Հայրենիքի պաշտպանությունն ու ապագայի նկատմամբ պատասխանատվությունը ստանձնածները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայրենիքի պաշտպանությունն ու ապագայի նկատմամբ պատասխանատվությունը ստանձնածները

Հայրենիքի պաշտպանությունն ու ապագայի նկատմամբ պատասխանատվությունը ստանձնածները

Ամեն օր ժամը  7:00-ին` վերկաց, առավոտյան մարզանք՝ ձմռանը 20 րոպե, եղանակային տաք պայմաններում՝ 30, լվացվել, անկողինների հարդարում, նախաճաշ, առավոտյան ստուգում, ժամը 9:00-ից մինչև 14:00՝ դասաժամեր: 15:00-16:00 հանգստի ժամն է, ապա՝ ինքնապատրաստման, երեկոյան՝ մարզական խմբակները: Այսպես է անցնում 2001 թվականից Ստեփանակերտում գործող Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանի 107 սաների առօրյան, որոնցից 17-ը՝ աղջիկ։

Ռազմական վարժարանի պետ Վահրամ Հակոբյանի այցը Մոսկվայի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան վճռորոշ եղավ վարժարան՝ աղջիկների ոտք դնելու հարցում։ Այդպես, կազմակերպվեց աղջիկների առաջին ընդունելությունը: Առաջին տարվա համար վարժարան ընդունվեցին 3 աղջիկներ, որոնցից մեկը հետագայում թողեց ուսումը, մյուս երկուսն արդեն մտածում են ռազմական բարձրագույն կրթության մասին:

«Այն, որ աղջիկներից մեկը կարճ ժամանակ անց թողեց ուսումը՝ և՛ լավ է, և՛ վատ: Լավ է այն առումով, որ երեխան բավական արագ կողմնորոշվեց և հասկացավ, որ «ռեժիմային» կյանքն իր համար չէ, և իզուր ժամանակ չկորցրեց: Վատ է այն իմաստով, որ նման անհաջող փորձը, այնուամենայնիվ, սթրես է երեխայի համար: Շատ կուզենայի հնարավորինս խուսափել նման դեպքերից: Քանի որ մեր վարժարան գալիս են որպես ավագ դպրոց. պետք չէ մոռանալ, որ գործ ունենք բավականին խոցելի տարիքային խմբի սաների հետ», — բացատրում է Վ. Հակոբյանը:

Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում ընդունելությունը կատարվում է  9-րդ դասարանից սկսած՝ ավագ դպրոցի սկզբունքներով: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրերի բազայի վրա, որին ավելանում են նաև խիստ մասնագիտական մի շարք առարկաներ:

Սաներն ուսումնարանում լինում են շաբաթական 6 օր: Շաբաթ օրը՝ կեսօրից հետո գնում են տուն ու վերադառնում հաջորդ երկուշաբթի՝ առավոտյան մարմնամարզությունից առաջ: Վարժարանում առայժմ գիշերում են միայն տղաները: 11 աղջիկ սաների համար այս պահին անհրաժեշտ հարմարություններ ապահովել են միայն միջօրեի հանգստի համար. գիշերակացի հարցը, հուսով են, կլուծվի արդեն մյուս տարի:

Քրիստափոր Իվանյանի անունը կրող ռազմական վարժարանի թվով 78 շրջանավարտներ այսօր ուսադիրներով ծառայում են հայկական բանակի շարքերում,  թվով 114 շրջանավարտներ սովորում են Հայաստանի եւ արտերկրի տարբեր բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում։ «Հայրենիքի ապագա պաշտպաններ պատրաստելը եւ կրթելը մեծ պատասխանատվություն է»,- շեշտում է Վ․Հակոբյանը։

Զինվորական համազգեստ հագնելն ամենամեծ երջանկությունն է

Սվետլանա Ասրյանին զինվորական համազգեստ հագնելու երազանքն է հասցրել ռազմական վարժարան։ Որոշման ընդունման հարցում կարեւոր դեր է խաղացել նաեւ Ապրիլյան պատերազմի ընթացքում եղբոր վիրավորվելու հանգամանքը։ Սվետլանայի երազանքն այդ օրերին դարձել է նպատակ։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորն էին առաջնագծում՝ հայրենիքը պաշտպանելու նպատակով, իսկ ես ոչնչով օգտակար չեղա։ Հասկացա, որ եթե, Աստված մի արասցե, ապագայում եւս պատերազմ բռնկվի, ես նորից կհայտնվեմ դիտորդի դերում։ Այդ փաստի հետ չէի կարող համակերպվել»,- ասում է Սվետլանան։

Ծնողների համաձայնությունն ստանալն ամենադժվարն էր։ Փաստի առաջ է կանգնեցրել ընտանիքին՝ կամ ուսումը շարունակելու է ռազմական վարժարանում, կամ էլ՝ ոչ մի տեղ։

«Որոշ հաջողություններ գրանցելուց հետո ծնողներս մեղմացան, հասկացան, որ իրենց աղջիկը տարբերվում է մյուսներից. ընդունեցին,- Սվետլանայի դեմքին ուրվագծվեց երջանիկ ժպիտ՝ հիշել էր պապիկի նախատումը՝ «Հեզիկ-նազիկ աղջիկները սեւ-սպիտակ հագուստ են հագնում, դու՝ զինվորական բոտինկաներ»,- Ա՜խր զինվորական համազգեստ հագնելն ամենամեծ երջանկությունն է ինձ համար։ Ռազմական վարժարանն ավարտելուց հետո ուսումս շարունակելու եմ բարձրագույնում՝ համազգեստից չբաժանվելու համար»։

Ասում է, որ վարժարանն ու դպրոցը երկու բեւեռներ են։ Այստեղ սաները վատ սովորելու տարբերակ չունեն։ Բոլորն ունեն նպատակ, որը պահանջում է առաջադիմություն բոլոր առարկաներից, բոլոր ասպարեզներում։

«Դպրոցում դասերին մեծ ուշադրություն չէի դարձնում, իսկ այստեղ գերագույն նպատակը կարծես թե մոտիվացնում է ինձ»,- անկեղծանում է նա։

Արտաքուստ նուրբ Սվետլանայի բնավորությունը եւս մեղմ է, սակայն նշում է, որ նպատակասլացությունն է օգնում հաղթահարել դժվարությունները՝ ֆիզիկական վարժությունները։

Երկուշաբթիից մինչև շաբաթ Սվետլանան ռազմական վարժարանում է, դասերից հետո շտապում է պարի եւ գորգագործության խմբակներին․ «Այսօր տղաների եւ աղջիկների միջեւ չկան խտրականություններ։ Հայրենիքը հզորացնելու եւ ամուր պահելու խնդիր ունենք. պետք է համախմբվենք եւ մեկ բռունցք դառնանաք՝ մեկս մյուսի թիկունքին, մեկս մյուսի կողքին»,- ասում է պատանի զրուցակիցս։

Բոլորս մի ընտանիք ենք

Սյուզաննա Միրզոյանը երբեք ցանկություն չի ունեցել ուսումը շարունակել ուժային հաստատությունում։ Ռազմական վարժարան է ընդունվել Արցախյան պատերազմի մասնակից եւ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր հայրիկի խորհրդով։

«Հայրիկս հաճախ էր պատմում պատերազմական օրերի մասին: Ասում էր, որ իսկական ընկերներին ձեռք է բերել հենց այդ օերին՝ մի խրամատում նստած, ցուրտ ու մութ, սոված ու ծարավ օրերին։ Այդ պատմություններն ինձ գերեցին, ցանկություն առաջացրին՝ ապրել այդ օրերը»,- ասում է երկրորդ կուրսի սանը։

Խոսելով վարժարանի առօրյայի մասին՝ նշում է, որ այստեղ սաներն իրենց մեջ ունեն չգրված կանոններ՝ աղջիկները տղաների փոխարեն հարդուկն են անում, տղաներն էլ իրենց հերթին օգնության ձեռք են մեկնում աղջիկներին եւ մեծ եղբոր պես միշտ իրենց թիկունքին են։

«Այստեղ բոլորս մի ընտանիք ենք՝ վարժարանի պետից սկսած մինչեւ սան»,- նշում է Սյուզաննան։

Ի տարբերություն Սվետլանայի՝ Սյուզաննան կարոտում է քաղաքացիական հագուստը։ Վարժարանի կանոններից չի համակերպվում միայն՝  սանին վայել չէ շպարով զինվորական համազգեստ հագնել կանոնի հետ։

«Ի վերջո, աղջիկ եմ։ Ես էլ եմ ուզում աղջկական շորերով գնամ դասի»,- անկեղծանում է ռազմական բժիշկ դառնալու նպատակ ունեցող Սյուզաննան։

Սիրում եմ իմ առաջ խնդիր դնել ու հասնել լուծման

«Կյանքս վերածվեց մեծ տոնի, երբ իմացա, որ ռազմական վարժարանում ընդունում են նաեւ աղջիկների,- ասում է Լենա Ամիրխանյանը, ում ընտանիքը 2013 թվականին է որպես վերաբնակիչ հաստատվել Արցախի Քաշաթաղի շրջանում,- մայրիկս երբեք դեմ չի եղել իմ որոշումներին։ Վստահ է եղել իմ ուժերի վրա»։

Ռազմական վարժարան Լենայի ընդունվելու որոշումը անհարմարություն է պատճառել միայն քրոջը, ով ստիպված է եղել բարձրագույն ուսումը շարունակել Արցախի պետական համալսարանում։ Այսօր քույրերը վարձով ապրում են Ստեփանակերտում։

«Առաջին օրերին դժվար էր միայն այն իմաստով, որ ես նոր էի տեղափոխվել Արցախ ու բարբառի հետ կապված խնդիր կար. շատ ժամանակ չէի հասկանում, թե ինչ են ասում ինձ։ Նաեւ մթնոլորտն էր անծանոթ՝ 15 հոգանոց կուրսում միայն երկու աղջիկ էինք»,- պատմում է Լենան ու նշում, որ որոշ ժամանակ անց բոլորն իրար որպես քույր ու եղբայր էին համարում։

Լենայի կյանքում հակասող ու նուրբ համընկնումներ շատ են եղել․ յոթ տարի հաճախել է դաշնամուրի, բայց տարբեր մարտարվեստներ եւս գրավել են իրեն։ Նկարում ու բանաստեղծություններ է գրում, բայց ընդունվել է ռազմական վարժարան:

«Ես սիրում եմ վտանգը, սիրում եմ իմ առաջ խնդիր դնել ու հասնել լուծման։ Բնավորությամբ էլ ուժեղ եմ ու սկզբունքային։ Եթե մի բան ասում, հաստատ խոսքիս տերն եմ լինում»,- այսպես է բնորոշում իրեն Լենան։

Ռազմական վարժարանի խորհրդանիշը զինվորական համազգեստն է համարում։

«Ամեն առավոտ ստիպված չես լինում պատասխանել՝ ինչ հագնել հարցին։ Պատասխանը միշտ նույնն է՝ հարդուկված համազգեստ եւ փայլեցրած բոտինկաներ»,- գոհունակությամբ ասում է նա։

Ապագայի մասին խոսելուց հիշում է մայրիկին տված խոստումը՝ ռազմական բժիշկ դառնալը։ Այսօր սակայն երկրորդ կուրսի ուսանողուհուն ավելի շատ գրավում է հակաօդային պաշտպանությունը կամ համազորային ծառայությունը։

«Ռազմական բժիշկ դառնալու խոստումը մայրիկիս համոզելու միջոցն էր։ Դեռեւս երկու տարի ունեմ մասնագիտություն ընտրելու համար։ Հիմիկվանից պետք է անցնեմ մայրիկիս համոզելու գործին»,- ժպտում է Լենան։

Այստեղ կգտնեք ինքներդ ձեզ

Արմեն Բաղրյանի խոսքով՝ իր հարազատները սկզբից լաց ու կոծով էին ճանապարհել իրենց չարաճճի ու խնդիրների մեջ սահուն կերպով մտնող զավակին ռազմական վարժարան։ Հետո, երբ մի քանի շաբաթ անց դուռը ծեծեց լրջացած ու հասուն տղամարդը, ծնողներն խորը շունչ քաշեցին։

«Դպրոցական տարիներին ամբողջ օրը կռիվների ու ռազբորկաների մեջ էի։ Վարժարանում, սակայն, ամեն ինչ այլ է։ Այստեղ դեմ-հանդիման ես քո խղճի։ Այստեղ մեծանում ու հասունանում ես։ Այլեւս չես մտածում անիմաստ ինտերնետային խաղերի ու ապարդյուն վեճերի մասին։ Այստեղ խաղն իրական է։ Հերոսը՝ դու ես։ Քեզանից է կախված՝ հաղթելու ես, թե պարտվելու»,- ասում է Արմենը։

Այսօր մեծացած պատանին փոխել է նաեւ ընկերական շրջապատը․ «Ընկերներիս հետ չեմ կարողանում շփվել, ընդհանուր թեմաներ չունենք, իրենք երեխայական բաներ են մտածում, անում։ Ասում եմ՝ եթե խելացի եք, լսեք խորհուրդս եւ ընդունվեք ռազմական վարժարան։ Հաստատ չեք փոշմանի։ Այստեղ կգտնեք ինքներդ ձեզ»,- հպարտ-հպարտ կեցվածքով ասում է ապագա զինվորականը։

Մենք միշտ առաջնագծում ենք լինելու

Զինվորական դառնալը ժառանգաբար է փոխանցվել Ռոբերտ Ավանեսյանին։ Հայրը Արցախյան պատերազմի մասնակից է,  զինվորական։ Աչքի առաջ միշտ ունենալով հոր կերպարը՝ որոշել էր, որ ինքն էլ է զինվորական դառնալու։

«Ամենադժվարը առավոտյան վերկացին սովորելն էր։ Տանը հեշտ էր, զարթուցիչը հինգ րոպե առաջ տալու տարբերակ ունեիր. այստեղ առաջին վերկացից հինգ րոպե անց պետք է հագնված, անկողինդ հավաքած լինես»,- պատմում է Ռոբերտը։

Ռոբերտը բարձրագույն ուսումը ցանկանում է շարունակել հրետանային գծով։

«Գիտակցաբար եմ ընդունվել ռազմական վարժարան եւ գիտակցաբար եմ ցանկանում շարունակել ուսումս։ «Վախ» բառը հայոց լեզվի առարկայով չեմ անցել, չգիտեմ ինչ է դա նշանակում, քանզի եթե հարցը վերաբերում է մեր հայրենիքին, վախենալու բան չպետք է լինի,- զինվորական համազգեստով 16-ամյա փոքրամարմին պատանին իր տարիքից ավելի մեծ էր երեւում. այս խոսքերն ասելուց կարծես թե զրուցում էի մի ամբողջ կյանք ապրած մարդու հետ,- մեր պետությանը շատ մասնագիտացված սպաներ են պետք։ Հայրենիքը պաշտպանելու խնդիր ունենք։ Մենք միշտ առաջնագծում ենք լինելու»։

Լուսինե Թեւոսյան

Լուսանկարները ՝ Քնար Բաբայանի

1