Հայկական լոբբինգի երկփեղկվածությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Հայկական լոբբինգի երկփեղկվածությունը

Հայկական լոբբինգի երկփեղկվածությունը

Հայ Դատի հիմնախնդիրների եւ ծրագրերի` հատկապես Հայոց ցեղասպանության, ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի եւ Ջավախքի խնդիրների ուղղությամբ Սփյուռքի համայնքների կատարած եւ կատարվող աշխատանքն անչափ մեծ է ու անգնահատելի:

 

Հայկական երկու հանրապետությունների` այս խնդիրներից որեւէ մեկի շուրջ վճռական քայլ կատարելու պարագայում, անշուշտ, վստահորեն ակնկալվում է Սփյուռքի օժանդակությունը:
Եթե սփյուռքի վերաբերմունքը համահայկական հարցերի շուրջ արմատական բնույթ է կրում, ապա նույնը չի կարելի ասել, հատկապես, Ռուսաստանի հայկական համայնքի մասին:
Ի վերջո, բոլորս էլ պարզ գիտակցում ենք, որ ռուսահայ համայնքը որպես կազմակերպված եւ ՙդասական սփյուռքյան համայնք՚ լինելու համար դեռեւս լուրջ փուլեր ունի անցնելու:
Ռուսաստանի հայկական համայնքը վերոհիշյալ հարցերի շուրջ լուրջ դերակատարություն չի ունեցել:

 

Իսկ վերջերս Մոսկվայում կայացած ադրբեջանական և հայկական սփյուռքների ներկայացուցիչների հանդիպումը ասվածիս ցցուն ապացույցն է: Խնդիրը ոչ այնքան հանդիպման, որքան նրա նշանակության, արդյունքի, ընտրված ժամանակահատվածի եւ առհասարակ անվանման մասին է:

 

Սկսենք նախ միջոցառման ընտրված անունից` ադրբեջանական եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հանդիպում` ծիծաղելի է: Ադրբեջանը երբեք էլ ՙսփյուռք՚ չի ունեցել եւ չունի, ուրիշ բան է, որ ի հակակշռություն մեզ` հայերիս, ադրբեջանցիները ջանք չեն թափում ստեղծել ՙմիֆ` ադրբեջանական սփյուռքի մասին՚:

 

Երկրորդ` ինչքանով էր նպատակահարմար հենց այս` ՙսաֆարովյան գործարքի՚ ֆոնը ծածկելով, հրապարակավ ողջ աշխարհի համար հարմար առիթը` Ադրբեջանի հակահայկական, թշնամական տրամադրված եւ ցեղասպան երկրի կերպարը տեսնելու հնարավորությունը մեր ձեռքով ՙփակելու գործը՚:

 

Փոխանակ ամեն հնարավորություն, ամեն ամբիոն օգտագործել թշնամու իրական կերպարը բացահայտելու ` ՙբարեկամություն հաստատելու խաղեր՚ ենք անում:
Միջոցառման կազմակերպիչներից եւ մասնակից` Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը այդ հանդիպման վերաբերյալ իր հարցազրույցներից մեկում ասել է. ՙԱյն մի խնդիր ուներ` ստեղծել հայրենիքից դուրս միմյանց հետ համագործակցելու մեխանիզմներ, ավելին` այստեղից դրական էներգիայով գնալ դեպի Մայր Հայրենիք՚:

 

Ինչ է նշանակում ՙ… ստեղծել հայրենիքից դուրս միմյանց հետ համագործակցելու մեխանիզմներ՚, երբ հայրենիքի սահմանին գրեթե ամեն օր անպակաս է Ադրբեջանի բանակից արձակված կրակոցը եւ որ այդ նույն սահմանին այսօր հայ զինվորն է զոհվում այդ կրակոցով:

 

Հայրենիքի ներսում խնդիրը չլուծված, հայրենիքից դուրս ՙբարեկամություն՚ անելը այնքան էլ բարի գործ չէ:
ՙՄենք չէինք հավաքվել Ղարաբաղի խնդիրները լուծելու, այլ պարզապես ցանկանում ենք միմյանց հետ համերաշխ ապրել: Այո, կա ղարաբաղյան խնդիր, բայց դա երկու երկրների ղեկավարների` Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի խնդիրն է, իսկ մեր նպատակը բարեկամական կապեր ստեղծելն է՚,- նկատեց Արա Աբրահամյանը:

 

Ոչ, իհարկե, սա միայն նախագահների խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է եղել ի սկզբանե: Եթե մի երկրի ղեկավարը ի լուր համայն աշխարի անկաշկանդ հայտարարում է, որ հայերը իրենց թշմանիներն են եւ ամեն գնով, ամենապատվաբեր գործը մի երկում համարվում է հայ սպանելը, ապա սա ամեն հայի խնդիրն է եւ ոչ միայն: Մենք ազգովի անելիքներ ունենք այս ուղղությամբ:
ՙԵրեկվա օրը չպետք է խանգարի այսօրվա մեր կենցաղին, ապրելակերպին և ապագային: Հենց այդ պատճառով էլ մենք մտադիր ենք այդպիսի երկխոսություն ստեղծել Սոչիում մարտ ամսին՚,-ասում է Արա Աբրահամյանը:

 

Երեկվա օրը դժվար մոռացած լիներ Արա Աբրահամյանը, իսկ եթե մոռացել է, մի փոքր հիշողության թարմացում` Սումգայիթ, Բաքու, Մարաղա…կարելի է շարունակել եւ շատ բան հիշեցնել:
Մենք մեր հարցերը չենք լուծել, դրա համար էլ Մոսկվայում կայացած հանդիպումը խայտառակություն էր թե ներքին լսարանի, թե արտաքին աշխարհի համար: Ամենայն տրամաբանությամբ` այս հանդիպումից պետք է շատ ու շատ գոհ լինի Ադրբեջանը:

 

Իսկ հայտնի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ մեր ժողովուրդների երբեմնի միակ խնդիրը ՙՆեֆտչի՚ եւ ՙԱրարատ՚ ֆուտբոլային թիմերի խաղն էր:
Հարգարժան պարոն Ջիգարխանյան, մի մոռացեք, որ մեր հիմնական խնդիրը դեռեւս խորհրդային տարիներից` սահմանից այն կողմ բիբլիական Արարատն է եւ ամբողջական ու միասնական Հայաստանի կերտումը:

 

Հայտնի դերասանը, կարծում եմ, հիշողության խնդիրներ չունի: Եւ վատը հենց դա է:
Ամենեւին էլ այն տպավորությունը թող չստեղծվի, որ չենք գնահատում մարդասիրական մղումները, կամ էլ մեր նպատակը Ադրբեջանի հետ հավերժ թշնամություն անելն է: Եթե սրահային ելույթներում մարդասիրական կոչեր են հնչում, իսկ սահմանին հայ զինվոր է սպանվում, ապա մենք այդպիսի ՙմարդասիրականը՚ չենք հասկանում եւ չենք ընդունում:
Մենք պայքարում ենք իրական մարդասիրության եւ իրական խաղաղության համար:

 

Սեւակ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1