«Կռունկ»-ի բանվորական խմբի անդամ էի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Կռունկ»-ի բանվորական խմբի անդամ էի

«Կռունկ»-ի բանվորական խմբի անդամ էի

Յաշա Ղազարյանը 1988-ի Ղարաբաղյան շարժման ակտիվիստներից է: Հեռավոր 88-ին նա Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում ադմինիստրատոր էր աշխատում. եռանդով լի մի պարզ ղարաբաղցի, ում համար իր երկրի ազգային զարթոնքը դարձավ նպատակ, կենսակերպ:

— Յաշա քեռի, ի՞նչ զգացումներ է Ձեզ մոտ առաջացնում 88-ի փետրվարյան շարժումը:

— Փետրվարի 20-ը պատմական օր էր մեզ համար: Այդ օրը տեղի ունեցավ մարզգործկոմի պատմական նստաշրջանը, որը հռչակեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից անջատելու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու որոշման մասին: Պատմական այդ որոշումն ընդունվեց ադրբեջանական օմոնականների շրջափակման, ահ ու սարսափի մթնոլորտի պայմաններում, սակայն ղարաբաղցիներն իրենց մեջ ուժ գտան՝ չտրվելու սադրանքներին: Ադրբեջանի կենտկոմից եկել էր այն ժամանակվա կենտկոմի քարտուղար Բագիրովը, որն ամեն կերպ փորձում էր ճնշում գործադրել, որ մարզգործկոմի նստաշրջանը չկայանա, սակայն, շնորհիվ մեր պատգամավորների քաղաքական հասունության, բոլորը միաձայն քվեարկեցին, և այդ փաստաթուղթը դարձավ պատմական փաստաթուղթ: Դա ղարաբաղցիների մեծ նվաճումն էր:

Այդ ժամանակ Ղարաբաղում ընդհատակյա կազմակերպություն էր գործում՝ «Կռունկը», կար նաև, այսպես կոչված, «Բանվորական» խումբը, որի մեջ ես էլ էի ընդգրկված. մենք էլ մեր անելիքներն ունեինք: «Կռունկ»-ի հանձնարարությամբ թռուցիկներ էինք տարածում, քաղաքի շուրջ կատարվող երթերն էինք հսկում, որ խանգարողներ չլինեն, ադրբեջանաբնակ թաղամասերում կազմակերպում էինք նրանց ընտանիքների խաղաղ, անվտանգ դուրսբերումը: Երբ խաղաղ երթերը սկսվում էին, ասենք՝ 1000-ով, շրջելով քաղաքի փողոցներով՝ դառնում էին 3-5 հազարանոց ցույցեր. այդ ամենը վերահսկել էր պետք: Դա այն ժամանակահատվածն էր, երբ դեռ բոլոր ղեկավարները չէ, որ համոզված էին մեր պայքարի արդարացիության մեջ: Կային նաև աթոռից կառչած ղեկավարներ: Մարզկոմի շենքում տիրություն էին անում Ադրբեջանին ծախված ենիչերիները՝ Սաֆոնով, Պոլյանիչկո դրածոները, որոնք պատրաստ էին արյան մեջ խեղդելու շարժումն ու ձերբակալելու մեր ակտիվիստներին: Մարզկոմի կողքին էր տեղակայված այն ժամանակվա «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրության շենքը: Մենք գիշերները հերթապահում էինք այնտեղ, հսկում էինք, թե տեսնեինք մեր այն ժամանակվա ղեկավարներից ովքեր կապ ունեն ստեղծված ժամանակավոր կառավարության հետ և ցերեկներն իրազեկ էինք պահում «Կռունկ» կոմիտեի անդամներին: Ամեն ինչում զգուշություն էր պահպանվում:

— Ձեզ անտեսվա՞ծ եք զգում՝ որպես շարժման ակտիվիստ:

— Չէի ասի, որ այդքան անտեսված եմ: Որպես շարժման ակտիվիստ՝ 2008 թվականին ԼՂՀ կառավարության կողմից պարգևատրվել եմ «Երախտագիտություն» մեդալով: Սակայն վերջերս առողջության հետ կապված լուրջ խնդիրներ եմ ունեցել: 2 ոտքս վիրահատել եմ ՀՀ-ում՝ ծախսելով 5մլն դրամ: Հարազատ- բարեկամներս օգնեցին՝ ով ինչքան կարող էր: Որպես զոհվածի ծնող և 2-րդ կարգի հաշմանդամ՝ դիմեցի առողջապահության նախարարությանը, սոցապ նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, որ մի բանով օգնեն: Միայն սոցապ նախարարությունը 50 հազար դրամ օգնություն տվեց: Առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ օգնում են միայն սրտային և ուռուցքաբանական խնդիրներ ունեցողներին: Ինչևէ, չեմ նեղանում:

Երբ մենք Շարժումը սկսեցինք, մեր նպատակը մայր Հայաստանին վերամիավորվելն էր: Ձեր կարծիքով՝ ինչու՞ մինչև այժմ այն իրականություն չի դարձել:

-Չգիտեմ, այդ հարցը իշխանությունները պետք է լուծեն: Արդեն քանի տարի է՝ իշխանությունները ձգտում են, որ Ղարաբաղը որպես բանակցային կողմ մասնակցի, սակայն դեռ հաջողություն չունենք:

-Յաշա քեռի, նոր Սահմանադրության հանրաքվեին մասնակցե՞լ եք:

-Այո, դա իմ քաղաքացիական պարտքն է: Բայց համաձայն չեմ այն կետերին, որով երկիրը պետք է դառնա լրիվ նախագահական: Կիսանախագահականն ավելի ճիշտ է մեր պարագայում:

Հարցազրույցը՝ Լ. Բաղրյանի

1