավերներին: Արցախյան շարժման 30-ամյակը թող լինի խիզախ ոգիներին հարգանքի տուրքի մատուցման պահ:

«Ապառաժ»-ի խմբագրական 15 փետրվար 2018թ.

1