Կովսականի քաղաքային համայնք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կովսականի քաղաքային համայնք

Կովսականի քաղաքային համայնք

Փետրվարի 2-ին Կովսականի քաղաքապետարանի դահլիճում հաշվետվությամբ հանդես եկավ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը: Համայնքը, որի կազմում են նաև Դիցմայրի և Քարատակ գյուղերը, հիմնադրվրվել է 1996 թվականին: Այժմ համայնքում ընդհանուր կա 170 ընտանիք՝ 641 բնակիչով:

Հաշվետու տարում Կովսականում գրանցվել է 3 ընտանիք՝ 13 շնչով, քաղաքից գնացել է 4 ընտանիք՝ 15 բնակչով: Ծնվել է 23 երեխա: Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում են 107 աշակերտ, աշխատում 25 ուսուցիչ: Պետական մանկապարտեզ են հաճախում 40 երեխա, նաև հարևան բնակավայրերից: Դիցմայրի գյուղի դպրոցը գործում է 15 աշակերտի ընդգրկմամբ:

Կովսականից 7 երիտասարդ Հայոց բանակի զինվոր են: Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունը, այգեգործությունը և անասնապահությունն է: 130 բնակիչ աշխատում է բյուջետային տարբեր հիմնարկություններում: Քաղաքում գործում են նաև տարածքային հիվանդանոցը, հրշեջ-փրկարար բաժինը, ոստիկանության բաժանմունքը, խանութներ, այլ հիմնարկներ: Ռ. Մարգարյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում անցկացրել են ավագանու 6 նիստ, կայացվել է 15 որոշում:

Անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտին՝ Ռ. Մարգարյանը տեղեկացրեց, որ 2017-ին լուծարվել է 27 հա վարելահողի, 600 հա արոտավայրի պայմանագիր: Միևնույն ժամանակ կնքվել է 120 հա վարելահողի նոր պայմանագիր: Անցած աշնանը կատարվել է 1500 հա հացահատիկի ցանքս, կեսը՝ ցորեն, կեսը՝ գարի: Տնկվել է 10 հա այգի: Համայնքում կա 125 մարդատար, 5 բեռնատար մեքենա, 8 կոմբայն, 21 տրակտոր՝ գյուղգործիքներով ու սարքավորումներով հանդերձ: Անցած ամռանը հնձվել է 1200 հա հացահատիկի արտ, ստացվել է 3462 տ բերք՝ 30,4ց/հա բերքատվությամբ: Մշակվել է նաև 50 հա ձմերուկ, ստացվել և իրացվել է 1500 տ բերք: 35 հա բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությունից ստացվել է 600 տ բերք: 2017թ. վերջին տվյալներով համայնքում առկա է եղել 335 խոշոր, 830 մանր եղջերավոր անասում, 5750 թև թռչուն, 400 խոզ:

Անցած աշնանը համայնքը Ստեփանակերտում մասնակցել է ամենամյա «Բերքի տոն»-ին: 9 ընտանիք ստացել է շինանյութ: 2 բազմազավակ ընտանիքի համար բնակելի տուն է կառուցվել: Երրորդի շինարարությունն ընթացքի մեջ է: 5 երեխա ունեցող 5 ընտանիք ընդգրկված է այս ծրագրում:

Համայնքի բյուջեն կազմել է 17 միլիոն 67 հազար դրամ, որից սեփական եկամուտները՝ 8 միլիոն 585 հազար դրամ, մնացածը պետական դոտացիա: Սեփական եկամուտների մասով չի հավաքագրվել մոտ 2 միլիոն դրամ՝ կապված անպատասխանատու վարձակալների թերացումից: Անցած տարվա ընթացքում մասամբ մաքրվել են, վերանորոգվել ոռոգման ջրատարները, բարեկարգվել և խճապատվել են ճանապարհները, վերանորոգվել փողոցային լուսավորության լուսամփոփները, փոխվել լապտերները:

Վերականգնվել, բարեփոխվել են խմելու ջրագծերը, ջրամբարները: Համայնքի միջոցներով ու բնակչության օժանդակությամբ անցած աշնանը կառուցվել է 3 կմ երկարությամբ ջրագիծ, որի շնորհիվ այժմ քաղաքի բնակիչության 60 տոկոսն ապահովված է խմելու ջրով: Հաշվետու շրջանում իրականացվել է ջրովի վարելահողերի չափագրում, քարտեզագրում և բաշխում բնակչությանը:

Կովսականը նաև մշակութային համայնք է, այստեղ հաճախ են կազմակերպվում այդ բնագավառի և սպորտային տարբեր միջոցառումներ՝ համագործակցելով դպրոցների հետ: Չնայած կատարված աշխատանքներին ԱՀ կառավարության, շրջվարչակազմի և համայնքապետարանի կողմից, այնուամենայնիվ անելիքներ դեռ շատ-շատ են: Ինչպես ամեն տեղ՝ այստեղ ևս առաջնային է բնակարանների բարեկարգումը: 21 ընտանիքի պետք է հատկացվի կտուրի թիթեղ, իսկ 22-ին նաև փայտանյութ, հնարավորության դեպքում՝ ցեմենտ:

Կովսական-Կապան ճանապարհը, որ մեր 2 հանրապետությունների հարավային մասերն իրար կապողն է, նույնպես ունի բարեկարգման կարիք: Հատկապես մտահոգիչ է Կապանի քաղաքային աղբանոցի դիրքը՝ ընկած նշված ճանապարհի մոտ: Թ. Կրպեյանի անվան դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանը տեղեկացրեց, որ գնալով ավելանում է աշակերտների թիվը, իսկ դասասենյակները փոքր են, կա մարզադահլիճ ունենալու խնդիր:

Բացի քաղաքից, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ ունեն Դիցմայիր և Քարատակ գյուղերը: Դիցմայրիում առավել կարևոր է խմելու ջրի հարցը: 1999 թվականին տեղադրված փայտե տնակներն արդեն փտել են, և բնակչությոնը պետք է տներով ապահովել: Համայնքի մոտ 30 հա հողատարածք ցանքսի համար նախապատրաստելու նպատակով պետք է մաքրվի շուրջ 5 կմ երկարությամբ դրենաժներ, իրականացվի 6 կմ ջրատարի մաքրում: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը, ովքեր ներկա էին Ռ. Մարգարյանի ներկայացրած հաշվետվությանը, պատասխանեցին կովսականցիների հարցերին, տվեցին պարզաբանումներ: Ներկաների կողմից հաշվետվությունը գնահատվեց բավարար:

Զոհրաբ Ըռքոյան

1