Կյանքը լուսամփոփի պես բան է. Դավիթ Ամալյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կյանքը լուսամփոփի պես բան է. Դավիթ Ամալյան

Կյանքը լուսամփոփի պես բան է. Դավիթ Ամալյան

Երգիչ, երգահան, Արցախյան ազատամարտի մասնակից Դավիթ Ամալյանը մենահամերգով հանդես է եկել Ստեփանակերտում: Aparaj.am-ի թղթակիցը անկեղծ ու անմիջական հարցազրույց է ունեցել Դավիթ Ամալյանի հետ:

 

— Առաջին անգա՞մ եք մենահամերգով հանդես գալիս Արցախում:

 

 — Այո, առաջին անգամ: Արցախի հանդիսատեսից շատ գոհ եմ, ստացել եմ դրական էմոցիաներ:

 

— Որ՞ տարիքից եք ստեղծագործում:

 

— Մարդու կյանքը, ծնվելուց մինչև մահ, ստեղծագործություն է` անկախ մասնագիտությունից ու խառնվածքից: Այստեղ տարբերությունը միայն այն է, որ մեկն արտահայտվում է երգեր գրելով, իսկ մյուսը` շենքեր կառուցելով: Իմ առաջին ստեղծագործությունը գրել եմ 6-րդ դասարանում` Պ.Դուրյանի «Լճակ» բանաստեղծության հիմքի վրա: Երգերիս մեծ մասը, սակայն, գրել եմ պատերազմից հետո: Առաջին լուրջ ստեղծագործությունս 1994 թվականին եմ գրել` Արման Զոհրաբյանի (Ցուլ) հիշատակին նվիրված, որի խոսքերի հեղինակն է Ցուլի մայրը:

 

— Ռազմից առաջ երգու՞մ էիք զինվորների համար, թե՞ ժամանակ չկար երգելու:

 

— Պատերազմի տարիներին բոլորս էինք երգում, խմբովի:

 

— Գիտենք, որ դուք Ձեր մասնակցությունն եք բերել Արցախյան պատերազմին: Եթե չեմ սխալվում` 1992-ից մասնակցել եք մարտական գործողություններին:

 

— Պատերազմի տարիներին ես ձեռք եմ բերել կենսագրություն, որի համար չեմ փոշմանում: Սակայն իմ ամենամեծ դժբախտությունն եղավ ընկերներիս կորուստը, և ես երգերիս միջոցով փորձում եմ արտահայտել իմ վիշտն ու ցավը:

 

— Ինչի՞ց եք վախենում:

 

— Կյանքում պատերազմից ավելի շատ վախենում եմ փառքից: Երգերս, որոնք գրել եմ իմ ընկերների համար, պետք չեն նրանց, նրանք այսօր չկան, իսկ ես երգելով` ստանում եմ ծափահարություններ… Տա Աստված, որ մի օր հանդիպեմ իմ հեռացած ընկերներին, բայց չգիտեմ` երես կունենա՞մ նրանց աչքերին նայելու…

 

— Ինչու՞ Ձեր երգերը հիմնականում տխուր են, ի՞նչ թախիծ է տիրում Ձեր հոգում:

 

— Այս հարցի պատասխանը ես ինքս չգիտեմ, գու՞ցե երբ գտնեմ` սկսեմ ուրախ երգեր գրել… Բայց ես ինձ մելանխոլիկ չեմ համարում, սենտիմենտալ` առավել ևս: Ես կենսախինդ մարդ եմ, հումոր էլ ունեմ:

 

— Ո՞րն է Ձեզ համար հրաշքը:

 

— Կյանքը, այն, որ կանք, նույնիսկ կյանքի բոլոր բացասական կողմերով: Ճիշտ է, լինում են պահեր, երբ մարդն իր կյանքն ավարտված է համարում, որոշ մարդկանց մոտ դեպրեսիան հասցնում է նույնիսկ ինքնասպանության, բայց ես այդպիսինը չեմ: Ես շատ դաժան անցյալ եմ ունեցել` ծնողներիս ու ընկերներիս կորցնելու պատճառով, սակայն ես մռայլ չեմ ապրել: Կյանքը լուսամփոփի պես բան է, պետք է ապրել այն հույսով, որ այդ լույսը մի օր էլ քեզ համար է բացվելու…

 

— Կա՞ մի բանաձև, որով առաջնորդվում եք կյանքում:

 

— Իմ կյանքի բանաձևը ճշմարիտ լինելն է: Եթե ինքդ քեզ չխաբես, ապա մյուսներին էլ, բնականաբար, չես խաբելու: Խաբվելուց չեմ վախենում, որովհետև խաբվում են այն մարդիկ, ովքեր խաբել չգիտեն, այսինքն հավատալը բնորոշ է ուժեղ մարդուն իսկ, խաբելը` թույլ:

 

— Պատերազմը Ձեր սերնդի վրա մեծ հետք է թողել:Դուք կռվում էիք մեկ գաղափարի համար, գիտակցում էիք, որ կարող եք Ձեր կյանքը կորցնել, ինչու՞ այսօր այդ նույն սերունդը հոգեբանորեն այսքան ճնշված է:

 

— Ուրիշ ձև լինել չէր կարող… սիրելու համար որևէ գաղափարախոսություն պետք չէ, հայրենիքը սեր է, որը փոխանցվում է գիտակցությամբ և այստեղ ավելորդ փիլիսոփայություն պետք չէ: Եթե մենք չունենայինք ավելորդ գաղափարախոսություններ, ավելի միասնական կլինեինք, իսկ եթե միասնական լինենք` կլինենք ավելի ուժեղ:

 

— Դուք հաճախ եք լինում զորամասերում: Այսօրվա սերունդը, ըստ Ձեզ, որքանո՞վ է կրում այն ոգին, որն ունեիք դուք ու ձեր սերնդակիցները:

 

— Իմ կարծիքով` այսօրվա սերունդը իմ սերնդից ավելի ուժեղ ոգի ունի: Նրանք շարունակում են մեր գործը և կրում այդ պատասխանատվությունը:

 

— Ի ՞նչ կփոխեիք այսօրվա մեր բանակում:

 

— Կուզեի, որ բանակը ավելի անկեղծ լիներ: Զինվորին հրամայելու համար նրան պետք է տալ սեր և մի քիչ ազատություն: Սակայն այսօր մեր բանակում տիրում է համատարած խռովք՝ զինվորը սպայի նկատմամբ, սպան՝ զինվորի նկատմամբ: Դիրքային զորամասերում այդ խնդիրը բացակայում է, որովհետև այնտեղ վտանգ կա, իսկ վտանգը հային միասնական է դարձնում: Միասնությունից վախենում են մեր  թշնամիները: Բանակը պետք է դառնա մարդ դառնալու ամենաբարձր ինստիտուտը:

 

Հարցազրույցը վարեց Լուսինե Թեւոսյանը

1