Համոզված եմ, որ 2018թ. սոցիալ-տնտեսական առումով Արցախի համար լինելու է բեկումնային
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համոզված եմ, որ 2018թ. սոցիալ-տնտեսական առումով Արցախի համար լինելու է բեկումնային

Համոզված եմ, որ 2018թ. սոցիալ-տնտեսական առումով Արցախի համար լինելու է բեկումնային

Հունվարի 17-ին կայացել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի՝ 2017թ. գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը:

«Համոզված եմ, որ 2018թ. Արցախի համար սոցիալ-տնտեսական առումով լինելու է բեկումնային, ավելին, քան երբևէ ունեցել ենք»,- բացման խոսքում նշել է պետնախարարը: Այս կանխատեսումը, ըստ պետնախարարի, մի շարք հիմնավորումներ ունի. 2018թ. աճ է նախատեսվում հանքարդյունաբերության ոլորտում, էներգետիկայի ոլորտում. այսօր շինարարակական աշխատանքների փուլում գտնվող հէկ-երի մեծ մասը շահագործվելու է 2018թ.: «Երրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է: ԱՀ նախագահի հանձնարարականով չմշակված հող չպիտի լինի, որը մենք պետք է կյանքի կոչենք: 2017 թ. աննախադեպ տարածք է մշակվել՝ մոտ 80.000 հա, որը մենք պետք է ընդունենք որպես նվազագույն կետ: Այգեգործության բնագավառում ենք մեծ աշխատանքներ իրականացնում, որն իր արդյունքը կտա»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ մեծ ակնկալիքներ կան շինարարության և զբոսաշրջության ոլորտներից:

Պետնախարարին ուղղված հարցերը բազմաբնույթ էին՝ սկսած նոր ստանձնած պետնախարարի և վարչապետի պաշտոնների միջև տարբերություններից մինչև աշխատավարձերի, թոշակների բարձրացում, գնաճ, պետական կառավարման համակարգում իրական օպտիմալացում, զոհված զինծառայողներին հատկացվող բնակարաններ և այլն:

Պատասխանելով 2017թ. վերաբնակեցման ոլորտում իրակացված աշխատանքների մասին «Ապառաժ»-ի հարցին, ԱՀ պետնախարարը նշել է, որ վերաբնակեցման ուղղությամբ իրականացվել է բնակարանային շինարարություն, հիմնականում Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերում՝ Աղավնոյում, Իշխանաձորում, Կովսականում, Միջնավանում: «Իշխանաձորը մեր ամենահեռանկարային և ամենագեղեցիկ բնակավայրերից մեկն է, որն ունի նաև ստրատեգիական կարևոր նշանակություն»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ 2018թ. պետական բյուջեով ավելացվել է ոլորտի ֆինանսավորումը: Արաքսավանում, Առաջամուղում, Քարվաճառում, Քաշաթաղում նախատեսվում են բնակարանային ֆոնդի ավելացում, նոր աշխատատեղերի բացում, շարունակվելու են աշխատանքները Թալիշում:

1