ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԱՄԱՐ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԱՄԱՐ

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԱՄԱՐ

Հայապահպանությունն այսօր Սփյուռքի առջև ծառացած հիմնական խնդիրներից է: Ծնված լինելով հայրենիքից հեռու, մեծանալով օտար միջավայրում, շփվելով այլազգիների հետ՝ շատ դժվար է պահպանել հայեցի կերպարը: Հայ երեխաներին հայոց լեզվին, մշակույթին, պատմությանը հաղորդակից դարձնելու գործում հայկական կրթօջախների կողքին քիչ աշխատանք, ջանք ու եռանդ չեն խնայում նաև հայ ծնողները: Եվ հենց այսպիսի ընտանիքներում ծնունդ առած ու դաստիարակված հայ զավակներն են հետաքրքրվում հայրենիքի ճակատագրով, ապրում նրա հոգսերով, ցավերով և ձգտում հնարավորինս մեղմել դրանք:

ԱՄՆ Լոս-Անջելեսի Թարզանա քաղաքում ծնված Արնիա Մաճարյանն առաջին անգամ ուսուցիչների և դասընկերների հետ Հայաստան էր ժամանել 2015թ. մայիսին: «Փոքր հասակից Հայաստանն ու Արցախը շատ կարևոր տեղ են գրավել սրտիս մեջ»,- ասում է Արնիան ու ավելացնում, որ 2015թ. Հայաստան և Արցախ կատարած այցը մեծ տպավորություն է թողել: «Այստեղ ծանոթացա երեխաների հետ, որոնց չափազանց մտերիմ ու հարազատ զգացի: Ինձ վրա շատ ազդեց Արցախում երեք փոքր եղբայրների հետ հանդիպումը, որոնցից մեկը իր չափից մեծ կոշիկ էր հագել»,- նշում է Արնիան: Եվ այդ պահին էլ որոշել է՝ վերադառնալով ծննդավայր ամեն կերպ ջանալ օգտակար լինել Հայաստանում ու Արցախում բնակվող իր քույրերին ու եղբայրներին:

Եվ սկսեց պարբերաբար տարբեր կապոցներ պատրաստել և ուղարկել՝ փոքրիկների համար նախատեսված գրենական պիտույքներ, խաղալիքներ, հագուստներ, զինվորների համար նախատեսված պարագաներ…

Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի ատենապետուհի Ռուզաննա Աբրահամյանի խոսքով՝ Արնիայի նման աղջիկները, ցավոք, քիչ են: «Շատ երիտասարդներ այսօր միայն հաճույքների հետևից են ընկած, ապրում են օրով: Բայց նա, գտնվելով հեռավոր Ամերիկայում, ապրում-շնչում է Հայաստան-Արցախով: Նա ազնիվ, լուսեղեն հոգի ունի և ձգտում է իր հոգու ու մտքի հպարտությամբ ճոխացնել հայրենիքը: Արնիան իր արածով խոնարհվում է այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջև: Այսպիսին լինելու համար նա պարտական է իր հայ օջախին, իր ծնողներին, ովքեր նրան իմաստուն դաստիարակություն են տվել»:

Արնիա Մաճարյանը ծնվել է 1998թ. Լոս-Անջելեսի Թարզանա քաղաքում, որտեղ ապրում է ծնողների՝ Սահակ և Սյուզի Մաճարյանների ավանդական ընտանիքում: Սովորել է Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանում և ավարտել այն 2016-ին: Ի դեպ, ՀՕՄ-ի Մոնթեպելլոյի «Մարո» մասնաճյուղը ամեն տարի դրամական պարգև է շնորհում Ֆերահյան վարժարանի ավարտական դասարանի աշխատասեր և պարտկեշտ որևէ աշակերտի: ՀՕՄ-ի տեղի վարչության որոշումով Ֆերահյանի մրցանակին 2016թ. Արժանացել է հենց Արնիան: Այժմ Արնիան ուսանում է Կալիֆորնիայի Փեփերդայն համալսարանում: Եվ, չնայած համալսարանական կյանքի ծանրաբեռնվածությանը, չի մոռանում նաև մյուսներին աջակցելու մասին: Ինչպես տեղեկանցնում են ՀՕՄ-ի Արցախի գրասենյակից, վերջերս Արցախ է հասել Արնիայի ուղարկած հերթական կապոցը: Արնիան, հայերեն լեզուն ու մշակույթը պահելով, և, իր հնարավորության սահմաններում օգտակար լինելով, իրեն զգում է Հայաստանի ու Արցախի մի մասնիկը. «Ամեն սփյուռքահայ պարտավոր է իր հնարավորության սահմաններում օգտակար դառնալ Մայր Հայաստանին ու Արցախին: Կարևորագույնն այն է, որ Սփյուռքում ապրող հայը իր պարտականությունն ու սերը զգա հայության հանդեպ»:

Կարծում ենք, որ հայրենիքի մասին մտածելը և հոգ տանելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է՝ անկախ տարիքից և բնակության վայրից: Դա առաքելություն է, որը գովասանքի և շնորհակալական խոսքերի կարիք չունի: Բայց հաճելի ու միաժամանակ հուսադրող է այն փաստը, որ Արցախի համար օվկիանոսից այն կողմ տրոփում է մի երիտասարդ սիրտ:

Տաթևիկ Աղաջանյան

1