Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը շարունակում է հայանպաստ գործունեությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը շարունակում է հայանպաստ գործունեությունը

Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը շարունակում է հայանպաստ գործունեությունը

Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող նախագիծը կմտնի խորհրդարան ու կդրվի քվերակության: Հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածից ակտիվ աշխատանք է տարել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, Մազլումյանի համոզմամբ, որոշակի քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ պահը դեռ պետական մակարդակով չի հասունացել, որպեսզի բարձրաձայն հայտարարեն դրա մասին:

Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բաքրին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով երկրի խորհրդարանին ու կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մուստաֆա Բաքրին հայտարարել է, որ պատմական փաստաթղթերը վկայում են, որ 1915-1922 թվականներին թուրք-օսմանցիները 1.5 միլիոն հայ են ոչնչացրել: Այդ փաստերը քննարկելու համար նա կոչ է արել խորհրդարանի հատուկ նիստ հրավիրել: Բաքրիի ներկայացրած նախագծի տակ ստորագրել է 337 պատգամավոր:

«Իսկ հայ ժողովրդի համար կարևոր մյուս հարցի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Եգիպտոսն ընդհանրապես չեզոք դիրք է որդեգրել: Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերությունները նույնպես լավ մակարդակում են, այդ պատճառով հավասարակշռված քաղաքականություն է վարում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց Մազլումյանը՝ հավելելով, որ իրենց հիմնական աշխատանքը լրատվության և մտավորականության աշխարհի ներկայացուցիչների հետ համագործակցելն ու Հայաստանին ծանոթացնելն է: Հայ դատի հանձնախմբի ջանքերով տարին երկու անգամ փորձում են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտավորականների այցելություններ կազմակերպել դեպի Հայաստան: «Օրինակ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին քաղաքականության, մտավորականության, ԶԼՄ-ների, արվեստի 55 ներկայացուցիչներ էին եկել Հայաստան»,- նշեց նա:

Մազլումյանի տեղեկացմամբ՝ այժմ արաբերեն լեզվով երկու ֆիլմ են պատրաստում Հայաստանի մասին: Ֆիլմերը պատմելու են Հայաստանի, հայ ազգի և մեր երկրում զբոսաշրջության մասին: Այն կլինի արաբական աշխարհի համար, սակայն կներկայացվի նաև Հայաստանում:

«Այժմ ընթանում են դրանց մոնտաժային աշխատանքները, շուտով կավարտվեն, վերջնական տեսքի կբերվեն: Ֆիմերն աշխարհին են ներկայացնում Հայաստանը, հայ ժողովրդին, երկրի զբոսաշրջային հնարավորությունները: Ֆիլմերից մեկի սցենարի հեղինակը երեք անգամ այցելել է Հայաստան, նա եգիպտացի է ու գրել է գիրք, որն այժմ ֆիլմի կվերածվի: Գրողի անունը Մուհամեդ Մանդուր է»,- հավելեց նա:

Մազլումյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի արաբերեն նկարահանել էին «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմը, որի հեղինակներ Մոհամեդ Հանաֆի Նասրն ու Միրիամ Զաքին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել են 2015 թվականի պետական մրցանակի:

1