Հայաստանի ինքնորոշումից մինչեւ Բրեստ-Լիտովսկ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայաստանի ինքնորոշումից մինչեւ Բրեստ-Լիտովսկ

Հայաստանի ինքնորոշումից մինչեւ Բրեստ-Լիտովսկ

2017թ. նոյեմբերի 7-ին, հերթկան անգամ, հոկտեմբերյան-բոլշեւիկյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում տոնվեց, եթե ոչ պետականորեն, ապա կրկին հանրահավաքներով ու այլ միջոցառումներով: Լրատվամիջոցներով տեղի ունեցածքննարկումների ժամանակ հնչեցին տարբեր տեսակետներ՝ հոկտեմբերյան հեղափոխությունը չարիք էր, թե բարիք Ռուսաստանի համար: Վերջին ժամանակներում Ռուսաստանում ընդհանրապես տեղի է ունենում պատմության վերանայում, մեղմվում են գնահատականները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո հնչում էին խիստ ու ոչնչացնող տոնով: Սա իհարկե իրենց գործն է եւ բխում է այսօրվա իրենց կյանքի ընթացքից եւ ռուսական պետության երբեմնի ազդեցությունը վերականգնելու ակնկալություններից: Տարօրինակորեն մեզանում նույնպես առկա են խորհրդային անցյալը սրբագրելու միտումներ: Փաստ է, որ 26 տարի առաջ Հայաստանի անկախացումը չուղեկցվեց պատմա-գաղափարական հեղաշրջմամբ, քանի-որ նոր իշխանությունների համար կոնյուկտուրային հաշիվներն ավելի կարեւոր էին, քան նորանկախ պետականությանը իրապես ազգային բովանդակություն հաղորդելու հրամայականը: Մենք այսօր էլ անկախ լինելով իրավականորեն, ազգային-պետական հավաքականություն չենք դարձել՝ որպես արժեքային համակարգի եւ դարավոր ինքնության կրողներ ու շարունակողներ: Եւ պատահական չէ, բոլշեւիկ գործիչների արձաններ դնելու մարմաջը, ստալինյան շրջանի հալածանքների մասին ցուցահանդեսի փակումը պետականորեն, իսկ որոշ հեռուստաալիքներ լծված են ազգային ու մշակութային դեմքերի կենսագրությունները կոմունիստական ավազանի մեջ «ոսկեջրելու» գործով, ոչ հեռավոր անցյալի պատմությանը շարունակելով նայել խորհրդային պատմաշինության ակնոցով: Առջեւում Առաջին Հանրապետության հարյուրամյակն է եւ սա նույնպես այստեղ ու սփյուռքում որոշ խմբակների համար պայքարը թարմացնելու առիթ է՝ դարձյալ նույն նեղմիտ հաշիվներից ելնելով: Մենք մեր հերթին, նույն հարյուրամյակի առիթով, կշարունակենք անդրադառնալ Առաջին Հանրապետության ծագման, զարգացման ու անկման փաստերին, օգտվելով մասնավորապես, պատմագիտական եւ ժամանակի գործիչների վկայություններից: Ներկայացնում ենք մեկ գլուխ ՀՀ Առաջին Հանրապետության վերջին վարչապետ, ազգային-հասարակական նշանավոր գործիչ, Սիմոն Վրացյանի.«Հայաստանը բոլշեւիկյան մուրճի եւ թրքական սալի միջեւ» աշխատությունից:

Նյութը արտատպվում է կրելով միայն ավանդական ուղղագրությունից աբեղյանական ուղղագրության փոփոխություն:

Arfd.am

Հայաստանի ինքնորոշումից մինչեւ Բրեստ-Լիտովսկ

1918թ.մայիսին, քաղաքական դեպքերի բերումով եւ հայ ժողովրդի առնական բազուկով ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:
Երկու եւ կես տարվա ընթացքին, անձեւ քաոսի եւ ավերածության միջից ծնված մանուկ պետությունը հասակ նետեց, կազմակերպվեց, ամրացավ, քաղաքական կերպարանք ստացավ, ճանաչվեց արտաքին ուժերի կողմից, ուրիշ մեծ ու փոքր պետությունների հետ միասին ստորագրելով Սեւրի դաշնագիրը՝ հասավ Հայկական հարցի տրամաբանական լուծման եւ հավասարե հավասար մտավ ազգերի միջազգային համակեցության մեջ:

Առարկայական փաստերի անաչառ ուսումնասիրությունը իրավունք է տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի անկախության անկման պատճառները ներքին չէին, այլգերազանցապես արտաքին:Հայաստանի Հանրապետությունը ընկավ թուրքերի եւ բոլշեւիկների միացյալ հարվածների տակ: Եւ առաջին հերթին բոլշեւիկների, որովհետեւեթե Խորհրդային Ռուսաստանը չքաջալերեր ու չօգներ, քեմալական Թուրքիան, ա՛յն ժամանակվա պայմաններում, համարձակություն չէր ունենա հարձակվելու Հայաստանի վրա:

Բոլշեւիկները իրենց վերաբերումի մեջ հենց սկզբից անկեղծ չէին դեպի Հայկական հարցը:Այս տեսակետից ո՛չ մի տարբերություն չկա խորհրդային եւ դրամատիրական պետությունների քաղաքականությանց միջեւ: Երկուսն էլ Հայաստանն ու Հայկական հարցը նկատում էին եւ շարունակում են նկատել ոչ թե նպատակ, այլ միայն միջոց իրենց աշխարհակալական ծրագիրների հաջողության համար:
Ըստ էության Խորհրդ. Ռուսաստանը Թրքահայաստանի հետ ավելի վատ վարվեց, քան նույնիսկ ցարական Ռուսաստանը: Սազոնովը թրքահայերին գեթ «եկեղեցական ինքնավարություն» էր շնորհում, Լենինը ու Ստալինը այդ էլ զլացան: Միլյուկովը գոնե խոստանում էր գրավել թրքահայ նահանգները եւ Ռուսաստանի հովանավորության տակ ինքնավարություն տալ հայերին, Լենինը ո՛չ միայն ամբողջ Թրքահայաստանից ձեռք քաշեց, այլ Ռուսահայաստանի մի մասն էլ զիջեց թուրքերին՝ այն արդարացումով, թե մեծ նպատակները մեծ զոհեր են պահանջում:

Լենինի համար Հայկական հարցը միայն մեկ արժեք ուներ – պայքարի զենք հակառակորդների դեմ: Եւ նա մեկից ավելի անգամներ, իր ճառերում ու հոդվածների մեջ, օգտագործեց այդ զենքը:

1917 եւ 1918 թվականներին Հայկական հարցը Եւրոպայի ուշադությունը գրավող խնդիրներից մեկն էր: Դիվանագիտական շրջանակները, ընկերվարական համագումարները, պետական մարդիկ, հաճախ զբաղվում էին հայերի ճակատագրով: Մասնավորապես ազատամիտ եւ արմատական շրջանակները ջերմ համակրանք էին արտահայտումդեպի հայերն ու հայկական բաղձանքները: Եւ բնական է, որ ցարական իշխանության տապալումից հետո, Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը անմիջապես աշխատեր դարմանել հին կառավարության գործած անարդարություններըհայերի վերաբերմամբ: Այս մտայնության արդյունքն էր Ժամանակավոր Կառավարության 1917թ. ապրիլի 26-ի կարգադրությունը Թրքահայաստանի մասին:

Այդ կարգադրությամբ, «մինչեւ խաղաղության դաշնագրով Թրքահայաստանի վիճակի վերջնական որոշումը» թուրքերից նվաճված վայրերի համար սահմանվում էր առանձին վարչություն, որ պիտի լիներ անկախ կովկասյան իշխանությունիցու ենթակա ուղղակի պետրոգրադի կենտրոնական կառավարության:

Այս կարգադրությունը, բնականաբար,ընդհանուր ուրախություն պիտի պատճառեր հայերին: Թրքահայկական նահանգները իրապես վերածվեցին ինքնավար շրջանի՝ Ժամ. Կառավարության նշանակած կոմիսարի ղեկավարության տակ:Կոմիսարի օգնականը հայ էր՝ բժ. Հ Զավրյան: Գավառապետերից շատերը եւ տեղական պաշտոնեության մեծ մասը նույնպես հայեր էին: Շուտով գաղթականությունը վերադարձավ իր տեղերը, եւ 1917թ. ամառը, Վասպուրականից սկսած մինչեւ Երզնկա, ամբողջ տարածությունը բնակեցված էր գրեթե բացառապես հայերով: Մոտ 150.000 հայություն կարայդ օրերին ռուս բանակի գրաված շրջաններում, որ մեծ աշխուժությամբ ձեռնարկեցավերված բնակավայրերի վերաշինության եւ տնտեսության վերականգնման:

Ժաման. Կառավարության այս կարգադրությունը բուռն քննադատության ենթարկվեց բոլշեւիկների, մասնավորապես Լենինի կողմից: Մեկնելով իրենց հիմնական սկզբունքից՝ «Հաշտություն առանց հողերի գրավման եւ ռազմատուգանքի»՝ բոլշեւիկները մեղադրում էին, թե Ժամ. Կառավարությունը ռուս բանակը պահելով Թրքահայաստանում՝ նվաճողական նպատակներ է հետապնդում: Հեռացրե՛ք ռուս բանակը Հայաստանից, պահանջում էին բոլշեւիկները Ժամ. Կառավարությունից, այլապես ձեր եւ ցարական կառավարության միջեւ ո՛չ մի տարբերություն չի լինի:

«Մենք, գրում էր Լենինը, պարտավոր ենք անմիջապես գոհացնել ուկրաինացիներին ու ֆիներին, ապահովել նրանց եւ Ռուսաստանի բոլոր օտար ցեղերին կատարյալ ազատություն, մինչեւ անջատվելու իրավունք. նույնը պետք է գործադրենք ամբողջ Հայաստանի վերաբերմամբ, պարտավոր ենք զորքերը հեռացնել Հայաստանից եւ մեր կողմից գրավված թրքական հողերից (*): (Ընդգծումը մերն է. Ս. Վ.):

Քիչ վերջը՝ նա գրում էր.«Եթե վաղը Խորհուրդները ձեռք առնեն իշխանությունը …մենք կասենք. դո՛ւրս հանեցեք զորքերը Հայաստանից, այլապես կլինի խաբեություն»:

Զուր էր հակաճառում Կերենսկին, թե ռուս բանակի հեռացումը Հայաստանից կլինի ոչ թե հայերի ինքնորոշում, այլ անխնա ջարդ, թե ռուս զորքերը չեն հեռացվում ո՛չ թե Հայաստանը գրավելու դիտավորությամբ, այլ հայ խաղաղ բնակչությունը, մինչեւ հաշտության կնքումը, պաշտպանելու նպատակով: Լենինին՝ այդ բացատրությունները չէին գոհացնում: Նա ճառերով ու հոդվածներով շարունակում էր համառ կերպով պահանջել ռուս բանակը անհապաղ հեռացնել հայկական նահանգներից:

Նույն պահանջը Լենինը դրեց եւ Խորհուրդների առաջին համագումարում 1917թ. մայիսին: Ցույց տալու համար համաշխարհային բանվորության եւ ճնշված ժողովուրդներին, որ հեղափոխական Ռուսաստանը նվաճողական նպատակներ չի սնուցանում, նա պահանջում էր, որ ռուս բանակը անմիջապես հեռացվի Հայաստանից: «Եթե այդ բանակը, ասում էր նա, որ այժմ պահվում է Հայաստանում եւ բռնագրավում է կատարում, որ դուք հանդուրժում եք, եթե այդ բանակը Հայաստանը դարձներ անկախ Հայաստանի Հանրապետություն եւ այն դրամները, որ մեզանից առնում են Անգլիայի եւ Ֆրանսիայի դրամատերները, տրվեին նրան, ավելի լավ կլիներ»:

Խելահաս ամեն մարդու համար հասկանալի էր, որ, ա՛յն ժամանակվա պայմաններում, «Անկախ Հայաստանի Հանրապետություն» կարելի չէր ստեղծել: Պարզ էր նույնպես, որ ռուսական բանակը Հայաստանից դուրս բերելը հավասար կլիներ հայերի բնաջնջման: Եթե Լենինը իրոք հարգում էր հայերի ինքնորոշման իրավունքը, հենց այդ իրավունքով հայերը խնդրում ու պահանջում էին, որ ռուս զորքը ո՛չ միայն չհեռացվի Հայաստանից, այլ ավելի եւս զորացվի: Բայց, ինչպես ճիշտ ասում է բոլշեւիկ պատմաբան Բ. Բորյանը, Լենինի համար կարեւորը Հայաստանն ու հայերը չէին, այլ բոլշեւիզմի հեղափոխական նպատակները: Լենինի համար «Հայկական հարցը» միջոց էր եւ ոչ թե նպատակ (**): Հայաստանը Լենինի համար զենք էր լուծելու համար դիվանագիտական կնճիռներն ու խաղերը (***):
Բորյանը արդարացնում է իր ուսուցչի ճիզվիտական այս քաղաքականությունը նրանով, որ համաշխարհային հեղափոխության շահերը ա՛յդ էին պահանջում եւ որ մեծ նպատակների համար փոքր նպատակները պետք է զոհվին. բայց դրանից ոչ հայ ժողովրդի կրած տառապանքները կմեղմանան, ոչ էլ Լենինի բարոյականությունը որեւէ արդարացում կգտնե:

Նույն Լենինի պնդումով Խորհուրդների երրորդ համագումարի հրատարակած «Աշխատավոր եւ շահագործվող ժողովրդի իրավունքների հայտարարության» մեջ, դրվեց հետեւյալ կետը.

«Խորհուրդների երրորդ համագումարը ողջունում է Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի քաղաքականությունը, որ հայտարարել է Ֆինլանդիայի անկախությունը, սկսել է դուրս բերել զորքերը Պարսկաստանից, հայտարարել է Հայաստանի ինքնավարության ազատությունը»:

Այս կետը հետագային, 1918թ.հուլիս 10-ին. Խորհուրդների 5-րդ համագումարի կողմից մտցվեց խորհրդային պետության հիմնական օրենքներիմեջ եւ կազմեց Խորհրդ. Ռուսաստանի Սահմանադրության առաջին մասի երրորդ գլխի 6-րդ հոդվածը:

Միեւնույն ոգիով է կազմված եւ Ժողովրդ. Կոմիսարների խորհրդի 1917թ. դեկտ. 31-ի ծանոթ դեկրետը Թրքահայաստանի ինքնորոշման մասին՝ ստորագրված Լենինի եւ Ստալինի կողմից: Այդ դեկրետը բառացի կերպով ասում է հետեւյալը-
«Ժովողրդական կոմիսարների խորհուրդը հայտարարում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի գյուղացիական եւ բանվորական կառավարությունը կպաշտպանե Ռուսաստանի գրաված Թրքահայաստանի հայերի իրավունքը ազատ ինքնորոշվելու մինչեւ կատարյալ անկախություն: Ժողովրդ. կոմիսարների խորհուրդը կարծում է, որ այդ իրավունքի իրագործումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների պայմանով, որոնք բացարձակապես անհրաժեշտ են հայ ժողովրդի ազատ հանրաքվեի համար: Այդպիսի երաշխիքներ ժողովրդ. Կոմ. խորհուրդը համարում է:

1) «Զորքերի հեռացումը Թրքահայաստանի սահմաններից եւ անմիջապես հայկական միլիցիայի կազմակերպումը Թրքահայաստանի բնակիչների անձի եւ գույքի ապահովությունը երաշխավորելու համար:

2) «Հայ գաղթականների, այլ եւ զանազան երկրներում ցրված հայ տարագիրների անհապաղ վերադարձը Թրքահայաստանի սահմանները»:

3) «Պատերազմի ժամանակ թրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերը տեղահանված հայերի վերադարձը Թրքահայաստանի սահմանները, որի վրա Ժող. Կոմ. Խորհուրդը պիտի պնդե հաշտության բանակցությունների ժամանակ թուրք իշխանությունների հետ»:

4) «Ժամանակավոր ժողովրդական կառավարության կազմակերպումը Թրքահայաստանում Պատգամավորների խորհրդի եւ Հայկական Կոմիտեի ձեւով՝ ընտրված ռամկավարական սկզբունքներով»:

«Կովկասյան գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար Ստեփան Շահումյանին հանձնարարվում է՝ ցույց տալ Թրքահայաստանի բնակչության ամեն տեսակ աջակցություն երկրորդ եւ երրորդ կետերի իրականացման գործում, այլ եւ ձեռնարկել տեղական հանձնախումբի կազմության՝ զորքերը Թրքահայաստանի սահմաններից դուրս բերելու եղանակը մշակելու համար»:

«Ծանոթություն.-Թրքահայաստանի աշխարհագրական սահմանները կորոշվին հայ ժողովրդի ռամկավարական ձեւով ընտրված ներկայացուցիչների միջոցով՝ համախորհուրդ սահմանակից եւ վիճելի (մահմետական եւ այլ) ռամկավարական ձեւով ընտրված ներկայացուցիչների հետ Կովկասյան գործերի արտակարգ եւ ժամանակավոր կոմիսարի հետ միասին»:

Հետաքրքրական է, որ հայտնի բոլշեւիկ Պող. Մակինցյանը (այժմ գնդակահարված) հայտնում է, որ այս դեկրետի նախապատրաստության մեջ գործոն մասնակցություն են ունեցել բանաստեղծ Վ. Տերյանը եւ Ս. Սրապիոնյանը (Լուկաշին): Իսկ Բ. Բորյանը պնդում է, թե «այս հարցում հանգուցյալ Ս. Շահումյանը վճռական դեր է խաղացել»:

Բորյանի ասելով՝ հայերի առաջարկած նախագծում եղել է հետեւյալ կետը.«Պահանջված քանակով ռուս զորքեր կպահվին Հայաստանի սահմաններում(նախկին Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում), մինչեւ այն ժամանակ, երբ գերիշխան հայ ժողովուրդը ֆիզիքական հնարավորություն ստանա ազատ համաժողովրդական քվեարկությամբ որոշելու անկախ Հայաստանի ներքին կազմակերպության հարցը եւ մինչեւ որ կազմվի հայ ժողովրդական միլիցիան՝ երաշխավորելու համար ներքին կարգը եւ երկրի արտաքին ապահովությունը(****)»:

Վ. Տերյան եւ Ս. Շահումյան շատ լավ ծանոթ էին Թրքահայաստանի վիճակին եւ բնական է, որ նման պահանջ դնեին դեկրետի մեջ, առանց որի ամեն խոստում կլիներ պարապ խոսք: Հայաստանի ապահովության եւ ինքնորոշման հնարավորության միակ պայմանը այն օրերին ռուսական բանակի ներկայությունն էր, մինչեւ որ պատերազմը վերջանար եւ ստեղծվեր բնականոն վիճակ: Ճիշտ է ասում Բորյանը. «Հայերը գերադասում էին «բռնագրավված» լինել Խրոհրդային կառավարական զորքերից, քան թե ունենալ թրքահայերի «ինքնորոշում» թղթի վրա եւ մնալ ռուսահայերի ֆիզիքական բնաջման սպառնալիքի տակ թուրքերի կողմից: Բայց Ժող. Կոմ. Խորհրդին հետաքրքրողը Հայաստանն ու հայերը չէին, այլ միջազգային հեղափոխությունը եւ արեւելյան-իսլամ ազգերին սիրաշահելու հաշիվը: Պահել ռուսական բանակը Թրքահայաստանում՝ պիտի նշանակեր անհաճո գործ կատարել թուրքերի համար, միչդեռ, ինչպես կտեսնենք հետագային, Թուրքիան եւ իսլամ աշխարհը բոլշեւիկների աչքին մեծ կարեւորություն ունեին, եւ բոլշեւիկները արդեն բանակցության մեջ էին թուրքերի հետ: Բոլշեւիկների համար, ասում է Բորյանը,«ամբողջի շահերը ավելի բարձր են քան մասի շահերը»: Հայերը «մաս» էին եւ պետք է զոհվեին «ամբողջի» սեղանի վրա: Եւ հայ բոլշեւիկների առաջարկած կետը չմտավ դեկրետի մեջ:

Այս այն դեկրետն է, որի առթիվ Ստալինը հայտնում էր, թե Հայկական հարցը լուծվեց միայն խորհրդային իշխանության ջանքերով: Հետագային Ալ. Մյասնիկյանն էլ հաստատեց, թե՝ Հայկական հարցը լուծված վերջացած է խորհրդային քաղաքականության շնորհիվ:

Դեկրետի բնական հետեւանքները տեսնելու համար շատ սպասելու պետք չեղավ: Խոսքին անմիջապես հաջորդեց գործը: Խորհրդային իշխանության հրամանով ռուսական զորքերը ձգեցին Թրքահայաստանը եւ հեռացան Ռուսաստան: Հայոց ձորից սկսած մինչեւ Երզնկա, այդ լայնատարած ռազմաճակատի պաշտպանությունը մնաց հայկական նորակազմ զորամասերի եւ կամավորական խմբերի վրա, որոնց առջեւ կանգնած էր թարմ ուժերով զորացած թրքական բանակը: Բնական էր, որ հայերը մենակ պիտի չկարողանային պաշտպանել այդ ընդարձակ տարածությունը: Եւ հետեւանքը եղավ այն, որ Վեհիբ փաշայի զորամասերը, իրենց շուրջը սփռելով ավեր ու կոտորած, առաջ շարժվեցան եւ մի քանի ամսում ամբողջ Թրքահայաստանը անցավ թուրքերի ձեռքը: Բոլշեւիկների ձեռքով «ինքնորոշված» թրքահայությունը՝ բնավեր ու խուճապահար՝ նորից բռնեց գաղթի եւ թշվառության ճանապարհը:

Բոլշեւիկյան քաղաքականությունը նույն հետեւանքներն ունեցավ եւ ամբողջ Ռուսաստանի վերաբերմամբ-ներքին քաոս եւ ճակատների փլուզում: Անզոր շարունակելու պատերազմը՝ խորհրդային իշխանությունը խնդրեց հաշտություն: Հաղթական Գերմանիան դրեց տաժանելի պայմաններ: Լենինի կառավարությունը ուրիշ ելք չուներ, բայց եթե ընդունել թշնամու պահանջը: Եւ 1918 թ. մարտին ստորագրվեց Բրեստ-Լիտովսկի «խայտառակ խաղաղության» դաշնագիրը:

Այդ դաշնագրի 4-րդ կետը անմիջապես վերաբերում է հայերին: Այնտեղ ասված է.
«Ռուսաստանը պետք է կատարե իրենից կախված ամեն բան, որպեսզի ապահովե Արեւելյան Անատոլուի նահանգների շուտափույթ պարպումը եւ նրանց օրինավոր վերադարձը Թուրքիային: Արդահանի, Կարսի եւ Բաթումի շրջանները պետք էնույնպես անմիջապես պարպվին ռուս զորքերից: Ռուսաստանը չպետք էխառնվի այդ շրջանների պետական, միջազգային-իրավականհարաբերությունների մեջ, այլ պետք է թույլ տա, որ այդ շրջանների բնակչությունը ինքը ստեղծէ նոր կարգ՝ համախորհուրդ հարեւան պետությունների, ի մասնավորի, Թուրքիայի հետ»:

Ուրիշ խոսքով բոլշեւիկները ոչ միայն ամբողջ Թրքահայաստանը հանձնում էին թուրքերին, այլ՝ վերադիր նաեւ Ռուսահայաստանի երեք կարեւոր շրջանները:

Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ավելի եւս արձակեց թուրքերի ձեռքերը: Նրանք չմնացին ռուս-թրքական սահմանագծի վրա եւ շարժվեցին դեպի Կովկասի ներսերը՝ իրենց հետ բերելով ավեր ու կոտորած:

Այս առթիվ Անդրկովկասի կոմիսարիատը ստացավ Չիչերինի եւ Կարախանի հետեւյալ հեռագիրը.-

«Թրքական բանակը շարժվում է դեպի Բաթում, Կարս եւ Արդահան՝ ավերելով երկիրը եւ բնաջնջելով գյուղացի բնակչությունը: Հայերի հետագա ճակատագրի պատասխանատվությունը ընկնում է Գերմանիայի վրա, որովհետեւ նրա պահանջով էր, որ ռուս զորքերը դուրս հանվեցին հայկական շրջաններից, եւ այժմ նրանից է կախված թրքական զորքերի զսպումըսովորոկան բռնություններից»:

Ուրեմն իրենց ամբողջ քարոզչությամբ ու գործերով, Լենինի ճառերով, հոդվածներով ու դեկրետներով բոլշեւիկները չէին ուզում զորքերը հեռացնել Թրքահայաստանից եւ միայն Գերմանիայի պահանջո՞վ հեռացրին: Մաքիավելիությունը ամեն դիվանագիտության հատուկ է, բայց ստին ու կեղծիքին էլ սահման կա: Դեռ Բրեստ-Լիտովսկից շա՜տ առաջ զորքերը հեռացված էին Հայաստանից: Բրեստ-Լիտովսկի օրերին միայն հայկական զորամասերը կային Հայաստանի ճակատում:

Չիչերին-Կարախանի հեռագիրը հանցավոր խղճի ինքնարդարացման անհաջող ճիգ էր սոսկ՝ իրենց իսկ ձեռքով կորստյան դատապարտված մի ժողովրդի գերեզմանի առջեւ…

Անշուշտ, Լենինը ավելի անկեղծ էր, երբ հետագային, հայ ժողովրդի ամենաողբերգական վայրկյանին, իր մտերիմ զինակից Արշավիր Մելիքյանի գլխավորությամբ իրեն ներկայացող հայ բոլշեւիկներին պատասխանեց.«Սիրելի ընկերներ, ցավում եմ հայ ժողովրդի ճակատագրի համար, բայց մենք 15 միլիոն ռուսներ զոհեցինք համաշխարհային հեղափոխության համար եւ եթե պետք լինի եւս 15 միլիոն կզոհենք: Համաշխարհային հեղափոխությունը զոհեր է պահանջում: Ցավում եմ, եթե մեկ միլիոն հայեր էլ զոհվին…»
Արշավիր Մելիքյանը, որ Լենինի հավատարիմ զինակիցն էր եղելտարագրության օրերին, այնուհետեւ խորտակվեց հոգեպես ու կորավ անհայտության մեջ գաղափարական բոլշեւիկների նման:

(*)Լենինի երկերը, ռուսերեն, հատոր 14-րդ, մաս Բ., էջ 128:
(**)Բորյան, «Հայաստան, Միջազգային Դիվանագիտությունը եւ Խ.Ս.Հանր. Միությունը» Բ. հատոր էջ 362:
(***)Նույն տեղ, էջ 377:
(****)Բորյան Բ. հատոր, էջ261.«Նորք» , թիվ 5-6, էջ 414-415:

Սիմոն Վրացյան «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՇԵՒԻԿՅԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ՄԻՋԵՒ» (ԷՋ 9-19 ՊԵՅՐՈՒԹ 1953)

1