Համակարգչային սենյակ՝ Աղավնոյի աշակերտներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Համակարգչային սենյակ՝ Աղավնոյի աշակերտներին

Համակարգչային սենյակ՝ Աղավնոյի աշակերտներին

Լիբանանում գործող ԱՐԻ ծրագրի շրջանակներում Քաշաթաղի շրջանի Աղավնո-ԱՐԻավան գյուղում կառուցվել են 50 առանձնատներ: Լիբանանում գործող ՀՅ Դաշնակցության «Արցախ Ֆոնտ» հիմնադրամը տասը տարուց ավելի է, ինչ բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում Քաշաթաղի շրջանում: Ծրագրերից հիմնականը 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին անասուն հատկացնելն է: Վերջերս շրջան այցելեցին «Արցա ֆոնտ»-ի ներկայացուցիչները և մոտ 70 ընտանիքի հատկացրեցին անասուն: «Արցախ Ֆոնտ»-ի ներկայացուցիչ Մարալ Մահսերեճյանը տեղեկացրեց, որ այս տարի շատ ընտանիքներ անասունի փոխարեն ցանկություն են հայտնել վերցնել համապատասխան գնի մեղվաընտանիք: 2017 թ. ծրագիրը Քաշաթաղի շրջանում արդեն ավարտվել է, սակայն «Արցախ Ֆոնտ»-ի ներկայացուցիչները դեռ շրջանում են և սեպտեմբերի 9-ին այցելելեցին Աղավնո գյուղի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոց, որը գործում է 1995 թվականից: Շենքային պայմանները, չնայած բավարար չեն, այնուամենայնիվ դպրոցն իրականացնում է իր առաքելությունը:

Այս ուստարում ունի 46 աշակերտ, անցած տարվա 33-ի փոխարեն: Առաջին դասարան ընդունվել է 5 երեխա, 12-րդում աշակերտ չկա: Դպրոցում բացվեց համակարգչային սենյակ, որն «Արցախ Ֆոնտ»-ի նվերն է Աղավնոյի աշակերտներին: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, օգնական՝ «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, «Արցախ Ֆոնտ»-ի և շրջանի ՀՅԴ ներկայացուցիչներ, Աղավնոյի բնակիչներ, հյուրեր: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Առաքելյանը ողջունեց ներկայացուցիչներին, կարևորեց դպրոցի դերը գյուղի կյանքում և հավելեց. «Հուրախություն մեզ՝ «Արցախֆոնտ»-ի բարեգործական կազմակերպության աջակցությամբ այսօր արդեն ունենք համակարգիչներ, որոնք էլ ավելի կոգևորեն և ձեռքբերումների կմղեն յուրաքանչյուրիս: Հարգելի՛ հյուրեր, մենք մեծ պատասխանատվության զգացումով և ոգևորությամբ ընդունում ենք այդ նվերը: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում «Արցախ Ֆոնտ»-ի բարեգործական կազմակերպության նախագահ պարոն Հակոբյանին և մեզ հետ անմիջական կապի մեջ գտնվող տիկին Մահսերեճյանին՝ այս գեղեցիկ օրը մեզ պարգևելու համար»:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը բարձր գնահատեց բարեգործական կազմակերպությունների դերը շրջանի կայացման գործում։ Քաշաթաղի շրջանում մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Լ. Հովհաննիսյանը նույնպես անդրադարձավ լիբանանահայության օժանդակությանը մեր երկիր կայացման գործում: Հայտնեց շնորհակալություն բարերարներին՝ նշելով նաև, որ Լիբանանի Արցախի օժանդակության մարմինը «ԼԱՕՄ» դեռ 90-ական թվականներից է գործում: 1994-ին վերանվանվել է «Արցախ Ֆոնտ» և մինչ օրս Արցախի կողքին է և օժանդակում է տարբեր բնագավառներում:

«Արցախ Ֆոնտ»-ի ներկայացուցիչ Մարալ Մահսերեճյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորելով Աղավնոյի դպրոցի անձնակազմին, ասաց. «Մեր նոր կառուցված ավանի համար հարկավոր է օրինակելի դպրոց: «Արցախ Ֆոնտ»-ը Լիբանանում գործող ՀՅԴ կառույցի կազմում է և իր ծարագրերում ընդգրկել է «Գույք՝ Արցախի դպրոցներին»-ը: Այս ծրագիրն իրագործվում է այս աշակերտների նման երեխաների կողմից հանգանակած գումարներով»: Հավելեց նաև՝ նման սենյակ բացել են Արցախի մի շարք դպրոցներում, այդ թվում՝ նաև Թալիշում, և ցավ հայտնեց, որ այժմ Թալիշի դպրոցն ավերված է: Աղավնոյի դպրոցի համակարգչային սենյակն անցած տարվա ապրիլյան իրադարձություններից հետո առաջին բացվածն է, և հույս հայտնեց, որ դեռ բազում դպրոցներ կունենան նման կենտրոններ: Գ. Նժդեհի անվ. միջնակարգի տնօրեն Վիտալի Շալունցը հայտնեց շնորհակալություն: «Մեր դպրոցի ուսուցչական անձնակազմի, աշակերտների անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել «Արցախ ֆոնտ»-ին և պարզապես ասել շնորհակալություն:

Առանձնահատուկ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ուղղակի և անմիջական կապ են ունեցել այս ազգանվեր գործի,- հավելեց Վ. Շալունցը։  Ելույթներից հետո կայացավ սենյակի բացման արարողությունը: Կարմիր ժապավենը կտրեցին Լ. Հովհաննիսյանը և Մ. Մահսերեճյանը: Բարեգործները դպրոցին նվիրել են 5 համակարգիչ, մեկ տպիչ սարք և պրոեկտոր: Գեղեցիկ ձևավորված սենյակում հնչեցին բարեմաղթանքի, շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր։ Աղավնոյի գյուղական համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանը նշեց, որ բնակավայրի կայացման հիմնական գործոնը դպրոցն է, «Արցախ ֆոնտ»-ին հայտնեց շնորհակալություն՝ մատուցած բարեգործության համար: Իրենց շնորհակալությունը հայտնեցին ծնողները և հույս հայտնեցին, որ կունենան նաև դպրոցի հարմարավետ շենք:

Զոհրաբ Ըռքոյան

1