Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը անմխիթար վիճակում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը անմխիթար վիճակում է

Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը անմխիթար վիճակում է

Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանում այս տարի  մայիսի 17-18-ը՝  Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Թանգարանը կմասնակցի թանգարանային գիշեր միջոցառմանը:

 

Բացի դրանից, Թանգարանների միջազգային օրվան նվիրված՝ կկազմակերպվի արցախյան խոհանոցի վերաբերյալ ե՛ւ ցուցադրություն, ե՛ւ համտես, որին կհաջորդի թոնրում պատրաստվող ուտեստների համտես Թաղասեռ գյուղում: Թոնրի թեման պատահական չէ ընտրված. այն հանդիսանում է արցախյան կենսակերպի մի մաս, որը վերջին տարիներին դուրս է մղվում գործածությունից:

 

Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը ընդհանուր բնույթի է: Թանգարանում ամփոփված են շրջանի պատմության  վերաբերյալ նմուշներ` սկսած ազգագրությունից, նախնադարյան հասարակարգից մինչեւ մեր օրեր, Հայրենական մեծ պատերազմից մինչեւ Արցախյան շարժում, կան  արցախյան շարժման հետ կապված փաստաթղթեր, նմուշներ:

 

Թանգարանը սակայն գտնվում է անմխիթար վիճակում: Թանգարանի տնօրեն Լիանա Պետրոսյանը նշեց, որ չնայած թանգարանի վատ պայմաններին, թանգարանում միշտ կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ:

 

Թանգարանը կազմակերպում է կրթադաստիարակչական միջոցառումներ, ֆիլմի դիտում, քննարկումներ, հայրենասիրական թեմայով դասախոսություններ թե՛ դպրոցականների, թե՛ զինվորների համար, փորձում են դուրս գալ  ստանդարտ ցուցադրության կաղապարներից  եւ ավելի հետաքրքիր դարձնել համաքաղաքացիների առօրյան:

 

«Նույն ցուցադրությունը տեսնելով՝ մարդիկ ձանձրանում են եւ այցելուների քանակը պակասում է, դրա համար անընդհատ նոր մտահղացումներով ենք փորձում գրավել մեր այցելուներին: Երբեմն մենք նաեւ արտագնա միջոցառումներ ենք կազմակերպում: Օրինակ, հնարավոր չէ Մեծ Թաղերի ամբողջ դպրոցը բերել այստեղ, դրա համար մենք ինքներս ենք գնում համապատասխան սարքավորումներով եւ ցուցադրում այնտեղ»,- նշում է թանգարանի երիտասարդ տնօրենը:

 

Թանգարանի շենքը կառուցվել է 1890 թվականին:  1984 թվականից շենքի մի մասը գործում է որպես թանգարան: 1984 թվականից ի վեր թանգարանը չի վերանորոգվել: Անձրեւների, ձյան տեղումների ժամանակ թանգարանը լցվում է ջրով: Թանգարանի առաստաղը, հատակի մի մասը փտած է, պատերի վրա առկա են մեծ ճաքեր:

 

Ինչպես նշում է թանգարանի տնօրեն Լիանա Պետրոսյանը՝ շենքի պայմաններից ելնելով՝ թանգարանում ցուցահանդեսներ կազմակերպել չեն կարող, քանի որ ցուցասրահները պետք է  ապահովված լինեն ժամանակակից կահույքով եւ համապատասխան պայմաներով` ջերմային պայմաններ, օդափոխություն եւ այլն:

 

Թանգարանը վերջին մի քանի տարիներին  գտնվում էր տարբեր գերատեսչությունների իրավասության ներքո: Եվ խնդիրը, տեղափոխվելով մի գերատեսչությունից մյուսը, այդպես էլ լուծում չստացավ: Այժմ թանգարանը գտնվում է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության իրավասության տակ, սակայն, ինչպես տեղեկացանք, նախարարությունից առաջիկայում եւս վերանորոգում չի նախատեսվում,  քանի որ վերանորոգումը կապված է մեծ ծախսերի հետ եւ նախարարությունը դեռ այդ հնարավորությունը չունի:

 

«Տարիներ շարունակ հարցին չեն կարողանում լուծում տալ: Նախ՝ մեծ չափսերի տարածք է պետք, որ այսօրվա դրությամբ չկա՝ նույնիսկ վարձակալությամբ վերցնելու համար, իսկ նոր շենքի շինարարությունն ամեն տարի հետաձգվում է»,- նշեց Լիանա Պետրոսյանը:

 

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանի անունը կրող՝ Հադրութի հայրենագիտական թանգարանը գործում է 1984 թվականից: 1986 թվականին  Արթուր Մկրտչյանը նշանակվեց թանգարանի տնօրեն, եւ այդ տարին թանգարանի համար եղավ բեկումնային, նա սկսեց հավաքագրված նմուշների  համակարգում իրականացնել: Մինչ այդ  թանգարանը թանգարանի տեսք  չուներ, ներկայացված էր որպես թանգարան, սակայն զուտ գիտական մակարդակի բերվեց Արթուր Մկրտչյանի կողմից: Թանգարանի տնօրեն նշանակվելուց հետո նա սկսում է ուղեւորություններ, արշավներ կազմակերպել  դեպի շրջանի տարբեր գյուղեր, հավաքում տարբեր նմուշներ եւ ներկայացնում թանգարանում:

 

Մկրտչյանը, լինելով պատմաբան եւ ունենալով բավականին փորձ (նա աշխատել է Սարդարապատի թանգարանում), ամեն ինչ գիտական մակարդակով էր ներկայացնում:  

 

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, նույն արշավական խմբերը սկսեցին  կամավորականների հավաքագրում: Թանգարանում էին տեղի ունենում Շարժման ակտիվիստների հավաքները, Մկրտչյանն էլ հանդիսանում էր ե՛ւ ամենաակտիվներից, ե՛ւ առաջնորդներից մեկը, ովքեր էլ սկիզբ դրեցին ազգային ազատագրական պայքարին:

 

Այսօր մեծ գումարներ են ծախսվում Ստեփանակերտում տարբեր միջոցառումների համար, սակայն շրջանները շատ հաճախ դուրս են մղվում ուշադրությունից: Արդեն որերորդ տարին է՝ ուշադրությունից դուրս է մղվում նաեւ անվանի գործիչ, Արցախյան շարժման խորհրդանիշ Արթուր Մկրտչյանի անունը կրող թանգարանը:

1