Համոզված եմ, որ հայերի մեծամասնությունը կքվեարկի Մակրոնի օգտին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Համոզված եմ, որ հայերի մեծամասնությունը կքվեարկի Մակրոնի օգտին

Համոզված եմ, որ հայերի մեծամասնությունը կքվեարկի Մակրոնի օգտին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց այն մասին, թե ինչու է Ֆրանսիայի հայ համայնքը որոշել նախագահի ընտրությունների 2-րդ փուլում աջակցել Էմանուել Մակրոնին:

– Պարոն Փափազյան, փաստորեն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը որոշում է կայացրել Էմանուել Մակրոնին աջակցելու մասին:

– Այո, երկու համանախագահները՝ Արա Թորանյանը և ես, նամակ գրեցինք Էմանուել Մակրոնին՝ իրեն վստահեցնելու համար, որ մենք զորավիգ ենք կանգնում իր թեկնածությանը: Բացատրեցինք՝ ինչու: Մենք չենք կարող ընդունել ծայրահեղ աջ թեկնածուի գաղափարաբանությունը և համոզված ենք, որ Մարին Լը Պենի քաղաքականությունը վնասակար է Ֆրանսիայի համար, և Էմանուել Մակրոնի մոտեցումը կարող է լուծել պատգամները:

Մենք նաև տեսանք Էմանուել Մակրոնի վերաբերմունքը Հայ դատին, հայկական գաղութին: Ապրիլի 24-ին նա եկել էր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մենք շփվեցինք իր հետ գլխավոր թեմաների շուրջ՝ ցեղասպանություն, ուրացում, Հայաստան, Արցախ, Թուրքիա, Ադրբեջան, և կարծում ենք, որ կարող ենք իր հետ ձևավորել դրական հարաբերություններ: Սա նշանակում է, որ առնվազն մեր թեմաների շուրջ նա լսելու է մեզ: Նա համամիտ է մեզ հետ Հայ դատի, ցեղասպանության, Հայաստանի, Թուրքիայի և մասնավորապես Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հետ կապված հարցերում: Մենք հետևում ենք միևնույն քաղաքական գծին:

– Ի՞նչ էր կոնկրետ ասել Մակրոնը Ղարաբաղյան հարցի մասին: Արդյոք արտահայտե՞լ էր նման միտք, որ «կհետևեմ, որպեսզի խնդիրը լուծվի ամբողջական, հիմնավոր և հօգուտ Հայաստանի»:

– Նա ասաց հետևյալը, որ ինքը հասկանում է, որ հարկավոր է լուծում գտնել Ղարաբաղյան հարցին, որովհետև հակամարտությունը շատ երկար է ձգվել՝ 94-ից ի վեր: Ավելացրեց, որ Ֆրանսիան իր դրական կեցվածքը պիտի շարունակի, բայց նաև չմոռացավ շեշտել, որ հարցը միայն Մինսկի խմբի ձևաչափով կարող է լուծվել, և խմբում կան նաև Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, ասինքն՝ ինքը պիտի ամեն ինչ անի, որպեսզի դրական ձևով լուծվի հարցը՝ դեպի Հայաստան, դեպի անկախ Արցախ, բայց ինքը չի կարող վստահեցնել մեզ, որ դրական ձևով պիտի վերջանա, ինչպես որ մենք ենք ուզում, որովհետև կան ռուսական և ամերիկյան գործոնները: Շատ չուզեց խոսել այս խնդրի մասին, ավելի զգուշավոր էր, որովհետև չի կարող խոսել բոլորի անունից:

– Իսկ ընդհանրապես Հայաստանը և հայությունը ի՞նչ սպասելիքներ պիտի ունենան Մակրոնից: Արդյոք ավելի մեծ նշաձո՞ղ պիտի սահմանվի, քան Օլանդի դեպքում էր:

– Կարծում եմ, որ մեզ համար շարունակություն կարող է լինել, որովհետև Մակրոնը մասնակցեց, տեսավ, թե ինչպես Օլանդը պրո-հայկական քաղաքականություն տարավ, ուրեմն ինքը գիտի, որ մեր պայքարն արդար է: Նա հայտարարեց, որ պիտի ամրապնդի Հայաստանի հետ հարաբերությունները, զարգացնի Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական և քաղաքական հարաբերությունները: Նա պիտի զորացնի նաև հիշողության պայքարը՝ ամեն տարի ներկա լինելով ապրիլի 24-ի միջոցառումներին: Նա նաև ասում է, որ չի կարելի թույլ տալ, որ հարցականի տակ դրվի հայկական ցեղասպանության իրականությունը: Ինչպե՞ս թույլ չտալ. սրա պատասխանը դեռևս չկա, որովհետև խնդիր ենք ունեցել օրենքի հետ, ուրեմն պետք է շարունակենք մտածել՝ ինչպես: Բայց գոնե քաղաքական հողի վրա նա հստակ և գնահատելի կեցվածքներ ունի:

Ուզում եմ ասել, որ երբ Օլանդը որոշեց չառաջադրվել նախագահի ընտրություններում, ես բավական մտահոգ էի, որովհետև իր հետ ունեինք՝ ուղղակի կապեր, թե՛ քաղաքական և թե՛ անձնական կապեր, և նաև նա փաստել էր, որ համաձայն է մեզ հետ մեր թեմաների շուրջ: Մակրոնի պարագայում չեմ ուզում չափազանց դրական ակնկալիքներ ունենալ, որովհետև կարող ենք նաև հուսախաբ լինել, բայց առնվազն կապը կա, մեր թեմաների շուրջ համաձայնություն կա: Հիմա պետք է շարունակենք աշխատանքը: Ամեն ինչ մեր ձեռքերում չէ, բայց պետք է շարունակենք աշխատանքը: Համենայնդեպս, հարյուր տոկոսով բացառված է, որ գնանք դեպի Մարին Լը Պենը, որովհետև իր բոլոր քաղաքականությունները դեմ են մեր հայացքներին, գաղափարական արժեքներին:

– Ինչպե՞ս կբնորոշեք Մակրոնի ընդհանուր քաղաքական հայացքները: Նա եվրոպամետ է, ձգտում է պահպանել Եվրոպայի միասնականությունը, ազատական է…

– Այո, նա սոցիալ-ազատական է, անշուշտ մտահոգ է Եվրոպայի միասնականության պահպանմամբ և ավելի պրագմատիկ է, ասում է՝ լուծումներ կան, որ դեպի աջ են գնում, և լուծումներ կան, որ դեպի ձախ են գնում, չեմ կարող ասել, որ ձախերի մեջ ամեն ինչ վատ է կամ աջերի մեջ է ամեն ինչ վատ, ուրեմն հարկավոր է ավելի հավասարակշռված, պրագմատիկ քաղաքականություն վարել:

– Ամեն դեպքում հնարավո՞ր են անակնկալներ, հնարավո՞ր է, որ, այնուամենայնիվ, մայիսի 7-ի ընտրություններում հաղթի Լը Պենը:

– Մինչև չորեքշաբթի գիշեր իսկապես կասկած ունեինք, որ վտանգ կա: Չորեքշաբթի՝ մայիսի 3-ին, տեղի ունեցավ հեռուստատեսային բանավեճ երկու թեկնածուների միջև: Ոչ միայն համաձայն չենք Լը Պենի հետ, այլև Լը Պենը նախագահի մակարդակ չունի, շատ փոքր դուրս եկավ Մակրոնի առջև, ուրեմն սա մեզ հույս է տալիս, որ կիրակի օրը Մակրոնը կհաղթի:

– Կարևոր հարցն այս համատեքստում թերևս այն է, որ Արևմուտքի շատ երկրներում Լը Պենի պես գործիչներն իրենց պայքարը ներկայացնում են որպես պայքար երկրի ինքնիշխանությունը և անկախությունը վերականգնելու համար, ինչպես «Բրեքսիթի» կողմնակիցներն էին անում Բրիտանիայում կամ Թրամփը՝ Միացյալ Նահանգներում: Եվ հիմա Լը Պենը հայտարարում է, որ եթե հաղթի Մակրոնը, ապա Ֆրանսիան ղեկավարելու է Մերկելը: Նա կարո՞ղ է հաղթել այս խաղաթղթով:

– Ազդեցություն կարող է ունենալ, բայց կարծում եմ, որ դա բավարար չէ: Չեմ կարծում, որ Լը Պենը շանս ունի:

– Ի՞նչ տրամադրություններ կան հայության շրջանում: Կարո՞ղ ենք ասել, որ հայերն ընդհանուր առմամբ աջակցում են Մակրոնին, թե՞ կան Լը Պենի կողմնակիցներ:

– Կարծում եմ, որ հայկական գաղութը քվեարկում է ֆրանսիացիների պես. երբ կազմակերպությունները կոչ են անում, նրանք գնում են ավելի շատ այդ կոչի ուղղությամբ: Կարող եմ ասել, որ մեր կոչը ազդեցություն ունեցել է գաղութի մեջ: Խնդիրն այն է, որ երկու գլխավոր, դասական ուժերը՝ սոցիալիստները և աջերը, չկային ասպարեզում, ուրեմն պետք է իմանալ, որ ապագան տարբեր է լինելու, պետք է տարբեր ձևով մտածենք, հարաբերվենք և գիտակցենք, քաղաքական կյանքում նոր վերակազմակերպում է լինելու: Ուրեմն ես հույս ունեմ և համոզված եմ, որ հայերի մեծամասնությունը հակված է Մակրոնի կողմը:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

1in.am

1