Հայ Դատի հանձնախմբի պաշտպանությունը վայելող թեկնածուների 90%-ն ընտրվել է. Կիրո Մանոյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ Դատի հանձնախմբի պաշտպանությունը վայելող թեկնածուների 90%-ն ընտրվել է. Կիրո Մանոյան

Հայ Դատի հանձնախմբի պաշտպանությունը վայելող թեկնածուների 90%-ն ընտրվել է. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը Հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում:

 

Նա համաձայն չէ այն գնահատականներին, թե հայ համայնքն ակտիվ չէր Հայկական հարցի շրջանակներում թեկնածուների հետ աշխատելիս: Մանոյանի խոսքով` միայն նախագահական ընտրություններ չէին ԱՄՆ-ում, այլ տեղի ունեցան նաև Կոնգրեսի ընտրություններ: «Հայ Դատի հանձնախումբը պաշտպանել է 460 թեկնածուներից 130-ի թեկնածությունը` 30 նահանգից: Այդ 130-ից 90 տոկոսը ընտրվել կամ վերընտրվել է»,- հայտնեց նա:

 

Ինչ վերաբերում է համայնքի` նախագահի որևէ թեկնածուին չպաշտպանելու հարցին, Մանոյանն ասաց. «Հիլարի Քլինթոնն իր կեցվածքը ցույց տվել էր` որպես պետքարտուղար, և հետաքրքրություն չէր արտահայտել հայկական հարցերի վերաբերյալ, ուրեմն նրա վերաբերմունքը պարզ էր: Ի՞նչ վերաբերում է Թրամփին չաջակցելուն. նրա քարոզարշավի տրամաբանություններից մեկն այն էր, որ պետք չէ տուրք տալ հատուկ շահեր հետապնդող կառույցներին, նա դրա դեմ էր պայքարում, դրա մեջ էր մեղադրում իր մրցակցին: Նրանք նման կառույցների հետ աշխատելու հետաքրքրություն չունեին, բացառությամբ մեկ-երկուսի, և դա ևս պատճառ էր, որ նման աջակցություն չլինի»:

 

Հարցին, թե ի՞նչ կլինի սրանից հետո, ի՞նչ քաղաքականություն կվարի Սպիտակ տունը, Մանոյանը պատասխանեց, որ պետք է սպասել և տեսնել, թե ով կլինի Թրամփի անմիջական շրջապատում, և ի՞նչ ուղղություններով կաշխատի նա:

 

Ըստ նրա` եթե կա այն պատկերացումը, թե հայկական լոբբիստական կազմակերպություններն առաջնահերթ են համարում Ցեղասպանության ճանաչման հարցը, այդ կարծիքը ճիշտ չէ: «Այդ կազմակերպությունների համար կարևորը, Հայաստանի անկախությունից ի վեր, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների սերտացումն է` տարբեր ուղղություններով` ռազմականից մինչև տնտեսական, և այդ ուղղությամբ են նրանք իրենց աշխատանքները տանում: Բնականաբար, կա նաև Արցախի հարցը: Ցեղասպանության խնդիրը ևս ինքնանպատակ չէ: Առանձին, վակուումի մեջ գործողություններ չեն: Դա հայկական լոբբիի ուժի ազդեցության խնդիրն է. եթե ցույց տա, որ ինքն ուժեղ է, կօգտվի Հայաստանը»,- ասաց Մանոյանը:

 

Նրա խոսքով` ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները կախված են այն բանից, թե ինչպես են զարգանում ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան հարաբերությունները:

 

Ըստ Մանոյանի` Թուրքիայի վրա ճնշում գործադրելը դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: «Ճնշումներ բանեցնելու մեկ օրինակը Ցեղասպանությունն էր, հիմա բարձրաձայնվում է Թուրքիայի ներսում քրդամետ կուսակցության հարցը: Այս բոլորը քայլերը ոչ թե հակաթուրքական գործունեություն են, այլ Թուրքիայի իշխանությունների վրա ճնշում իրականացնելու ձև»,- ասաց նա:

 

Մանոյանի կարծիքով` մեզ համար մտահոգիչ պետք է լինի ԱՄՆ-Իրան հարաբերությունների խնդիրը: «Եթե հանկարծ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած քայլերը ձեռնարկի և փորձի ատոմակայանի պայմանագրի շուրջ վերսկսել բանակցություններ, դա տարածաշրջանում կստեղծի նոր լարվածություններ, ինչը Հայաստանի համար այնքան էլ օգտակար չէ»,- ասաց նա: 

1