Հայի պատմություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայի պատմություն

Հայի պատմություն

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Արցախի մշակույթի և երիտասարդության պալատում ապրիլի 7-ին հանրության դատին ներկայացրեց <<Արծվաբույն>>պիեսը: Այն բեմադրված է Հրաչյա Բեգլարյանի համանուն ստեղծագործության հիման վրա:

Պիեսի գործողությունները ծավալվում են Արցախի գյուղերից մեկի՝<<Քարակապ>> պայմանական անունը կրող գյուղի պաշտպանության դիրքերում:Գյուղը պաշտպանող մի խումբ տղաներ իրենց կյանքի գնով չեն զիջում դիրքերը, հերոսաբար զոհվում են:

Գործողությունները ծավալվում են հիմնական դերակատարներից մեկի՝ որդուն կորցրած մոր՝ Ամայի շուրջը, որը ջոկատի տղաներին բոլորին ընդունում է որպես իր հարազատ որդիների, նրանց համար եփում- թափում է, սիրում մայրական գուրգուրանքով: Ի միջի այլոց, մոր դերակատարուհին՝ Ջուլիետա Ստեփանյանը, 17 տարի աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում: Տղաներն էլ նրան կապված են որդիական սիրով: Տղաները մարտերի ընդմիջման պահերին մանկանում են, ֆուտբոլ են խաղում, երգում, բանաստեղծություններ արտասանում, սիրահարվում, փիլիսոփայում կյանքի հարցերի շուրջ: Գյուղ է գալիս լրագրող Սոնան, որի ամուսինն այս կողմերում կռվում էր, բայց աղջիկը երեք ամիս է՝ լուր չունի նրանից: Քարակապի ջոկատի տղաներից հարցնում է ամուսնու մասին, նրանք նկարից ճանաչում են նրան, ով զոհվել է մարտերից մեկում, սակայն սկզբից չեն համարձակվում աղջկան հայտնել վատ լուրը…Պատերազմը սև ու դաժան դեմք ունի…<<Ամեն մի հայի սերունդ պիտի կռվի, որ հայը զենք բռնելը չմոռանա>>,- դառնությամբ նկատում է Ամայի մայրիկը: <<Պատերազմի ժամանակ մայրերի՛ն խղճացեք >>: Կամ էլ՝ պատերազմի դաժանությունից ծնված մի կենսափիլիսոփայություն՝ արտահայտված հերոսներից մեկի շուրթերով՝ <<Այս քարը իմ ու քո պես կռված տղա ա, եթե կարենա խոսել, քեզ ամեն բան կպատմի…>>: <<Թուրքի թրքության մեջ մենք ենք մեղավոր՝ խփել ա, թույլ ենք տվել, գողացել ա, մատները չենք ջարդել, սպանել ա, սուրը չենք խլել ձեռքից…>>:

<<Բարձունքը մերն ա, բայց տղերքը չկան>>,- զեկուցում է ջոկատի հրամանատարը: Սովորական դարձած մի դառը պատմության արձանագրում: Հայի պատմություն… Ահա ամբողջը…

1