Հայ դատը շանս կտա Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ դատը շանս կտա Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահին

Հայ դատը շանս կտա Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի նշանակումը չի ենթադրում ԱՄՆ Սենատի կողմից նրա թեկնածության հաստատում, ինչպես արվում է ԱՄՆ դեսպանների նշանակման պարագայում՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր ժամանակավոր համանախագահի նշանակմանը:

2017թ. հունվարից ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը ստանձնել է դեսպան Ռիչարդ Հոգլանդը՝ փոխարինելով Ջեյմս Ուորլիքին: Հոգլանդը փորձառու դիվանագետ է, ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ: 2006թ. Հոգլանդը ԱՄՆ նախագահի կողմից առաջադրվել էր որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու, սակայն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի հաստատել նրա թեկնածությունը: Այն ժամանակ վետոյի իրավունքից օգտվել էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ նշելով, որ Հոգլանդը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, ուստի չի կարող ներկայացնել Միացյալ Նահանգների շահերը Հայաստանում:

Խոսելով հարցի մասին՝ Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, որ հանրությունը, իհարկե, գիտի նրա անցյալի մասին, բայց Հայ դատի հանձնախումբը ուզում է հնարավորություն տալ Ռիչարդ Հոգլանդին դրական դեր խաղալու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

– Պարոն Մանոյան, Հայ դատի հանձնախումբը բոյկոտելո՞ւ է Հոգլանդի նշանակումը, փորձելո՞ւ է հասնել նրան, որ Սենատը կրկին վետո կիրառի նրա նկատմամբ: Նա կհաստատվի՞ այդ պաշտոնում:

– Մինսկի խմբի համանախագահ լինելը չի ենթադրում Սենատի կողմից հաստատման կարգ, դրա համար էլ նման խնդիր չկա: Նա արդեն ստանձնել է պաշտոնը, և արդեն տեսանք համանախագահների առաջին հաղորդագրությունը: Ինչքանով է նա դերակատար այդ հայտարարության մեջ՝ չգիտեմ, բայց մենք այդ հայտարարությունից տեսանք դժգոհությունը մեզ մոտ:

– Ձեր կարծիքով՝ Հոգլանդի գործոնը ազդե՞լ է հայտարարության շեշտադրումների վրա:

– Չեմ կարող ասել՝ որքանով է ազդել, բայց փաստ է, որ ինքը մասնակցել է, թեև այնպես չի, որ միայն ինքն է այդ հաղորդագրությունը գրել, կամ միայն ինքն է պատասխանատու այդ հայտարարության համար: Կան ևս երկու համանախագահներ, որոնք ներկայացնում են իրենց երկրները:

Իսկ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արդեն անդրադարձել է այդ հարցին. հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ պարզ է՝ գիտենք իր անցյալի մասին, և հանրությունն էլ գիտի, բայց մենք ուզում ենք իրեն հնարավորություն տալ, որպեսզի նա դրական դերակատարություն ունենա Արցախի հարցի կարգավորման մեջ, որովհետև, նախ, բավական փորձառու դիվանագետ է և իրականության մեջ ընդամենը ժամանակավոր համանախագահ է լինելու, բայց այդ ընթացքում, ըստ Արամ Համբարյանի, հույս ունեն, որ դրական դերակատարություն կունենա:

– Դեսպանի անձնական հայացքները, առանձնահատկությունները, Ձեր գնահատմամբ, կազդե՞ն Մինսկի խմբում ամերիկյան քաղաքականության կամ մոտեցումների վրա, թե՞ այնքան էլ մեծ նշանակություն չունի՝ Ուորլի՞քն է ամերիկացի համանախագահը, Հոգլա՞նդը, թե՞ մեկ այլ դիվանագետ:

– Պարզ է, որ մարդկային գործոնը կարևոր դերակատարություն ունի: Այնպես չէ, որ հատկապես այս օրերին Միացյալ Նահանգների ղեկավարությունը նստել և ասում է, թե ով ինչ պիտի ասի Արցախի հարցում: Ընդհանուր գծերն իրենց մոտ պարզ են, բայց թե ինչ է օրական արվում այդ ընդհանուր գծերի շրջանակներում, ինչ քայլեր են ձեռնարկվում և ինչ հայտարարություններ են արվում՝ դա արդեն համանախագահողների դերակատարությունն է: Ռոբոտ չեն իրենք: Բնական է, որ մարդկային գործոնը դերակատարություն ունի:

– Հոգլանդի նշանակումը ամերիկյան կառավարության փոփոխության հե՞տ էր կապված, թե՞ պարզապես ավարտվել էր Ուորլիքի պաշտոնավարման ժամկետը, և հիմա նշանակվել է նոր համանախագահ:

– Ուորլիքի ժամկետն ավարտվել էր, կարող էին երկարաձգել, բայց փաստորեն ո՛չ Թրամփն է ցանկանում դա, ո՛չ էլ Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը մեծ ցանկություն ուներ, բայց տեսնենք՝ հիմա ինչ կլինի, երբ նոր վարչակազմը գա իշխանության:

– Շատ հետաքրքիր է Ձեր գնահատականը նաև Մինսկի խմբի վերջին հայտարարության մասին: Շատ փորձագետների կարծիքով՝ այն զգալիորեն տարբերվում էր նախորդներից և այնքան էլ օբյեկտիվ չէր: Նախորդ դեպքերում, օրինակ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, համանախագահները հասցեական գնահատականներ չէին տալիս մարդասիրական իրավունքի խախտումների մասին: Սա նշանակում է, որ ինչ-որ փոփոխությո՞ւն է եղել համանախագահող երկրների քաղաքականության մեջ, թե՞ առայժմ չարժե նման եզրակացություն անել:

– Կարծում եմ՝ առայժմ չարժե նման եզրակացություն անել, թե երկրների քաղաքականության մեջ փոփոխություն կա, բայց որ համանախագահների պահվածքի մեջ փոփոխություն կա՝ դա փաստ է: Եվ հետաքրքիր է, որ այնքան ծուռ է իրենց հայտարարությունը, որ իրենք ուղղակի անտեսում են նաև այն փաստը, որ սա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղի ունեցած հրադադարի խախտում չէ, այլ գործողություն անկախ ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ նրանք անտեսել են նաև այդ փաստը: Թե իրենք ինչ գործ ունեն այդ հարցում՝ վստահ չեմ, որ դա իրենց է վերաբերում, այսինքն՝ Տավուշի շրջանի վրա հարձակվելը Ղարաբաղի հարցի կարգավորում չէ, իսկ իրենք ընդհանրապես նշանակված են ոչ թե հայ-ադրբեջանական հարցերը լուծելու, այլ Արցախի հարցը կարգավորելու համար:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

1in.am

1