«Հայաստան» համահայկական հիմնադրամ. կառույց, որի նպատակը Հայաստանի ու Արցախի շենացումն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Հայաստան» համահայկական հիմնադրամ. կառույց, որի նպատակը Հայաստանի ու Արցախի շենացումն է

«Հայաստան» համահայկական հիմնադրամ. կառույց, որի նպատակը Հայաստանի ու Արցախի շենացումն է

1992 թվականի մարտի 5-ին ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբելու բոլոր հայերին՝ անկախ նրանց բնակության վայրից  և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:

 Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988թվականի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով:

Հիմնադրամի ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության նախագահն է:  Խորհրդի կազմում են Արցախի նախագահը,  Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, ՀՀ և Արցախի վարչապետները, ՀՀ Սահմանադրական դատարանի, Ազգային Ժողովի և Կենտրոնական բանկի նախագահները, նախարարներ, երեք ավանդական կուսակցությունների, խոշոր բարեգործական կազմակերպությունների՝ ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները, սփյուռքահայ ճանաչված բարերարներ ու գործիչներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ունենում նրա տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են  աշխարհի 22 երկրներում:

Հիմնադրամի դրամական միջոցները գոյանում են տարեկան հեռուստամարաթոնի, տարբեր երկրներում կազմակերպվող հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների հանգանակություններից, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների հասույթներից, փոստային ու sms նվիրատվություններից, ինչպես նաև անհատների թողած կտակներից և նպատակային հատկացումներից:

Ամենամյա հեռուստամարաթոնները սկսվել են 1996 թվականից: Այն ի մի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում ու սփյուքում հավաքագրված գումարները և հայությանը համախմբում կենսական կարևորություն ունեցող ձեռնարկների շուրջ:

Հիմնադրամի անցած ուղին բնութագրվում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրերով՝ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի,  ու գազատարների կառուցում, սոցիալապես խոցելի խմբերի՝ ազատամարտիկների, անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարներ, աղետի գոտու բնակարաշինություն և այլն:

1995-99թթ. Հիմնադրամի հանգանակված գումարներն ուղղվեցին Գորիս- Ստեփանակերտ, իսկ 2000-2005թթ.-ին՝ Արցախի Հյուսիս- հարավ ավտոմայրուղիների կառուցմանը:

2005թ.-ին Հոգաբարձուների խորհուրդը  որոշում ընդունեց հեռուստամարաթոնում հանգանակված գումարներն ուղղել պատերազմի հետևանքով  առավել մեծ կորուստներ կրած Արցախի Մարտակերտի և Հադրութի  շրջանների վերականգնմանն ու զարգացմանը:

2013-ին հավաքագրված միջոցներն ուղղվեցին Հայաստանն ու Արցախը կապող 116կմ երկարությամբ Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհի հողային աշխատանքներին, որի ասֆալտապատումն ու հարդարումը շարունակվում է առայսօր:

2015 թվականին հավաքագրված գումարը նպատակաուղղվել է Արցախում 5 և ավելի  երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելուն:

Իր  25-ամյա ծրագրերում Հիմնադրամը միշտ եղել է արդիական ու սպասված, իրականացրել է 330մլն.  ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում ու Արցախում: Կառուցվել է 605կմ ճանապարհ, 580կմ ջրագիծ ու ջրատար, 149կմ գազամուղ, 70կմ էլեկտրագիծ, 359 դպրոց ու մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն ու բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակույթի ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, իրականացրել 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

«Անցյալ տարի հիմնական առանցքային խնդիրը բազմազավակ ընտանիքների համար 28 առանձնատների կառուցումն է, որից 13-ը արդեն հանձնել ենք շահագործման, 3-ն էլ  ներկայումս պատրաստ վիճակում է, կահավորված: Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի Նոր Գարաչինար-Սոդք հատվածի 5կմ երկարության ճանապարհահատվածն է, որը բարդ ռելիեֆի պատճառով առայժմ ասֆայտապատված չէ, մնացածը լրիվությամբ ասֆալտապատված է: Դրա հետ զուգընթաց կատարվում է ճանապարհի կահավորումը», — նշեց Հիմնադրամի Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն Վալերի Ղազարյանը,-նա ավելացրեց, որ լրիվությամբ ավարտին է հասցված Հանրապետական ուռուցքաբանական կենտրոնը Ստեփանակերտում: Ավարտված է Իվանյանի մանկապարտեզի շինարարությունը, շահագործման են հանձնվել Կարմիր շուկայի, Մուշկապատի և Կոճողոտի համայնքային կենտրոնները: Ընթացքի մեջ է Սոս գյուղի դպրոցի կառուցումը և Ստեփանակերտի համար 9-ը միջնակարգ դպրոցի շենքի վերակառուցումը: Այս տարի շահագործման կհանձնվի Նորագյուղի և Քարին տակի մանկապարտեզները: Արցախի 8 տարբեր գյուղերում կկառուցվեն համայնքային կենտրոններ:

Ըստ Վալերի Ղազարյանի, հնարավոր է նաև առանձին նպատակային ծրագրեր: Առանց Հիմնադրամի ծավալած գործունեության շատ դժվար կլիներ պատկերացնել Արցախի վերակառուցումն ու պատերազմի հետքերի վերացումը, ռազմավարական կարևոր պլանների իրագործումը:

                      Լ. Բաղրյան

1