Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Ղարաբաղի հանդեպ մինչ օրս էլ էականորեն չի փոխվել. Լեւոն Հայրյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Ղարաբաղի հանդեպ մինչ օրս էլ էականորեն չի փոխվել. Լեւոն Հայրյան

Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Ղարաբաղի հանդեպ մինչ օրս էլ էականորեն չի փոխվել. Լեւոն Հայրյան

Արթուր Մկրտչյանն այն քաղաքական գործիչն էր, ում մասին սերունդները դեռ խոսելու են: Իսկ մենք բաց չենք թողնելու ցանկացած պատեհ առիթ` նոր կողմերով բացահայտելու եւ ներկայացնելու նրա անբիծ կերպարը: Լեւոն Հայրյանը այն անհատներից է, ով բախտ է ունեցել Արթուրի ընկերը լինելու: Չնայած այն հանգամանքին, որ Լեւոն Հայրյանը չցանկացավ մեզ հետ կիսվել այն դրվագներով, որոնք կապված են Արթուրի հետ` այն համարելով խիստ անձնական, այնուամենայնիվ` նա մեզ հետ զրույցում խոսեց Արթուր Մկրտչյան մարդու եւ քաղաքական գործչի մասին.

 

 

-Կան մարդիկ, որոնք երբեք չեն սխալվում, նրանք փողկապներ են կապում եւ միշտ անում են ճիշտ քայլեր: Սիրում են ուրիշներին խորհուրդներ տալ` այն դեպքում, երբ իրավիճակն է թույլ տալիս: Եւ, բնականաբար, այդ մարդիկ միշտ լավ են ապրում եւ ցեխի մեջ երբեւէ չեն մտնում: Չնայած մարդկային այդ տեսակը միշտ էլ դրության կամ կյանքի տերն է, այնուամենայնիվ, մարդկային այդ տեսակը շատ հանգիստ կարելի է անվանել գորշ մասսա: Հատկանշականն այն է, որ մարդկային զարգացումը չի հենվում մարդկային այդ տեսակի վրա: Օսկար Ուայլդը մի առիթով ասել է. ՙԱնհնազանդությունը մարդկային մեծագույն առաքինությունն է՚: Եւ եթե չլինեն այն անհնազանդ մարդիկ, որոնք ի վիճակի են սխալվելու, բայց եւ գործելու, մարդկությունը զարգացում չէր ապրի: Արթուր Մկրտչյանը մարդկանց այն տեսակին է դասվում, ովքեր իրենց վրա վերցնում են ժողովրդի հոգսը, չեն հաշտվում վատ իրավիճակների, անլուծելի լինելու մտքի հետ եւ ամեն կերպ իրենց ջանքերով փորձում են շարժվել դեպի լավը: Ցավալին այն է, որ իրենց իսկ արած փոփոխություններից ամենաքիչը իրենք են օգտվում:

 

 

Այդ ամենի արդյունքում` դարձյալ օգտվում է այն գորշ մասսան, որն իրեն պահում է ճիշտ եւ չի սխալվում երբեւէ: Մարդկային այդ տեսակը, որքան էլ տարօրինակ լինի, խռովահույզ պահերին կարողանում է հմտորեն սուզվել ջրի հատակը: Արթուրը իր ամբողջ էությամբ այն մարդն էր, ով մեծ հոգատարությամբ էր լցված իր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ եւ միշտ պատրաստ էր իր ուժերի ներածին չափով աշխատել այդ ժողովրդի համար: Նույնիսկ հիմա դժվար է Արթուրի մասին անցյալով խոսելը: Նրանք, ովքեր ընդունում են Արթուրի գործը, նրան ողջ են համարում: Կարծում եմ, որ մեր ընկերները, մեր արթուրները մեզ համար միշտ պետք է կենդանի լինեն: Արթուրին ողջ ընդունելը նշանակում է` լինել տերը այն գործի, որը նա սկսել է: Արթուրի գործը հիմնականում, կարելի է ասել, հասցվել է հաղթական ավարտին, բայց դա մի փուլն էր միայն:

 

 

Արթուրի եւ իր նմանների ջանքերով ստեղծվեց պետություն, բայց այդ պետությունը զարգացնել էլ է պետք: Երբ նայում ես դեպքերի զարգացման դինամիկային, թե ինչ արագությամբ 1988-ից մինչեւ 1991 թվականը զարգացան դեպքերը եւ ստեղծվեց պետություն, իսկ հիմա ինչ տեմպերով է զարգանում այդ պետությունը` դրանք անհամեմատելի երեւույթներ են: Կարծում եմ, որ դրա հիմնական պատճառները երկուսն են` կամ հասարակության մեջ պակասել են նվիրյալ գաղափարները, կամ էլ հասարակությունն աստիճանաբար քաշվում է մանր բուրժուական ճահճի մեջ: Ցավալի է, բայց այսօր փողոցով քայլելիս հերոսի կամ գիտնականի չէ, որ մատնացույց են անում ու օրինակ բերում նրանց. հիմա ցույց են տալիս փողատերերին եւ ձգտում են նմանվել նրանց: Իսկ հասարակությունն այդպես զարգանալ կամ առաջ գնալ չի կարող:

 

 

Մենք շատ հաճախ հիշում եւ գովերգում ենք մեր հերոսներին, սակայն հետաքրքիր է, արդյոք հասարակությունը պատրաստ է կրկնել Արթուրի եւ նրա նմանների քայլերը: Արթուրն ուներ առանձնահատկություններ, որը ես միշտ եմ շեշտում. դա նրա արտակարգ մեծ հոգատարությունն էր շրջապատի հանդեպ, հետեւաբար` նաեւ ժողովրդի եւ ազգային հարցերի հանդեպ: Արթուրն այն տեսակի մարդկանցից էր, որոնք ազգայինը, պետականը գերադասում էին անձնականից: Նա բարձր ինտելեկտով էր օժտված, ինչը օգնում էր նրան այն գործում` ինչին ինքն իրեն նվիրել էր: Միեւնույն ժամանակ, նա բավականաչափ շիտակ մարդ էր: Այդ շիտակությունը հետագայում նրա հակառակորդները օգտագործեցին նրա դեմ: Արթուրը մեծ ջանասիրությամբ լծվեց պետականաշինության կառուցմանը: Նա պետականաշինության հիմքում դրել էր բարոյականություն: Այն ժամանակվա նրա դրած բարոյական նորմերի ազդեցությունը մինչեւ հիմա զգացվում է մեր պետականաշինության վրա: Այն ժամանակ Արթուրի եւ իր գործընկերների դրած ճիշտ հիմքի պատճառով է, որ հետագայում պետության այդ հիմքի վրա կառուցված շենքը ավերիչ ցնցումների չենթարկվեց:

 

 

— Փաստերը վկայում են, որ ԼՂ ԳԽ առաջին նախագահը միանշանակորեն չընդունվեց Հայաստանի այն օրերի իշխանության կողմից, քանի որ նա դաշնակցական էր: Ի՞նչ կասեք այդ մասին:

— Այն, որ ԼՂ ԳԽ առաջին նախագահը միանշանակորեն չընդունվեց Հայաստանի իշխանությունների կողմից, դա խոսում է Հայաստանի իշխանությունների այն ժամանակվա նկարագրի մասին: Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Ղարաբաղի Հանրապետության հանդեպ մինչեւ այսօր էլ էականորեն չի փոխվել: Լեռնային Ղարաբաղն այսօր անկախ հանրապետություն է: Իսկ Հայաստանի քաղաքական շրջանակներում ամենատարածված խոսքն այն է, որ Ղարաբաղը Հայաստանի մի մարզն է ընդամենը: Եթե Լեւոն Տեր Պետրոսյանն իր անձնական վերաբերմունքն էր ցույց տալիս Արթուր Մկրտչյանի անձնականի հանդեպ, ապա ինչպես բացատրել այն, որ հետագայում Ռոբերտ Քոչարյանի ձեռքով Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Սա միթե նշանակում է, որ Հայաստանը փոխել է իր վերաբերմունքը Ղարաբաղի հանդեպ:

 

 

Այն ժամանակ մեր նպատակը միացումն էր: Իսկ այսօր իրականությունն այլ է: Այժմ խնդիրը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Եվ չնայած, որ Հայաստանի վերջին երկու նախագահները Ղարաբաղից են, կարող ենք ասել, որ վերաբերմունքը չի փոխվել: Ուզում եմ մի փոքր օրինակ բերել` հավաստելու համար վերոնշյալ ասվածս: Մի անգամ Հայաստանի վերնախավի ներկայացուցիչներից մեկի հետ մոտ 10 րոպե բանավիճեցի Ղարաբաղի խնդրի շուրջ եւ վերջում նա ինձ հարցրեց` բա ձեր հարցը ոնց է լինելու: Երեւի այսօր ամենաշատը Հայաստանի ղեկավարությունը չի ուզում, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչվի: Իսկ թե ինչու, շատ պարզ. որովհետեւ իրենք ավելորդ պատասխանատվության տակ են ընկնում: Տարբերությունն այն ժամանակվա եւ ներկայիս ժամանակների` կայանում է նրանում, որ երբ Արթուր Մկրտչյանին ցույց տվեցին վատ վերաբերմունք, ապա Արթուր Մկրտչյանն էլ նրանց հասկացրեց, որ այնքան էլ չեն վախեում այդ վատ վերաբերմունքից: Այն, որ Հայաստանի իշխանությունները հիմա էլ, ինչպես հարկն է, չեն վերաբերում Ղարաբաղին` ոչ սոցիալ-տնտեսական զարգացման հարցում, ոչ անկախությունը ճանաչելու հարցում` մնում է փաստ: Անկախ այն բանից, թե երկրի ղեկը ստանձնել էր դաշնակցական Արթուր Մկրտչյանը, թե մեկ ուրիշը, փաստը կայանում էր նրանում, որ ճիշտ ժողովրդավարական ընտրության արդյունքում էին ընտրվել առաջին Գերագույն Խորհրդի պատգամավորները: Չի կարելի ժխտել այն, որ այն ժամանակվա մեր քաղաքական գործիչների փորձը քիչ էր, ինչը չի նշանակում, որ նրանք վատ քաղաքական գործիչներ էին: Նրանց ինտելեկտը եւ նվիրվածությունը փակում էր այդ բացը: Արթուրը ղեկավարել է մոտ 100 օր եւ որեւէ մի քաղաքական սխալ նա այդ ընթացքում թույլ չի տվել:

 

 

 

-Ինչպիսի՞ փոխհարաբերությունների մեջ էիք Արթուր Մկրտչյանի հետ:

 

 

 

-Արթուրն ինձանից մեծ էր երկու տարով: Եւ այդ երկու տարվա ավագությունը հիմք էր տալիս նրան անընդհատ հովանավորչական դիրքերից խոսել ինձ հետ ու խորհուրդներ տալ կյանքում կողմնորոշվելու հարցում: Ճակատագրի բերումով ես 52 տարեկան եմ, իսկ Արթուրը 33: Երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ` ընկեր ջան, հարազատս, քո տված խորհուրդներից ինչու մի երկուսն էլ դու չէիր անում կյանքդ պահելու համար: Ես մի բանի համար եմ ուրախ, որ Արթուրը այս կյանքից կարողացավ մաքուր հեռանալ: Չնայած, եթե նա հազար տարի էլ ապրեր, էլի նույն մաքուր ու ազնիվ մարդն էր մնալու: Արթուրը միշտ կմնա: Իհարկե, մենք հիմա կանք եւ գոյություն ունենք, բայց նա կա եւ կմնա, կամ, ինչպես բանաստեղծ Զահրատն էր Պարույր Սեւակին նվիրված բանաստեղծության մեջ ասում.

 

Սիրել մարդիկը բոլոր,
Թե կարիք է անկորուստ
Պարույր Մանչս երկուքս ալ
Նույն կարիքը ունեինք
Հիմա ես կամ իբր թե
Իսկ դուն կաս ու կմնաս,
Քանի հոգի մահեն վերջ
Տեսավ ասիկա…

 

 

 

-Արթուր Մկրտչյանն այն անհատներից էր, ով կանգնած էր Շարժման ակունքներում: Ինչպիսի՞ հիշողություններ ունեք այդ օրերի հետ կապված:

 

 

 

-Արթուրն ու Շարժումն իրար հետ սերտորեն են կապված, որովհետեւ նա հենց ակունքներում էր կանգնած: Նա շարժումը սկսողներից էր, ղեկավարողներից էր եւ հաղթական ավարտին հասցնողներից էր: Այն ժամանակ մենք ունեինք տարբեր մոտեցումներ: Արթուրի հետ ծանոթացել եմ 85 թվականին: Մեր մտերմության հիմնական թեման հայրենասիրությունն էր, հայրենիքն էր, Ղարաբաղի հարցն էր: Ճակատագրի բերումով համալսարանն ավարտելուց հետո դասավանդում էի Արթուրենց գյուղի դպրոցում: Արթուրն այդ ժամանակ Մոսկվայում ասպիրանտուրայում էր սովորում: Ամռանը եկավ գյուղ, ծանոթացանք: 1986 թվականի հունիսյան մի գեղեցիկ օր միասին որոշեցինք գնալ Քյուրաթաղ գյուղի եկեղեցին ուսումնասիրելու: Արթուրի հետ եւս երկու երիտասարդ կային, որոնք մեր նախասիրություններով էին լցված: Երիտասարդներից մեկը Էմիլ Աբրահամյանն էր, իսկ մյուսը Մանվել Սարգսյանը: Ճանապարհին արդեն բուռն քննարկումներ սկսեցինք: Խոսում էինք այն մասին, որ կարելի է շարժում սկսել: Տղաներն ասում էին սկսենք շարժումը, իսկ ես գտնում էի, որ դեռ շուտ է եւ հնարավոր է, որ հասարակության մեջ համախոհներ չունենանք, իսկ այդ դեպքում մի փոքրիկ գլխի նման բան կստեղծվի, որը շատ շուտ կգլխատեն: Իմ օրինակն էի բերում, որ նախ պետք է մտնենք դպրոցները` դասավանդենք, աշակերտների մեջ սերմանենք գաղափարական ոգին, հետո նոր միայն սկսենք շարժումը: Երեքն էլ իմ տեսակետին դեմ էին:

 

 

Չգիտեմ այդ ժամանակ նրանք արդեն հանդիպել էին Իգոր Մուրադյանի հետ եւ նրանց տեսակետի վրա Իգորի ազդեցությունը կար թե ոչ, միայն հաստատ կարող եմ ասել, որ Իգոր Մուրադյանն այդ ամառ եկավ Ղարաբաղ եւ սկսեց հավաքագրել հայրենասերների: Նրանց տեսակետը ճիշտ դուրս եկավ նաեւ այն պատճառով, որ այդ ժամանակահատվածը համընկնում էր Գորբաչովի սկսած ՙպերեստրոյկայի՚ հետ: Եւ իմ ընկերները հույս ունեին, որ Սովետական միությունը կարող է դառնալ դեմոկրատական երկիր: Հենց այդ ամառվանից էլ սկսեցինք աշխատանքներ տանել: Քարոզչական աշխատանքներ էինք իրականացնում, համակիրներ էինք հավաքագրում:
Բոլորին հայտնի է իմ տեսակետը, որ ես 1988 թվականի փետրվարը համարում եմ ոչ թե շարժման սկիզբ, այլ շարժման առաջին փուլի հաղթական ավարտը: Փետրվարի 20-ի սեսիան մեր ժողովրդի ազգային հաղթանակն էր, որը հիմք դարձավ մեր հետագա պետության կառուցմանը: Երբ Արթուրը եկավ Հադրութ, կարելի է ասել Հադրութի մթնոլորտը սկսեց արագորեն փոխվել: Նրա շուրջը համախմբվում էին գաղափարակից ընկերներ, հասարակության տարբեր խավի մարդիկ եւ կազմակերպվում էին տարաբնույթ միջոցառումներ: Քաղաքական քայլերից կարելի է առանձնացնել հայկական հեռուստաալիքներ դիտելու պահանջով նրանց կազմակերպած ակցիաները` նամակներ տարբեր ատյաններին. դա դեռեւս 86 թվականի գարունն էր: Դե այն ժամանակ կուսշրջկոմների իշխանությունը մեծ էր. կանչում էին եւ տղաների վրա ճնշում գործադրում, թե ինչու են նման գործողություններ իրականացնում, եւ` որ նրանք ազգայնականներ են: Արթուրը Երեւանում եւ Մոսկվայում ուսանելու տարիներին համագործակցում էր ինչ-որ խմբերի հետ, որոնց նպատակը Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանին:

 

 

Հաջորդ մեծ քայլը, որը կատարեցին Հադրութում Արթուրի գլխավորությամբ, դա այն էր, որ Հադրութի 9 բնակիչներով 1987 թվականի հունվարին նամակ գրեցին Միխայել Գորբաչովին` պահանջով, որ Լեռնային Ղարաբաղը միացնեն Հայաստանին: 25 տարվա հեռուներից ես շատ ուրախ եմ, որ այն պահերին ես էի սխալ` կարծելով, որ պետք է մի փոքր էլ սպասել, իսկ նրանք գտնում էին, որ շարժում սկսելու ճիշտ ժամանակն է, եւ գործը սկսեցին ու ավարտին հասցրին: Հետաքրքրականն այն է, որ մեր ռոմանտիկ բնավորություններից ելնելով` հույս էինք կապում Սովետական միության հետ եւ կարծում էինք, որ մեր արդար պահանջը խաղաղ ճանապարհով կլուծվի: Ես մի քիչ այլ կարծիքի էի, եւ երբ մի առիթով բանավեճի ժամանակ ասացի, որ կարելի է նաեւ մտածել զինվելու մասին, Արթուրը եւ մեր ընկերները մոտ 10 րոպե ծիծաղեցին ասածիս վրա` ասելով, որ 70 տարվա սոցիալիստական երկրում ինչ զինվելու մասին է խոսքը: Լավ է, որ կար այդ միամտությունը:

 

 

— Սկսելով Արցախյան Շարժումը` հավատում էի՞ք արդյոք, որ ձեր սկսած գործը հաղթական ավարտ կունենա:

 

 

-Մարդ առաջին հերթին պարտավոր է իր շրջապատում տեսած վատը վերացնել: Մեր հայրենիքը գտնվում էր օտարի լծի տակ: Մենք պարտավոր էինք պայքարել նրա ազատության համար. Եթե անգամ այդ գործը լիներ մեր ուժերից վեր, մենք իրավունք չունեինք դատողություններ անելու` թե արժեր սկսել շարժումը, թե ոչ: Ինչպես այն ժամանակ շատերն էին ասում` դուք ճիշտ եք, սակայն հիմա դրա ժամանակը չէ, սակայն ես ուրախ եմ, որ մեր ընկերները այն խմորից էին, որը ոչ միայն չի հաշտվում վատի հետ, այլեւ իր ամբողջ ուժով ձգտում է հասնել լավի: Ընդհանրապես` մարդ ամեն տեղ պետք է ձգտի իր ուժերի հնարավորության սահմանում փոխել կյանքը դեպի լավը:

 

 

Շարժումը սկսելուց` մենք այնքան էլ չէինք մտածում հաղթանակի մասին, մենք մտածում էինք, որ այսպես ապրելն այլեւս անհնարին է: Այսինքն` կարեւորն այն էր, որ մենք չէինք հաշտվում մեր հայրենիքի անազատ վիճակի հետ եւ մեր բոլոր ուժերով փորձում էինք փոխել ստեղծված իրավիճակը, որովհետեւ` անկախ նրանից` կարող էինք հաղթել, թե ոչ, մենք առաջին հերթին պարտավոր էինք պայքարել:

 

 

-Ի՞նչ եք կարծում` կարելի է արդյոք Արթուր Մկրտչյանի սկսած գործը ավարտված համարել:

 

 

 

-Եթե համարեի Արթուրի սկսած գործը ավարտին հասցված, ապա ես առաջինը կժխտեի ինքս ինձ, քանզի Արթուրը կենդանի է, իսկ իր սկսած գործը դեռ շարունակվում է, եւ երկրորդ` եթե ես Արթուրի գործը ավարտած համարեի, ապա կլինեի նախ ոչ ճիշտ դաշնակցական եւ երկրորդ` ոչ ճիշտ հայ: Արթուրի սկսած գործը ազգային ազատագրական պայքար էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղն ազատագրելու համար: Հայ ազգը պայքարում է Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի համար: Իսկ այդ պայքարը հարատեւ է:

 

 

Հարցազրույցը` Անի ԱԶԱՏՅԱՆԻ

 

1