Համաժողովրդական զարթոնք հանուն ազատության և անկախության
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համաժողովրդական զարթոնք հանուն ազատության և անկախության

Համաժողովրդական զարթոնք հանուն ազատության և անկախության

1988-ի փետրվարի 13-ի փոթորիկը տակնուվրա արեց ոչ միայն Արցախը, ոչ միայն աշխարհի 10 միլիոնանոց հայությանը, այլև խարխլեց 70 տարի գործող բռնապետության՝ Խորհրդային Միության հիմքերը: Ստեփանակերտի Լենինի անվան կենտրոնական հրապարակը ալիքվեց ցուցարարների վանկարկումներից՝ «Հա-յաս-տան», «Մի-ա-ցում»: Ուսանող ցուցարարներին միացան դասախոսներ, խիզախ աշխատավորներ: Ելույթ ունեցողները մարզի իշխանություններից պահանջում էին խորհրդային իշխանությունների առաջ հարց բարձրացնել, վերականգնել պատմական արդարությունը՝ Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին:

Օրեցօր ավելանում էր հրապարակում հավաքված մարդկանց քանակը: Մարզային կենտրոնի հանրահավաքային և գործադուլային շարժմանը աջակցում, ոգեշնչում էին գյուղերը՝ պարենամթերքով, հոծ խմբերով: Դա կապանքները խորտակող համաժողովրդական զարթոնք էր, հեղափոխություն, անզիջում պայքար՝ հանուն ազատության ու հայրենիքի:
Արցախյան շարժման առաջամարտիկներից ու նվիրյալներից է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Համլետ Գրիգորյանը, որի գործունեությունը և անցած ճանապարհը սերտորեն առնչվում է ղարաբաղյան շարժման 30-ամյա պատմության հետ: Անվախ ու ոգեշունչ ելույթների, սկզբունքայնության ու ազգային գաղափարների նվիրվածության համար նրան երեք անգամ բանտ են նետում՝ անտեսելով նույնիսկ այն փաստը, որ Հայաստանի և Արցախի առաջին խորհրդարանների պատգամավոր է: Հետագայում Հ. Գրիգորյանը գլխավորել է Արցախի անկախ հանրապետության կառավարության կրթության և գիտության նախարարությունը, Արցախի պետական համալսարանը:
Արցախյան շարժման առաջամարտիկին ու նիվրյալին խնդրեցինք մի քանի դրվագներ պատմել այն ոչ հեռավոր տարիներից:

Շտաբի առաջին մարտը

1988 թվականն էր: Այն վայրը, որտեղ լուրեր էինք ստանում և հաղորդում տարբեր լրատվամիջոցների, տեղակայված էր ներկայիս քաղաքապետարանի դիմացի բնակելի շենքի աջ մասի առաջին հարկում: «Ամերիկայի ձայն», Մոսկվայից՝ «Ժամանակ», «Ռեգնում», «Բի-բի-սի», ինչպես նաև տարբեր երկրներից մեր աջակիցների խոսքերը՝ ակտիվիստներն արագորեն վեր էին լուծում բոլոր տեղեկատվությունները և մեծամասամբ գալիս ճիշտ եզրակացության: Օրերից մի օր երեկոյան լուր եկավ, թե Կրկժանի կողմից թիվ 9 դպրոցի ուղղությամբ ազերիները հարձակվել են հայերի տների վրա: Կողքից մեկը հաստատեց, որ կրակոցներ են լսվում: Առանց հապաղելու կազմեցինք երկու խումբ: Ես, Ժաննան, Բորիս Դադամյանը և էլի մի քանի հոգի շարժվեցինք դեպի Կրկժան: Մյուս խումբը ստեղծեց և կազմակերպեց Ռազմիկ Պետրոսյանը, և իրարից անկախ գործի անցանք: Բորիս Դադամյանն ուներ երկփողանի որսորդական հրացան: Ես շալակեցի մեկ ուսապարկ՝ լիքը փամփուշտներով: Ժաննան կարծեմ ուներ նռնակներ և ատրճանակ: Տեղ հասանք և սպասում էինք կրակոցի ձայնի, որ այլ ուղղությամբ մենք էլ կրակենք:
Մութ էր, ոչինչ չէր նկատվում: Բավական սպասեցինք, և մոտիկից մի կրակոցի ձայն լսեցինք: Հետո պարզվեց, որ Ռազմիկ Պետրոսյանն է, պատասխան կրակ էր բացել: Հետո լսեցինք կրակոցներ շատ հեռվից, բայց դրա համար փամփուշտ կորցնելն իմաստ չուներ: Դա տևեց մեկ-երկու ժամ, և մեզ հայտնեցին, որ պարետատնից զինված զինվորներ են գալիս մեզ զինաթափելու ու ձերբակալելու (եթե կարելի է այդպես ասել): Անմիջապես կոշիկի ֆաբրիկայի մոտերքով ցրվեցինք ու թաքնվեցինք, որից հետո առանձին-առանձին եկանք դեպի շտաբը: Որքա¯ն էինք հպարտ ու լի վրեժխնդրությամբ, ինքներս մեզնից գոհ էինք: Հիմա արդեն, երբ վերհիշում եմ, ծիծաղելի է թվում այդ ամենը…
Հաջորդ օրերին Ռազմիկ Պետրոսյանը մեկ շաբաթ գիշերեց Կրկժանի մոտերքում: Գիշերը մի քանի անգամ կրակում էր դեպի Կրկժան՝ իմաց տալով, որ մենք արթուն ենք…
Դրությունը Ղարաբաղում օրեցօր լարվում էր: Կենտրոնական թերթերը փորձում էին վարկաբեկել Շարժումը և նրա ղեկավարներին: Հայերի և ազերիներով բնակեցված գյուղերի միջև հակամարտությունն ուժեղանում էր: Ճանապարհներին սկսվել էր քարերով պատերազմը, անասնագողությունը, մարդորսությունը, մարդասպանությունը: Արցախից բողոք-նամակները շարունակվում էին հղվել Մոսկվա:

Ապտակ… գեներալին

Մի առիթով Արցախի պետական համալսարանի նախկին ռեկտոր, իսկ այժմ Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը մի դեպք պատմեց իմ հացադուլի օրերից, որը բնութագրում էր մայր համալսարանի ամբողջ կոլեկտիվի և ուսանողության ոգին ու նվիրվածությունը Արցախյան շարժմանը: Օրերից մի օր մի խումբ բարձրաստիճան զինվորականներ այցելեցին համալսարան: Այդ խումբը ղեկավարում էր փոքրամարմին ու կարճահասակ մի գեներալ, որի ազգանունը Ստարիկով էր: Խմբում կար հակառակ կազմվածքի մեկ այլ գեներալ՝ հաղթանդամ ու ազդեցիկ պահվածքով: Այդ օրը բանասիրական ֆակուլտետի ուսանողուհիները եկել էին ինձ՝ հացադուլավորիս, ուժ ու տոկունություն մաղթելու: Հաղթանդամ գեներալը դիմեց աղջիկներին հետևյալ խոսքերով (հաշվի չառնելով մենթալիտետը). «Девочки, вы молодые и красивые студентки, чем вы занимаетесь, в эти годы вам гулять и гулять» («Աղջիկներ, դուք երիտասարդ եւ գեղեցիկ ուսանողներ եք, ինչո՞վ եք զբաղված, «ձեր ման գալու» տարիքն է): Աղջիկներից մեկն այնպես ապտակեց գեներալին, որ ճեմասրահում գտնվողները ցնցվեցին: Տեսնելով այդ ամենը՝ գեներալ Ստարիկովը դիմեց «թակ կերած» գեներալին. «Видишь, я же вас предупреждалб выходите- уходим отсюда». (Տեսնում եք, ես ասում էի, ես ձեզ զգուշացնում էի, դուրս եկեք- գնում ենք այստեղից):

Ստեփանակերտից-Սարատով

1990 թ. աշնան սկզբներին՝ ՀՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն ավարտելուց հետո, «Յակ-40» ինքնաթիռի 14-րդ չվերթով մի խումբ նախարարների և գործարարների հետ վերադառնում էի Ստեփանակերտ: Մեր նպատակն էր, որ նրանք Ղարաբաղում հիմնադրեն աշխատատեղեր, կոոպերատիվներ և այլն: Երբ հասանք Գորիսի օդային տարածքը, օդանավի ուղեկցորդուհին դուրս եկավ անձնակազմի խցիկից ու հարցրեց.
— Օդանավում կա՞ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
— Այո, ես եմ,-ասացի:
Աղջիկը նորից մտավ խցիկը: Հետո դուրս եկավ օդանավի հրամանատարը, մոտեցավ ինձ ու ասաց. «Օմոնի կողմից Ստեփանակերտի օդանավակայանում սահմանվել է արտառոց խիստ հսկողություն, և սպասում են ինչ-որ կարևոր անձնավորության: Միգուցե հետ շրջվեմ Երևան, կամ էլ վայրէջք կատարեմ»:

Գորիսի օդանավակայանում սիրտս վատ բան էր գուշակում: Շնորհակալություն ասացի օդանավի հրամանատարին ու խնդրեցի, որ չփոխի թռիչքի ուղղությունը: Եթե որոշել են ձերբակալել, ուրեմն կանեն՝ ինչպես վարվեցին Արկադի Մանուչարովի հետ:

Երբ օդանավը վայրէջք կատարեց Ստեփանակերտում, թուրք օմոնականները, ինչպես նաև խորհրդային բանակի կարմիր գլխարկներով զինվորականներն իսկույն շրջապատեցին այն: Հրամանատարը նորից խնդրեց ինձ՝ մտնել օդանավի հրամանատարական խցիկը, որտեղ միջազգային օրենքներով արգելվում է խուզարկություն կատարելը: Նպատակը՝ հետ Երևան տանելն էր: Չլսեցի (կողահաստությունը ղարաբաղցիներիս վառ հատկանիշն է):

Ինքնաթիռի աստիճանների վրա ստուգեցին անձնագրերը, արագ կապկպեցին ձեռքերս և խցկեցին մոտակայքում գտնվող «Ուրալ» մակնիշի մեքենայի թափքը: Զինվորական մի ջոկատի ուղեկցությամբ տարան Ստեփանակերտի մոտ գտնվող, մեզ շատ ծանոթ «Զտման» կայանը: Մի քանի օր պահելուց հետո, մեկ այլ մեքենայով տարան Աղդամի ուղղությամբ: Ճանապարհին կանգնած էր մի զրահամեքենա, որից դուրս հանեցին Ռոլես Աղաջանյանին` սպորտային հագուստով, հողաթափիկներով ու կապկպված ձեռքերով (ես գիտեի, որ օր առաջ ձերբակալել են նաև Ռոլես Աղաջանյանին):

Մեզ տարան Աղդամի օդանավակայան և այնտեղից ուղղաթիռով հասցրին Կիրովաբադ քաղաքի օդանավակայանը: Այնտեղ էլ մեզ տեղափոխեցին մեկ այլ՝ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռ և օդ բարձրացանք: Ես և Ռոլեսը նստած էինք իրար հետևի, իսկ մեր կողքերին նստած էին մայորի ուսադիրներով չորս ռուս զինվորական: Ես խնդրեցի, որ գոնե այստեղ հանեն մեր ձեռնակապերը, բայց զինվորականները մերժեցին:

Թռիչքի ամբողջ ընթացքում ուղեղիս մեջ մի բան էր պտտվում. այս ինչ պետություն է, որ երկու անմեղ մարդկանց համար այսքան վառելանյութ են փչացնում, այն դեպքում, երբ մենք Ղարաբաղում մի կաթիլ դիզվառելիք կամ բենզին չունենք՝ գարնանացան և աշնանացան կատարելու համար: Թռիչքի մի հատվածի ընթացքում նկատեցի, որ Ռոլեսը կապած ձեռքերով ինչ-որ բան է քրքրում ոտների տակ: Հետո ուղղվեց և ինձ մեկնեց մի փոքրիկ ողկույզ, որի կեսը ինքն է կերել:

Վերցրի ու կայծակնային արագությամբ կերա: Հետո նշան արեց, որ ես էլ նայեմ նստարանի տակը: Նկատեցինք, որ ինքնաթիռում՝ բոլոր նստարանների տակ, ստվարաթղթե արկղերով խաղող են տեղափոխում: Չգիտեմ քանիերորդ օրն էր, որ ոչ հաց էինք կերել, ոչ էլ ջուր խմել: Ձեռքերս կամաց-կամաց իջեցրի, որ ես էլ խաղող կորզեմ նստարանի տակի արկղից, հանկարծ մայորը գոռաց. «Ձեռքե՛րդ»: Մտքումս ասացի. «Եղբայրական ազգի շան որդի, ի՞նչ կլիներ, եթե մեր տարածքից գողացած խաղողից սոված մարդուն հյուրասիրեիր (գուցե նա քրիստոնյա չէր)»:

Երևույթից զայրացած, ոտքերով աննկատ սկսեցի կամաց-կամաց կոխկրտել խաղողի արկղը այնքան, որ հյութը հասավ Ռոլեսի ոտքերի տակ: Նա ասաց, սա ի՞նչ է (ուրիշ բանի վրա էր կասկածը): Պատասխանեցի քո տված խաղողի շիրան է, պարտքս ուղարկում եմ:
Ռոլեսի դեմքը չէր երևում, բայց իսկույն հասկացավ իրողությունը: Իսկ ես ձեռնակապերով՝ իբրև թե վրեժխնդիր եղա:
Ռազմական ուղղաթիռը ինձ ու Ռոլես Աղաջանյանին տանում է Սարատով:

Ինքնաթիռը վայրէջք կատարեց Սարատով քաղաքի օդանավակայանում: Առաջինը մեզ դիմավորեց մի ջոկատ՝ ահռելի, ազդեցիկ շներով, որից հետո խցկեցին հայտնի «Սև ագռավ» կոչված ավտոմեքենան ու հասցրին Սարատովի թիվ 3 մեկուսարանը:

— Այստեղ, այս խցում կախել են ակադեմիկոս Վավիլովին: — Սառնասրտորեն նետում է հսկիչը և մեզ՝ կովկասցի կալանավորներիս, հրավիրում խուց:
— Մեզ համար պատիվ է լինել Վավիլովի խցում, — ասացի ես:
— Արի նստաշրջան անցկացնենք: — Ես, որ ՀՀ պատգամավոր էի, պարապությունը լցնելու համար առաջարկում եմ ՀՀ մյուս պատգամավոր Ռոլես Աղաջանյանին:
Խաղում ենք, բայց գլխացավս չի անցնում, գնալով ուժեղանում է: Հացադուլ հայտարարեցի: Հետևանքը եղավ այն, որ մեզ տեղափոխեցին համեմատաբար նորմալ խուց: Հսկիչը չմոռացավ կծու հիշեցնել.
— Բայց ձեզ համար պատիվ էր լինել Վավիլովի խցում:
Այդ նույն պահին համագումարի (ԽՍՀՄ) ընդմիջմանը դեմ դիմաց հանդիպում են երկրի նախագահ Գորբաչովն ու Վիլեն Մարտիրոսյանը, որը պատգամավորական հարցապնդում էր արել:
— Հետաքրքրվել եմ: Նրանք ազատ կարձակվեն, — ասաց Գորբաչովը:
— Կարո՞ղ եմ զանգել Հայաստան և տեղեկացնել:
— Կարող ես:
Գորբաչովի միջամտությամբ ավարտվեց մեր 11-օրյա կալանքը:

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

1