Հայ կոչվելու համար պարտադիր չէ հայկական անձնագիր ունենալ. արաբ գրող
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ կոչվելու համար պարտադիր չէ հայկական անձնագիր ունենալ. արաբ գրող

Հայ կոչվելու համար պարտադիր չէ հայկական անձնագիր ունենալ. արաբ գրող

Օրերս Արցախում էր լիբանանցի գրող, հրատարակիչ, բազմազգ մշակույթի ջատագով մտավորական, հայասեր Նաժի  Նաամանը: Նաժի Նաամանն ունի 20-ից ավելի հրատարակված, հայ ժողովրդի մասին պատմող գրքեր, որոնցում արտացոլված է գրողի սերը հայ ժողովրդի պատմության, մշակույթի ու արվեստի նկատմամբ: Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով լույս է տեսել գրողի՝ «Հարյուր…եւ ցեղասպանությունը շարունակվում է» գիրքը, որի շնորհանդեսով Լիբանանում սկսվել են 100-ամյակի միջոցառումները: Նաամանի նշանաբաններից է՝ «Մշակույթը չի կարող գնվել կամ վաճառվել», կամ՝ «Ազատ և բաց մշակույթը խաղաղություն է կերտում»:

 

 «Ապառաժ»-ի խմբագրությունը նախօրեին հյուրընկալեց անվանի գրողին:

 

Ձեր գրքերում եւ ստեղծագործություններում մեծ սեր ու ակնածանք է արտահայտված հայ ժողովրդի հանդեպ: Ինչպե՞ս ծնունդ առավ Ձեր  հետաքրքրությունը հայության հանդեպ:

 

— Հայության հանդեպ իմ հետաքրքրությունը սկսվեց դեռ պատանեկությունից: Այն թաղամասում, որտեղ ես ապրում էի, շատ հայ ընկերներ ունեի: Նրանց հետ շփելու ընթացքում տարբեր մտքեր էինք փոխանակում: Ինձ մոտ սկսվեց հետաքրքրություն առաջանալ հայերի հանդեպ: Հետո իմացա որոշ պատմական տեղեկություններ, ծանոթացա ցեղասպանության խնդրին: Համալսարանական տարիներիս խորացրի գիտելիքներս: Սկսեցի ուսումնասիրել Մերձավոր Արեւելքում բնակվող ազգային փոքրամասնություների պատմությունները, այդ թվում՝ հայերինը` ավելի խորը կերպով, քան` մյուսներինը: Հետագայում՝ 1979 թվականին, ես հիմնեցի իմ հրատարակչությունը, եւ այնպես եղավ, որ շենքը, որտեղ ես դա հաստատեցի, Զմմառի հայ կաթողիկե միաբանության սեփականությունն էր: Սեփականատիրոջ եւ վարձակալի հարաբերությունները վերածվեցին ընկերական հարաբերությունների: Ես սկսեցի հրատարակել նաեւ նրանց ստեղծագործությունները: Իմ հրատարակչությունում 350-ից ավելի գրքեր են լույս ընծայվել, որոնց զգալի մասը վերաբերում են հայերին կամ հայերի կողմից են հեղինակված: Դրանց շարքում են՝ Գևորգ ծայրագույն վարդապետ Եղիայանի «Օրեր և տեսիլներ», Իգնատիոս Մալոյանի «Մարդը, նահատակը և երանելին», «Քրիստոնեաները արևելքի թթխմորն ու գինին» հատորները եւ այլն:

 

Ես շատ եմ կապված հայ ժողովրդի հետ, եւ գիտեմ, որ այս ժողովուրդը հերոսական, մարտիրոս ժողովուրդ է, ունի արդարացի իրավունքներ՝ իր հող ու ջրին տեր լինելու: Նրա պայքարը արդարացի է, եւ ես իմ պարտավորությունն եմ համարում զորակցելու այդ  պայքարին: Որտեղ անիրավություն կա, մարդ արարածը պարտավոր է զորակից լինել դրա ոչնչացմանը: Եթե անիրավությունը մնում է, այն շարունակական է դառնում:  Պատահական չէ, որ ցեղասպանության մասին իմ գրքում ես նշում եմ, որ ցեղասպանությունը շարունակվելու  է այնքան, քանի ոճրագործը չի պատժվել. անպատժելիությունը ծնունդ է տալու նոր չարիքների:

 

— Ձեր հեղինակած «Հարյուր…եւ ցեղասպանությունը շարունակվում է» գիրքը, ինչպես դուք եք նշել, կոչված է Հայոց Մեծ եղեռնի մասին արաբական աշխարհին իրազեկելու: Ինչպիսի՞ արձագանք գտավ գիրքը այդ շրջանակում:

 

— Անհամեստություն չլինի` ասեմ, որ գիրքը լավագույն արաբերեն հրատարակությունն էր ցեղասպանության թեմայով, որը հենց 100-ամյակին լույս ընծայվեց Լիբանանում: Այն մեծ արձագանք գտավ Լիբանանում, հատկապես՝ արաբների շրջանում: Իսկ այն, ինչը լավագույնն է համարվում Լիբանանում, անկասկած, լավագույնն է համարվում նաեւ արաբական աշխարհում:

 

Գրքի լավագույն ընդունելության ապացույցներից է այն, որ այն ներկայացվեց մի ձեռնարկի ժամանակ, որը կայացավ Լիբանանի Ամերիկյան համալսարանում: Գրքի մասին արտահատվեցին լիբանանյան երեք հայտնի դեմքեր՝ Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելը, նախկին վարչապետ Միշել Աունը եւ կարդինալ Բեշարա Ռայը:

 

Թեեւ Լիբանանում կա մամուլի ազատություն, բայց շեշտեմ այն փաստը, որ հայկական թեմաների մասին լիբանանյան մամուլը մի քիչ զգուշավոր է, որովհետեւ վախենում են, որ կլինեն կոշտ արձագանքներ թուրքերի կողմից: Սակայն ինձ զարմանալի թվաց տեղի թուրքերի արձագանքը: Նրանք նույնիսկ, կարելի է ասել, դրական արձագանքեցին. հաճախ էին ինձ զանգահարում, հետաքրքրվում գրքով:

 

Իմ գրքում ես դիտմամբ չներառեցի որևէ հայ գործչի մտքեր կամ գնահատականներ ցեղասպանության վերաբերյալ, այլ միայն 256 միջազգային դեմքերի, 14 լեզվով, 80 իմ բարեկամների, օտարազգիների:

 

— Դուք Ձեր հարցազրույցներից մեկում արտահայտել էիք այն միտքը, որ  այսօրվա թուրքերը այն մտածելակերպով չեն առաջնորդվում, ինչ իրենց նախնիները: Ուրեմն, ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում նորօրյա սերնդին` ճանաչելու իրենց պապերի կատարածը:

 

— Առաջինը` թուրքերին պակասում է խիզախությունը՝ առերեսվելու սեփական պատմությանն ու ճշմարտությանը: Եթե նրանք ընդունեն իրենց պապերի կատարածը, առաջին հերթին իրենք հոգեկան հանգստություն կունենան, որովհետեւ մեղավորը, եթե ընդունում է իր մեղքը,  մեծ խիզախություն է: Եթե պարոն Էրդողանը ցանկանում է մտնել պատմության մեջ բարի անունով, ապա նա պետք է փոխի իր գործելաոճը՝ առաջինը ճանաչելով Ցեղասպանությունը: Այսօր դատապարտելի է նրա վարքը Իրաքում ու Սիրայում: Նա խթանում է նոր ցեղասպանությունների իրականացմանը…

 

Ցեղասպանության ճանաչումը, իհարկե, պիտի հաջորդի հատուցմամբ: Ինչպես անհնար է պատկերացնել Լիբանանն առանց մայրիների անտառների, այնպես էլ հայերի սրբազան լեռը պետք է վերադարձվի իր իրական տերերին:

 

Առաջին անգա՞մ եք Արցախում: Ի՞նչ տպավորություններ ստացաք Արցախից:

 

-Ինձ միշտ հետաքրքել է Արցախը: Ես որոշեցի Արցախի մասին տեղեկություններ իմանալ ոչ թե համացանցի միջոցով, այլ ինքս այցելել այստեղ: Կարծում եմ՝ Արցախը իրական զբոսաշրջային վայր է, եւ զբոսաշրջիկը, եթե անաչառ մարդ է, պետք է միայն լավագույնը խոսի այստեղի մասին: Կարծում եմ՝ այցս շարունակական կլինի, որովհետեւ վերադառնում եմ անասելի դրական տպավորություններով: Կարծում եմ՝ հետագայում Արցախը եւս տեղ կգտնի իմ ստեղծագործություններում:

 

Այսօր տեղի է ունենում պատերազմ հին քաղքակրթության ժողովրդի ու անքաղաքակիրթ մի երկրի միջեւ: Կիսաքոչվորները ցանկանում են քանդիչ գործողություններ իրականացնել հայկական քաղաքակրթական արժեքների դեմ: Դա անթույլատրելի է:

 

— Ձեր  ստեղծագործություններից մեկն ավարտվում է հետեւյալ տողերով՝ ես հա՛յ եմ, ես հա՛յ եմ, հայ ազգի զավակ: Սրանք սրտաբուխ խոսքե՞ր են, թե՞  Ձեր արմատներում կան հայկական շառավիղներ:

 

— Փորձել եմ իմ ապուպապերի մեջ հայկական արմատներ փնտրել, եւ պարզել եմ, որ Եգիպտոսում կա Նաաման ընտանիք: Նրանք ծագումով հայեր են, ովքեր տեղափոխվել են Դամասկոսից:  Առայժմ չեմ կարող արմատներ գտնել մեր եւ այդ տոհմի միջեւ: Կարծում եմ՝ պարտադիր չէ հայկական անձնագիր ունենաս, որպեսզի հայ կոչվես: Ես ինձ հայ եմ համարում, ես քրիստոնյա եմ, հայ ազգի զավակ: Կարծում եմ՝ Հայկական հարցը համամարդկային հարց է, եւ ես էլ ինձ համարում եմ այդ հարցի մի մասնիկը: 

Հարցազրույցը՝ Հերմինե Ավագյանի

1