Հայ մնալն Անգլիայում գերխնդիր է. Արմանդ Աբրամյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայ մնալն Անգլիայում գերխնդիր է. Արմանդ Աբրամյան

Հայ մնալն Անգլիայում գերխնդիր է. Արմանդ Աբրամյան

Անգլիայի հայ համայնքի պատմության, հիմնախնդիրների ու ապագա տեսլականների մասին Լոնդոնի Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիր Արմանդ Աբրամյանը զրուցում է <<Ապառաժ>>-ի թղթակցի հետ:

Հայերը Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում հայկական համայնքներ ստեղծվել են XIX դարի 30-ական թվականներին՝ Լոնդոնում, Մանչեստրում և Լիվերպուլում։ Առաջին հայերն այստեղ Կոստանդնուպոլսից և Հնդկաստանից ժամանած վաճառականներն էին։ Արդեն 1870-ին Մանչեստրում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Երրորդություն)։ Մեծ Բրիտանիայի հայ գաղութը ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր։ XX դարի 60-70-ական թվականներին հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից և Եգիպտոսից։

Անգլիայում ապրող հայերի թվի մասին հստակ վիճակագրություն չկա, սակայն Լոնդոնում ապրում է շուրջ 12 000 հայ, սակայն համայնքն ընդհանրության մեջ միասնական չէ: Այսօր կան զանազան հայկական կազմակերպություններ, որոնք համագործակցում են իրար հետ:

Թեեւ Բրիտանիայում գործում է համայնքային և եկեղեցական խորհուրդ, որը կազմված է հայ ազգային կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների 17 ներկայացուցիչներից, սակայն այն չի հանդիսանում Անգլիայում ապրող հայերի ղեկավար մարմինը:

Նոր հոսք դեպի Անգլիա չկա, այդ պատճառով համայնքը գնալով փոքանում է: Իսկ Լոնդոնում ապրող հայերը տարիների ընթացքում ձուլվում են: Երիտասարդները իրար հետ անգլերեն են խոսում: Այսօր միայն տանը հայերեն խոսելը բավարար չէ լեզուն պահպանելու համար: Տան դռնից այն կողմ անգլերեն ու անգլիական միջավայրն է սկսում: Եթե Իրանում ապրող հայերը կարող էին պարսկերեն լավ չիմանալ, ապա Անգլիայի պարագայում չես կարող առաջադիմել, եթե անգլերեն լեզվին լավ չտիրապետես: Դա է նաեւ պատճառը, որ հայերեն լեզվի օգտագործումը կորցրել է իր կարեւորությունը:

Լոնդոնում գործում է երկու շաբաթական դպրոց, որոնցից մեկը հիմնադրվել է 1984 թվականին՝ լոնդոնահայ բարերարների նյութական օժանդակությամբ։ Դպրոցում սովորում է 3-17 տարեկան 150 աշակերտ։ Իսկ  Գևորգ Թահթայանի անունը կրող կիրակնօրյա ազգային վարժարանի ծրագիրը ներառում է հայոց լեզու, պատմություն, մշակույթ առարկաները: Շաբաթվա մեկ օրը հայկական միջավայրում անցկացնելը շատ բան չի տալիս, բայց ոչնչից ավելի լավ է:

Այսօր հայ մնալն Անգլիայում գերխնդիր է: Հույս ունեմ, որ նոր սերունդը կհամախմբի Լոնդոնում ապրող հայությանը:

Լոնդոնի Հայ մարմնակրթական ընդհանուր միություն /Հ.Մ.Ը.Մ./

Հայ ավանդական կուսակցություններից ներհամայնքային կյանքում ակտիվ դեր ունի ՀՅԴ-ն` իր կից կառույցներով, մասնավորապես՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության, որի հիմնադրման ակունքները համընկել են Պարսկաստանում ապրող հայերի համալսարանական տարիների հետ:

1979 թվականին Իրանի <<Արարատ>> կազմակերպության սկաուտական միության մի խումբ՝ խմբապետներով Անգլիա եկանք ուսանելու: Քույրս արդեն իսկ ապրում էր Լոնդոնում եւ նամակներում միշտ պատմում էր Լոնդոնի <<Հայ Տուն>>-ի մասին: Լոնդոն ժամանելուց մեկ ամիս անց  այցելեցի այդտեղ եւ տեսա երեք սեղանների շուրջ նստած մարդկանց: Մի սեղանի շուրջ զրուցակիցները խսում էին թուրքերեն, 2-րդի շուրջ՝ անգլերեն, 3-րդի շուրջ՝ արեւմտահայերեն: Հասկացա, որ այդ տունն այնքան էլ հայկական չէ. անհրաժեշտ է հիմնել մի միություն, որը կհամախմբի Լոնդոնում ապրող հայությանը:

Միության անդրանիկ վայրը մեր ընկերներից մեկի տունն էր: Հանդիպում-ժողովների օրը՝ շաբաթ-կիրակին: Այդ ընթացքում ես միացել եմ Լոնդոնի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբին, եւ Անգլիայով մեկ իրիկունները Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր էինք ցուցադրում: Հերթական ֆիլմի ցուցադրության ժամանակ հանդիպեցի այլ իրանահայ երիտասարդների, որոնք հետագայում միացան մեր <<տնային>> ժողովներին:

Թեւ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում էինք հայկական պարահանդեսներ, սակայն ազգային կյանքը բացակայում էր Լոնդոնում: Ժողովների ընթացքում որոշեցինք սկաուտական աշխատանքներ սկսել: Հայտարարություն տարածեցինք, եւ առաջին նիստին ներկայացան 20-30 հոգի, որոնք սկաուտական անցյալ ունեին եւ հետաքրքրված էին նախաձեռնությամբ: Այդպես հիմնադրվեց Անգլիայի սկաուտական միությունը:

Քիչ ժամանակ անց բավականին հաջողություն ունեցանք: Այդ շրջանում Պարսկաստանի հեղափոխության պատճառով բավական մեծ թվով գաղթողներ են եկան Անգլիա: Աշխատանքները արագ թափ ստացան, ընտրություններ ունեցանք եւ ընտրեցինք գերագույն մարմին:

Դաշնակցության ուղեգծով եւ գաղափարախոսությամբ ծավալած աշխատանքների արդյունքում՝ երկու տարի անց միության անդամների թիվը հասավ 200-ի, մի քանի տարի անց՝ 400-ի:

1982-ին պաշտոնապես միացանք Հ.Մ.Ը.Մ.-ի կառույցին, որպես միության 50-րդ մասնաճյուղը: Հ.Մ.Ը.Մ-ն նոր շունչ տվեց եւ էլ ավելի ամրացրեց մեր միությունը:

Հ.Մ.Ը.Մ-ն Անգլիայում գործող միակ կազմակերպությունն է, որը 38 տարի շարունակ կանոնավոր աշխատանքներ է տանում: Ցավոք, վերջին տարիներին անդամների թիվը պակասել է: Այսօր միությունն ունի 200 անդամ:

Լուսինե Թեւոսյան

1