Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևը կհայտնվի ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևը կհայտնվի ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգում

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևը կհայտնվի ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգում

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևն առաջիկայում կհայտնվի ամերիկացի օրենսդիրների օրակարգում։ «Ճշմարտության և արդարության բանաձև». այս ձևակերպումը ստացած փաստաթղթին աջակցելու պատրաստակամություն են հայտնել 44 կոնգրեսականներ՝ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից։

 

Ամերիկայի Հայ դատի հանձնախումը կոնգրեսականների այդ թիվը աննախադեպ է համարում՝ հաշվի առնելով այն, որ նախկինում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը մեկ-երկու հոգու աջակցության շնորհիվ են ընթացք ստացել։

 

Երեկ Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև, Ներկայացուցիչների պալատի և հայ համայնքի անդամները ներկայացրել են այդ բանաձևի բովանդակությունը։ Փաստաթուղթը կոչ է անում նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն. կառուցողական, արդար և տևական հարաբերություններ՝ ընդգծում են ամերիկացի կոնգրեսականները և հավելում՝ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի և դրանց հետևանքների լիակատար ճանաչման վրա:

 

Ամերիկացի կոնգրեսականներն իրենց ելույթներում հստակեցնում են՝ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայ է սպանվել՝ հայ լինելու համար։

 

«Ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել»,- բանաձևը ներկայացնելիս հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

 

«Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում»,- այս մասին էլ հայտարարել է կոնգրեսական Ռոբերտ Դոլդը՝ բանաձևի նախաձեռնության հեղինակը։

 

«Ցեղասպանության փաստ է, որը չպետք է անտեսվի: Մինչդեռ Թուրքիան, երբեք չի ընդունում իր պատասխանատվությունը՝ նախընտրելով թաքնվել իր դաժան մարտավարության, մարդու իրավունքների խախտումների ետևում: Այդ ոճրագործությունում ունեցած Թուրքիայի գլխավոր դերակատարությունը ճանաչել են ՆԱՏՕ-ի 11 դաշնակիցները, ինչպես նաև Ամերիկայի 42 նահանգներ»,- հիշեցրել է կոնգրեսական Դոլդը։

 

1975 թվականին էր՝ ուղիղ քառասուն տարի առաջ, երբ Հայոց ցեղասպանության մասին առաջին բանաձևը հայտնվեց ամերիկյան Կոնգրեսում։

 

«Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-  շեշտել է մեկ այլ կոնգրեսական՝ Ֆրենկ Փալոունը:

 

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կանխատեսում է, որ թուրքական լոբբին էլ ավելի մեծ թափով գործի կլծվի՝ տապալելու այս նախաձեռնությունը, սակայն վստահ են, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ամերիկացի օրենսդիրներն ի վերջո քաղաքական կամք կդրսևորեն և իրենց գնահատականը կտան Թուրքիայի կատարած ոճրագործությանը, «Ազատության» հետ զրույցում նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

 

«Երկու շաբաթ թուրքական կառավարությունը ևս մեկ անգամ ընդլայնեց իր լոբբինգի աշխատանքը այստեղ՝ Վաշինգտոնում։ Անցյալ տարի իրենց գլխավոր լոբբիստական ընկերությանը վճարում էին 1.4 միլիոն, այս տարի հասցրել են 1.7 միլիոնի։ Շարունակական աշխատանք են տանում թուրքական կառավարության կողմից, մեծ գումարներ են մուծում, որպեսզի այս բանաձևերը ձախողեն։ Այստեղ է, որ ամերիկահայ գաղութը իր ասելիքը պիտի ունենա այս հարցում»,- ասաց Չուլջյանը։

1