Հայ ժողովրդի պատիվը բարձր պահելու առաքելություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայ ժողովրդի պատիվը բարձր պահելու առաքելություն

Հայ ժողովրդի պատիվը բարձր պահելու առաքելություն

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալու է Հայաստան-Սփյուռք 6-րդ համագումարը: Բնականաբար, ինչպես նախորդ համագումարներում, այս համաժողովի ընթացքում ևս քննարկվելու են բազմաթիվ կարևոր հարցեր, հատկապես՝ կապված այն ակնկալիքների հետ, որոնք ունեն Հայաստանի իշխանությունները սփյուռքյան կառույցներից և համայնքների ներկայացուցիչներից: Այս ամենի կողքին, բնականաբար, քարոզչական նյութ են դառնալու Հայաստանի գրանցած առաջընթացը և հաջողությունները, այլ խոսքով՝ արածն ու չարածը: Այս մասշտաբի սփյուռքյան ներկայացուցիչների համախմբումը հանդիսանում է այն բեմահարթակը, որտեղ պետք է ստեղծել այն առիթն ու հնարավորությունը, որը կամրապնդի Սփյուռքի և Հայաստանի կապերը:

Նման համաժողովներում, ինչպես միշտ, կարևորվում է նաև Արցախի դերի ու անելիքների հարցը: Հարց, որ շեշտվում է եռամիասնության գաղափարի շրջանակում: Այն ժամանակ առ ժամանակ արծարծվում է և քննարկման առարկա դառնում հատկապես սփյուռքյան կառույցների ու անհատների հետ Արցախյան իշխանությունների հանդիպումների ժամանակ:

Արցախը գաղափարական առումով առանցքային նշանակություն ունի հայկական աշխարհում ժամանակակից ազգային գիտակցության կերտման և ուղղորդման գործում: Այս դերը և նշանակությունը նախ և առաջ պարտավորեցնող է, պարտավորեցնող երկուստեք: Իսկ այդ պարտականության գիտակցված ստանձնումը զարգացման և հաջողության կարևորագույն երաշխիքն է:

ՀՅ Դաշնակցությունը, լինելով աշխարհասփյուռ կազմակերպություն և ավելի քան 35 երկրների հայկական համայնքներում, ինչպես նաև Հայաստանում և Արցախում առանցքային նշանակություն ունեցող կուսակցություն, միշտ գիտակցել է այդ կարևորագույն պարտականությունը: Այսօր, քաղաքական առումով՝ Արցախը աշխարհին ներկայացնող կարևորագույն աշխատանք են ծավալում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները:  Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով՝ նվիրված Արցախյան հիմնահարցի կարևորագույն խնդիրներին: Իսկ վերջերս Արցախում ականատեսը եղանք ՀՅ Դաշնակցության քույր միության` ՀՕՄ-ի անդամների այցելությանը, որն իմաստավորվեց «Սոսե» մանկապարտեզի նորակառույց շենքի բացման միջոցառմամբ: Եվ այս բոլորը սառցաբեկորի միայն երևացող կողմն է, միայն մի բաժինն է այն ահռելի աշխատանքի, որ տարվում է Արցախի հիմնահարցի ուղղությամբ՝ թե քաղաքական, թե տնտեսական առումով:

Ինչպես ասվում է` մեդալն ունի նաև հակառակ երեսը: Որպես Արցախյան կողմ, ի դեմս Արցախի ժողովրդի, պետական համակարգի ու հատկապես իշխանությունների՝ ոչ պակաս պարտավորություն պետք է ստանձնենք ոչ միայն Արցախի հանդեպ տածված վստահությունն ու հեղինակությունը երաշխավորելու, այլ նաև գաղափարական առաջնորդության դափնին պահպանելու գործում:

Արցախի նախագահը ևս իր երդմնակալության արարողության ընթացքում անդրադարձավ այս հարցին՝ շեշտելով. «Մենք այս երկար տարիների ընթացքում իրականացրել եւ իրականացնում ենք առաքելություն՝ ուղղված հայ ժողովրդի պատիվը բարձր պահելուն: Ապագայում նույնպես մենք անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի պատիվն եւ արժանապատվությունը բարձր պահելու համար»։

«Ապառաժ»-ի խմբագրական, 15 սեպտեմբերի, 2017թ.

1