Հայտնի են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայտնի են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները

Հայտնի են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են.
  • Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի. մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:

  • Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:

  • Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:

  • Դենիս Մուկվեգե, գինեկելոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:

  • Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ. վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ, որը  տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:
Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:
auroraprize.com
1