Հայոց պատմության օղակը կամբողջանա միայն Անին ազատագրելուց հետո․Կ․Քեբաբջյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայոց պատմության օղակը կամբողջանա միայն Անին ազատագրելուց հետո․Կ․Քեբաբջյան

Հայոց պատմության օղակը կամբողջանա միայն Անին ազատագրելուց հետո․Կ․Քեբաբջյան

«Մեծ մայրս միշտ ասում էր ինձ, որ թուրքերը հիմար են: Նրանք կարողացան գողանալ մեր հարստությունը և հողերը, բայց մեր ազնվական արյունը չկարողացան փոխել. Դու ազնվական արյուն ունես, տղա՛ս, դու պետք է մեծանաս և ազգի համար պիտանի անձնավորություն դառնաս»,- ասում էր  հայրենադարձ, բարերար, ՀՅ Դաշնակցության անդամ, Մերձավոր արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, Հայ սև գոտիների միության, ԼՂՀ Ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, Արևելյան մարտարվեստների վարպետ Կարո Քեբաբջյանը՝ նշելով, որ այդ խոսքերը փոքր տարիքից արմատավորվել են իր մեջ:

 

Կարո Քեբաբջյանի պապերն արմատներով Սեբաստիայից են, Կիլիկիայի ազնվական ընտանիքից: Ամբողջ գերդաստանը ջարդերի ժամանակ ենթարկվել է բռնության: Ողջ է մնացել միայն տատիկը, ում ականջները թուրքերը կտրել էին, կնոջ դին թողել սպանվածների մեջ՝ կարծելով, թե մահացել է: Հետաքրքիր պատմություն ունի նաև «Քեբաբջյան» ազգանվան պատմությունը: Գերդաստանը կրում էր լույսի զավակներ՝ Լուսինյան և Մեծաձեռքյան ազգանունները: Սակայն, ջարդերից հետո ազգանունը փոխվեց Քեբաբջյանի, քանի որ տատիկը կոճակների մեջ պահած ոսկիները փոխում էր ոչխարների հետ և խորոված անում՝ հյուրասիրելով քարավանի ուղեւորներին:

 

Կարո Քեբաբջյանը ծնվել է Լիբանանում: Հետաքրքրված էր մարտարվեստով և մարտարվեստում հայ երիտասարդներին համախմբելու գաղափարով։ «Այդ ժամանակ Ուշուն գաղտնի գիտություն էր, չկային մարտարվեստի դպրոցներ։ Ինձ հաջողվեց ծանոթանալ ուշուի վարպետների հետ, ովքեր ինձ օգնեցին դառնալ Մեծ վարպետ։ Այս հարցում ինձ ուղղորդեց նաև հայրս: Սկզբում, երբ իմացավ որոշմանս մասին, առարկեց, բայց հետո զիջեց՝ ինձանից երդում պահանջելով, որ այն, ինչ սովորեմ՝ ծառայեցնելու եմ ազգիս։ Ես երդվեցի ժառանգաբար մեզ փոխանցված Կիլիկյան թագավորական դաշույնի վրա։ Մինչև հիմա ուղղորդվում եմ երդումովս,-պատմում է Կ․Քեբաբջյանը,- հայրս իր աշխատավարձի կեսը տրամադրեց ինձ, որպեսզի ես արտասահմանում մասնագիտանամ»։

 

Կ. Քեբաբջյանն անդամակցել է Սև գոտիների միջազգային կազմակերպությանը: 1974թ. Դարձել է Մերձավոր Արևելքի սև գոտիների կազմակերպության մարզիչ, այնուհետ՝ Մերձավոր Արևելքի չեմպիոն։ Նույն տարում սկսել է մարզել հայ երիտասարդներին։ Միակը լինելով հայերի մեջ՝ Սփյուռքի տարբեր գաղութներում բացել է կենտրոններ և իր պատրաստած մասնագետներին ուղղորդել դեպի հայկական մյուս գաղութներ՝ մարզելու հայ երիտասարդներին։ 1976թ. պաշտոնապես հիմնել է Հայ սև գոտիների միջազգային ակադեմիան (ABBA)։ Հայ սև գոտիների միջազգային ֆեդերացիայով են անցել 50 000 մարզիկներ:

 

«Կոն ֆուի մեջ տեսա կարգապահություն: Այսօր, հայ երիտասարդը պետք է արթուն եւ զգոն լինի,   պատրաստ լինի պայքարի՝ մարմնով, զենքով, հոգով և ուղեղով,-նշում է Վարպետը և ավելացնում,- ֆեդերացիա հիմնելը նաև հայրենադարձության միջոց էր: Սփյուռքում պատրաստելով մարզիչներ՝ ես կարողացա նրանց ուղարկել Հայաստան, Արցախ, և այստեղ՝ հայրենիքում, հիմնել ֆեդերացիաներ: Այսօր իմ ամենամեծ հպարտությունն ու ուրախությունն այն է, որ ես կարող եմ բարձրաձայն ասել՝ Ղարաբաղի Ուշուի ֆեդերացիան դարձել է ամենահզոր կենտրոնը և պատրաստել է շատ ուժեղ մարզիկների, որոնք մեծ հաջողությունների են հասել ու դեռ կհասնեն»: Արցախում Ուշուի ֆեգերացիան չի սահմանափակվել միայն մայրաքաղաք Ստեփանակերտով: Արցախի տասնյակ գյուղերի պատանիներ հնարավորություն ունեցան սովորել մարտարվեստը: Ընդհանուր առմամբ` Արցախում մարտարվեստ են սովորել շուրջ 5 000 պատանի:

 

1999-ին Կարո Քեբաբջյանը նշանակվել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Մերձավոր Արևելքում: Խոսելով դեսպանի՝ իր կողմից կատարվող աշխատանքի մասին, Կ. Քեբաբջյանը նշում է. «Դեսպանի աշխատանքը պահանջում է ամեն օրվա 24 ժամվա աշխատանք: Ինչ միջոց ունես, ինչով կարող ես` պետք է նպաստես ԼՂՀ ճանաչմանն ու հզորացմանը: Այսօր մենք ունենք երկու հիմնական խնդիր՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրը և ԼՂՀ հզորացման խնդիրը, ինչի համար անհրաժեշտ է ապահովել ժողովրդի անվտանգությունը հզոր բանակի շնորհիվ, զարգացնել արդյունաբերությունը: Դա   պետք է ստանձնի Սփյուռքը, քանի որ ԼՂՀ-ն պաշտոնապես չճանաչված երկիր է,- ասում է նա և ավելացնում,- ինձ համար Ղարաբաղն անկախ պետություն է: Եթե մտածենք, որ Ղարաբաղն անկախ չէ, ապա ինչպե՞ս կարող է չճանաչված երկիրը դեսպան ունենալ»։

 

«Սփյուռքում մենք ունեինք պետություն: Դաշնակցությունն էր մեր պետությունը՝ Լիբանանում, Ամերիկայում, Ֆրանսիայում և այուր, սակայն Ղարաբաղյան պատերազմը միավորեց մեր ցաքուցրիվ ազգը: Արցախ, Հայաստան, Սփյուռք` միասնական պայքարեցին մեկ գաղափարի համար, մեկ երազանքի համար։ Այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, ունենք ազատ, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հաջորդը պետք է լինի Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը,-նշում է Կ. Քեբաբջյանը եւ շարունակում,- միշտ ասում եմ՝ Հայաստանի անկախությունը տեսա, ուրախ եմ, երկրորդ ուրախությունս Ղարաբաղն է իր ազատագրված Շուշիով, հաջորդիվ պետք է ազատագրենք մեր մնացած մայրաքաղաքները՝ նպատակ ունենալով ստեղծել պետություն, որը պետք է լինի մեր ժողովրդի հաղթանակը»:

 

Կ. Քեբաբջյանը Ղարաբաղի կարգավորման բանալին համարում է հարատևությունը: Քեբաբջյանի կարծիքով՝ վերջին շրջանում Սիրայում, Իրաքում, Լիբիայում զարգացող դեպքերը տարածվելու են նաև Թուրքիայում, և մենք՝ հայերս, այնտեղ պետք է ապահովենք մեր Հայաստանը: «Արևմտյան Հայաստանը վերադարձնելու համար մենք պետք է երազենք: Ժամանակին, երբ ես խոսում էի Հայաստանի անկախության մասին, ինձ ասում էին՝ երազում ես: Աշխարհում այնպիսի բան չկա, որ իրականություն է դառնում առանց երազելու: Մենք պետք է երազենք, որպեզի մեր երազանքներն իրականություն դառնան,- նշում է նա,- պարտադիր չէ պատերազմով ետ բերել Արևմտյան Հայաստանը, ինչպես որ Ղարաբաղի խնդիրը եղավ: Ղարաբաղի դեպքում ուրիշ ճար չունեինք՝ պետք է կռվեինք: Արևմտյան Հայաստանը կարող ենք միջազգային դատով վերադարձնել: Հերոսներ միշտ կան, պատճառ է հարկավոր: Մեր տղաները հերոս չէին լինի, եթե Ղարաբաղի պատերազմը չլիներ: Միշտ ճանապարհ է պետք հերոս լինելու համար: Բայց մի բան հաստատ գիտեմ՝ հայոց պատմության օղակը կամբողջանա միայն Անին ազատագրելուց հետո… Լավատեսությունը շատ կարևոր է, դեպի առաջ՝ հույսով և հավատքով»` պատգամում է Կարո Քեբաբջյանը:

 

Առաջին անգամ Հայաստան է եկել 1988-ին. օգնությունն է բերել  երկրաշարժից տուժածներին: Այն հարցին, թե ինչպե՞ս որոշեց վերջնականապես տեղափոխվել Հայաստան, Կ. Քեբաբջյանը պատասխանում է, որ ինքը չի որոշել, որոշումը ծրագրված էր մանկուց՝ դաստիարակության և Դաշնակցության գաղափարների միջոցով: Այսօր Կ. Քեբաբջյանը տեղափոխվել է Աշտարակ, որտեղ ունի հողատարածք։ Այդտեղից երևում են Արարատը, Արագածը և Արա լեռը։ Նրա նպատակն է՝ իրականացնել «Այբ-3» նախագիծը՝ սփյուռքահայերին բնակեցնելով այդտեղ։ Այս տարի 5 ընտանիք իրենց հողատարածքներում արդեն կառուցել են տներ՝ նպատակ ունենալով հետագայում հաստատվել հայրենիքում:

 

Կ․Քեբաբջյանի որդին, ուսում ստանալով Լիբանանում, առանց հոր հորդորի ինքը որոշեց, որ պետք է Հայաստանում հաստատվի։ Չնայած նրան, որ հիմա ապրում է Երևանում՝ նպատակ ունի  տեղափոխվել Շուշի:

 

Կ. Քեբաբջյանը և մի քանի բարերաներ նախաձեռնել են Շուշիի շենացման հետ կապված ծրագիր, որի առաջին փուլը «Շուշի Գրանդ Հոթելի» կառուցումն էր: Հետագայում պետք է ստեղծվի ուշուի ֆեդերացիայի կենտրոնը՝ իր մարզասրահով, չինական առողջարանով։ Ծրագիրը նախատեսում է «Շուշի Գրանդ Հոթելի» ամբողջ հասույթը ներդնել Ղարաբաղում: «Շուշի Գրանդ Հոթել»-ի վրա մեծ գումարներ դրվեց, բայց այսօր հազիվ հոգում ենք ծախսերը: Մենք հույս ունենք, որ գալիք տարիներին տուրիզմը կզարգանա, գործերը կլավանան և կկարողանանք Ղարաբաղում շարունակել մյուս ծրագրերը»,- նշում է Կ․Քեբաբջյանը։

 

Արտագաղթի մասին խոսելով՝ Կ․Քեբաբջյանը նշել է, որ ցավով է մոտենում այս հարցին։ Նրա կարծիքով՝ հզոր հայրենիքի կերտումը հնարավոր է միայն յուրաքանչյուրիս՝ հայրենիքում ապրելու, աշխատելու և ընտանիք ստեղծելու գրավականով։ Նա իր օրինակով հորդորում է սփյուռքահայերին՝ տեղափոխվել հայրենիք։ Խոչընդոտը համարում է աշխատատեղերի պակասը։ «Մենք պետք է աշխատատեղեր ստեղծենք և թույլ չտանք, որ մարդիկ արտագաղթեն: Մենք պետք է բարձրացնենք ազգային գիտակցության զարգացումը, ինչը հավաքական մտքի խնդիր է։ Ի վերջո պետք է հասկանանք, որ սա մեր իսկական հայրենիքն է, մեր զավակները, թոռները այստեղ պետք է ապրեն։ Մեր ղեկավարությունը պետք է հասկանա, որ իրենց թոռները ևս պետք է ապրեն այս երկրում, այնպիսի երկրում, որպիսին իրենցից կժառանգեն»,- ասում է Կ. Քեբաբջյանը: «Ամբողջ կյանքում առաջնորդվել և ապրել եմ երկու բանաձևով՝ առավոտ արթնացիր և աշխատիր այնպես, որ դու անմահ ես, և ապրիր այնպես, որ վաղը մահկանացու ես», և «Հարուստը նա է, ով գիտի թե բավարար չափով ունի. եթե դու իմանաս, թե որն է բավարաությանդ սահմանը, դու երջանիկ ու հարուստ մնարդ ես»։

 

Նա, հետևելով տատիկի խոսքերին և հորը տված երդումին, ազգի համար պիտանի մարդ է դարձել: Ավելին՝ Կարո Քեբաբջյան անունն ունի համաշխարհային ճանաչում։ Նրան հարգում են թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։  Կարո Քեբաբջյանից օրինակ վերցնելու շատ բան կա: Սխալ խորհուրդ չի լինի, եթե ասենք՝ լավ կլիներ ամենքս մի քիչ Կարո Քեբաբջյան լինեինք:

Լուսինե Թեւոսյան

1