Կիսակառույց տների շինարարության ֆինանսավորման ծրագրից օգտվել է 113 ընտանիք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կիսակառույց տների շինարարության ֆինանսավորման ծրագրից օգտվել է 113 ընտանիք

Կիսակառույց տների շինարարության ֆինանսավորման ծրագրից օգտվել է 113 ընտանիք

2015 թվականի հունիսից գործող՝ կիսակառույց տների շինարարությունն ավարտելու համար պետական ֆինանսական աջակցության ծրագրից օգտվել է 113 երիտասարդ ընտանիք։

Ծրագրի շրջանակներում՝ քաղաքներում, բացառությամբ՝ Ստեփանակերտը եւ Շուշին, եւ գյուղերում մշտապես բնակվող 18-40 տարեկան երիտասարդ ընտանիքներին անհատույց տրամադրվում է 3 միլիոն դրամ։

«Ծրագրը նպատակ ունի բարելավելու երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանները,- «Ապառաժ»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի տնօրեն Մարատ Հասրաթյանը եւ  անդրադարձել ծրագրից օգտվելու մյուս պայմաններին, ըստ որի՝ 3 միլիոն ֆինանսական աջակցության ծրագրից կարող են օգտվել այն երիտասարդ ընտանիքները, որոնք վերջին 5 տարիներին փաստացի բնակվել են տվյալ գյուղական կամ քաղաքային բնակավայրում եւ սեփականության իրավունքով ունեն կիսակառույց բնակելի շինություն, որի շինարարական աշխատանքները ոչ պակաս են, քան 50 տոկոսը։

35-ամյա Արայիկ Ավշարյանը Մարտունու շրջանի Շեխեր համայնքի բնակիչ է։ 10 հոգանոց ընտանիքը տարիներ շարունակ ապրում էր Արցախյան պատերազմի ժամանակ ռմբակոծված տանը։ Այսօր պապական փոքրիկ տնակի դիմաց Արայիկը կառուցում է երկհարկանի՝ 180 քառակուսի մետր մակերես ունեցող տուն։

«Տան 50 տոկոս շինարարությունն անելու համար ծախսել եմ 7 միլիոն դրամ։ 2016-ին պետական ծրագրով ստացած 3 միլիոն դրամով կառուցել եմ սանհանգույցը, տեղադրել պատուհանները, հարդարել հատակը, պատերը, տունը գազաֆիկացրել ու տեղադրել ջրի համակարգ,- ասել է Ա․ Ավշարյանը եւ ընգծել,- տան շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է եւս 10 միլիոն դրամ»։

Ինչպես Արայիկը, այնպես էլ մյուս մի քանի դիմորդներ ունեն միայն մեկ դժգոհություն․ ծրագրից օգտվելու դիմում ներկայացնելուց ծախսել են շուրջ 600 000 դրամ՝ տան նախագծի եւ իրավաբանական մյուս փաստաթղթերի համար։ Անդրադառնալով այս նկատառումին, Մարատ Հասրաթյանը նշել է, որ օրենքով նախքան շինարարությունը սկսելը քաղաքացին պետք է ունենա շինարարարության թույլտվությունը եւ տան նախագիծը։

«Գյուղերում այդ օրենքը մեծամասամբ անտեսվում է, այդ պատճառով գյուղացիներին ընդառաջելու համար հոգաբարձուների խորհուրդը որոշել է քաղաքաշինական եւ իրավաբանական բոլոր փաստաթղթերի պատրաստման ծախսը եւս վճարել։ Շատ դեպքերում այս որոշման մասին անտեղյակ լինելով են դիմորդները ծախսում մեծ գումարներ,- ասել է Մ․Հասրաթյանը եւ ավելացրել, որ հիմնադրամի հետ պայմանագիր կնքած նախագծող կազմակերպությունները գործում են Ստեփանակերտում, Հադրութում եւ Մարտակերտում։ Մարտունու շրջանում եւս նախատեսվում է նախագծող կազմակերպություն ունենալ, որպեսզի տվյալ շրջանների դիմորդները ստիպված չլինեն հասնել մայրաքաղաք։

Հադրութի շրջանի Տող համայնքի բնակիչ Արշակ Գրիգորյանը եւս ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել։ Երկհարկանի շուրջ 120 քառակուսի մետր մակերես ունեցող տան շինարարական աշխատանքներն այս պահի դրությամբ կանգնեցված են։

«Տունը մեծ եմ կառուցում, քանի որ դեռեւս երկու որդի ունեմ, իսկ ես կողմնակից եմ մեծ ընտանիքի։ Երկու տարվա ընթացքում ներդրել եմ 16 միլիոն դրամ։ 3 միլիոն դրամով կկարողանամ ավարտել առաջին հարկի աշխատանքները եւ տեղափոխվել նոր տուն»,- ասել է Արշակ Գրիգորյանը, ով զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Մարատ Հասրաթյանի կարծիքով՝ 3 միլիոնը միանշանակ քիչ գումար է, սակայն կիսակառույց տունը կարելի է բնակելի դարձնել։

«Ծրագիրը նպատակային է, այդ պատճառով ղեկավարությունը քննարկումներ է ծավալում՝ 3 միլիոնը 5-ի հասցնելու ուղությամբ,- նշել է հիմնադրամի տնօրենը,- Հիմնադրամը պարբերաբար վերահսկողություն է իրականացնում, եւ խախտումներ գրեթե չենք արձանագրել»։

Նշենք, որ 2017-ին ծրագրից օգտվել է 30 երիտասարդ  ընտանիք։ Հիմնադրամն ունի ընդունված եւս 64 հայտ։

«Ապառաժ»

1