Կին, զինվոր, բուժքույր՝ Կարինե Դանիելյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կին, զինվոր, բուժքույր՝ Կարինե Դանիելյան

Կին, զինվոր, բուժքույր՝ Կարինե Դանիելյան

Պատերազմը շատերից է շատ բան  խլել, սակայն ոմանք մնացել են  իրենց գործին ու ոգուն հավատարիմ՝ չճկվելով պատերազմի թողած վերքերից ու մրմուռից: Պատերազմի  վերքերը նրանք կրելու են իրենց ողջ կյանքում: Այդ վերքերը երբեմն մրմռում են, բայց երբ մարդը շրջապատված է լինում սիրով ու հոգատարությամբ, երբ զգում է, որ իր կատարածն արժեվորված է, որ իր անունը շատերին ոգի ու հպարտություն է հաղորդում, մոռանում է վերքերի մասին, զգում է հաճելի մի թեթեւություն, որպիսին զգում ես  այն ժամանակ, երբ գիտակցում ես, որ ճիշտ ես գործել, ճիշտ ես ապրել քեզ բաժին հասած կյանքը…

Արցախյան պատերազմին մասնակից  կանայք իրենց արիությամբ ցույց տվեցին, որ պատերազմը լոկ տղամարդու գործ չէ, որ կինն էլ կարող է իր նուրբ ուսերին զենք բարձրացնել ու մարտադաշտում տղամարդուց ոչ պակաս զինվոր լինել: Կինն էլ կարող է պատերազմում վերք ստանալ ու նորից ոտքի կանգնել, նորից մարտի նետվել, չընկճվել…

«Երբեք չեմ մտածել ամուսնանալու եւ ընտանիք կազմելու մասին: Հայրենիքի փրկությունից զատ ոչինչ չկար ուղեղումս: Ժամանակ էլ չկար դրա մասին մտածելու, թշնամին չէր սպասում…»,- խոստովանում է Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Կարինե Դանիելյանը, ով այսօր Արցախի ազատագրման մարտական գործողություններին մասնակցած եւ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող միակ արցախցի կին ազատամարտիկն է: «Պատերազմին իմ մասնակցության մասին խոսել չեմ սիրում, բայց հիմա հեքիաթները շատացել են, ոմանք, որ պատերազմի ժամանակ այս կամ այն տաքուկ անկյուններում ծվարած-թաքնված էին, այսօր իրենց են վերագրում այնպիսի հերոսական դրվագներ, որոնք ծիծաղելի ու զավեշտալի են թվում մեզ՝ նրանց ճանաչողներիս համար…Այդպես չի կարելի, սերունդներին խաբել չի կարելի…»,-ասում է նա:

Կարինեն ծնվել է Շուշիում՝ 1962 թվականին, մասնագիտությամբ տնտեսագետ է: Մինչեւ Արցախյան շարժումը աշխատում էր Պյատիգորսկում: Ծնողները Շուշիում էին ապրում: Պատմում է, որ այդ տարիներին հորը մի խումբ թուրք երիտասարդներ դաժանորեն ծեծել են, եւ ծեծի հետեւանքով հայրը զրկվել է աչքերի լույսից: Բանն այն էր, որ հայրն աշխատում էր փոստում, թուրքերենից, պետք եղած դեպքում, ուղարկելիք հեռագրերը թարգմանում էր ռուսերեն: Երբ Արցախում դեռ նոր էին սկիզբ  առնում խմորումները, թուրքերի կողմից Մոսկվա ուղարկվող հեռագրերում գրվում էր, որ հայերն իրենք են բախումներ  հրահրում, ագրեսիա ցուցաբերում: Հայրն այդ հեռագրերը  թարգմանում էր՝ թաքուն փոխելով բովանդակությունը՝ փոխարենը նշելով ադրբեջանցիների բռնաճնշումների մասին: Այդ հասկանալով՝ թուրքերը մի օր նրան գիշերով կանչում են եւ այդ օրը ճակատագրական է լինում նրա համար՝ ծեծի հետեւանքով կորցնում է տեսողությունը:

Երբ Պյատիգորսկում Կարինեն պատահական իմանում է, որ հայրը կուրացել է, վերադառնում է, սակայն բոլորը նրանից թաքցնում են հոր հետ կատարված դեպքը եւ տարիներ հետո է միայն իմանում թուրքերի կատարածի մասին: Ծեծից հետո հայրը երկար չի դիմանում, հանկարծամահ է լինում: Կարինեն չի ցանկանում մորը մենակ թողնել եւ այլեւս չի վերադառնում Պյատիգորսկ:

Երբ սկիզբ  առավ Արցախյան շարժումը, Կարինեն տրվեց Շարժմանը. շատերի հետ իրականացնում էր ընդհատակյա աշխատանքներ: Գիտակցելով, որ պատերազմն անխուսափելի է՝ մի օր մորն ասում է. «Երբ պատերազմը սկսվի, ես էլ պիտի զինվորագրվեմ, չեմ կարող տանը նստել»: Մոր թախանձանքներին Կարինեն չի զիջում, որոշել էր…Սկզբում նա զբաղվում էր զենք-զինամթերքի գաղտնի տեղափոխմամբ: Տղերքը նրան հարգում  ու սիրում էին՝ որպես քրոջ, սակայն չէին ցանկանում, որ նա ռազմադաշտ մեկներ: «Շատ տեղեր դիմեցի զինվորագրվելու համար, սակայն անընդհատ մերժում էին: Դիմեցի Աշոտ-Բեկորին, սակայն չընդունեց: Այսօրվա պես հիշում եմ նրա խոսքերը՝ ջահել աղջիկ ես, ամուսնացիր, ընտանիք կազմիր,  ի՞նչ գործ ունես կռվի դաշտում…Սակայն իմ որոշումը որոշում էր ու այն իրագործելուց ետ չէի նահանջում»,- ասում է Կարինեն: «Երբ Շուշին ազատագրվեց, էլ չդիմացավ,- լրացնում է մայրը՝ Ռիմա տատիկը,- ասաց՝ մա՛մ, վե՛րջ, էլ տանը չեմ գիշերի, այսօրվանից իմ տունը զորանոցն է, ինձ չսպասես…»: Այդպես էլ եղավ. Կարինեին ընդունեցին 8-րդ վաշտը, միանգամից հմտացավ զենքին: Բոլորը զարմացած էին:  «Մի օր մի «կամազ» եկավ, կանայք էին մեջը, նրանք էլ էին եկել զինվորագրվելու: Տարբեր տարիքի էին: Ոմանք որպես զինվոր, ոմանք որպես բուժքույր, ոմանք էլ՝  որպես խոհարար անդամագրվեցին վաշտին: Վարդուհի, Գայանե, Արեգա, Եվգենյա, Անահիտներ, Մարգարիտաներ… Կանայք բոլորն էլ պատրաստակամ էին, գիտեին, որ պատերազմում «չամիչ» չեն բաժանում»,-  ժպտում է:

Կարինեն մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին: Տղամարդկանց հավասար կռվում էր, երբ պետք էր՝ նաեւ բուժքույրություն էր անում իր իմացածի չափով: Կանանց ներկայությունը ռազմադաշտում ոգի էր հաղորդում տղամարդկանց, ավելի զգոն ու զգաստ էին դառնում, նաեւ  հեռվից միշտ աչքի պոչով հետեւում էին նրանց, թեեւ կանայք չէին նկատում դա: «Մեր վաշտը շատ կորուստներ է տվել, շատ ընկերներ եմ կորցրել, թեժ մարտեր շատ են եղել, չեմ ուզում եւ չեմ կարող շատ բան պատմել, ինձ համար դժվար է դա: Պատերազմում հապաղելու, մտածելու ժամանակ չի լինում, աչքերդ էլ միշտ պետք է բաց լինեն, ականջներդ՝ սուր»,- ասում է նա: Հարցնում եմ. «Արդյոք պատերազմը չի՞ ավերում կնոջ հոգեբանությունը»:

Մի քանի րոպե լռում է եւ պատմում սրտառուչ մի դեպք . «Առաջին զոհը, որ տեսա, 18-ը դեռ չբոլորած  տղա էր, Հայաստանից էր  որպես կամավոր եկել, տղերքը նրան «ճուտ» էին կոչում: Բոլորից առաջ էր վազում, ահ ու վախ չուներ: Մի օր խրամատում նրա հետ կարճ զրույց ունեցա: Նա ինձ «մորքուր» կոչեց, ես ծիծաղեցի ու ասացի, որ ընդամնեը 30 տարեկան եմ: Նա կարմրեց ու ասաց, որ այսուհետ ինձ «քույրիկ» կկոչի: Քահ-քահ ծիծաղում էինք, մեկ էլ նա լռեց:  Կանչեցի՝ չպատասխանեց: Մոտեցա, թափահարեցի… արդեն չկար, կոկորդից էր խոցվել…Անասելի ցավ զգացի, ուղեղս ու սիրտս մթագնեց, զգացի ինչպես ամբողջ մարմնովս ինչ-որ անբացատրելի մի բան անցավ, թափանցեց երակներս: Դա երևի վրեժի զգացումն էր,- պատմում է Կարինեն եւ ավելացնում,- գու՞ցե ես պիտի խոցվեի նրա փոխարեն: Այդ օրն ինքս ինձ ասացի՝ շանորդիներ, եթե ձեզ համար հեշտ է խոցելը, այսուհետ ինձ համար էլ հեշտ կլինի…»

Բաշարաթ գյուղի ահեղ մարտերն էին: Կանայք տղամարդկանց հավասար կռվում էին: Զոհերն ու վիրավորները շատ էին: Կարինեն ե՛ւ զինվոր էր, ե՛ւ բուժքույր: «Չէի հասցնում մեկին վիրակապել, մյուսին էին բերում: Հիշում եմ՝ ոտքից վիրավոր զինվոր բերեցին, վիրակապեցի: Վիրավորը ժպիտով հարցրեց՝ կապրե՞մ, պատասխանեցի՝ բժիշկ չեմ, բայց ինձ թվում է հարսանիքիդ մի լավ կպարես էդ ոտքով… Երբ վիրավորին տարան, այլեւս չեմ հիշում ինչ եղավ: Ամեն ինչ սևացավ, պայթյունից սկզբում խլացա, հետո շուրջս մթնեց միանգամից: Էլ չգիտեմ ինչ եղավ, ինչքան ժամանակ անցավ: Գիտեին, թե մահացել եմ, բայց պարզվեց՝ Աստված որոշել էր ինձ խնայել…Երբ աչքերս բացեցի Երևանում էի, հիվանդանոցում: Տեղս չէի գտնում, սկզբում մտածեցի՝ պատանդ եմ ընկել թուրքերի ձեռքը, հետո լսեցի հայերեն խոսակցություններ, լսողությունս լարեցի, հասկացա, որ հայեր են շուրջս, ես էլ, պարզվում է, ողջ եմ  մնացել»:

Մարմինը յոթ տեղից վիրավորվել էր՝ ոտքից գլուխ: Ամենասարսափելին գլուխն էր:

«Ես հավատում էի, որ աղջիկս կփրկվի, ես գիտեի, որ նա ոտքի կկանգնի,- կողքից ասում է տիկին Ռիման եւ շարունակում,- նրա մարտական ընկերուհիներն ինձ սիրտ էին տալիս, նրանք էլ հավատացած էին, որ Կարինեն պարտվողներից չէ, նա անգամ մահվան ուրվականին կհաղթի…»: Ու Կարինեն ապրեց…

Այսօր Կարինե Դանիելյանն ապրում է Շուշիի իր հայրական տանը՝ քաղաքի բնակելի շենքերից մեկի երրորդ հարկում: Նրան խնամում է մայրը՝ 80 տարեկան Ռիմա  տատիկը: Տեղաշարժվելու հարցում եւս մայրն է օգնում: Ամեն անգամ երրորդ հարկից բակ իջնելը նրա համար  դժվարություն է, մոր հետ իրար օգնելով՝ երբեմն իջնում-բարձրանում է:   Ռիմա տատին շատ է չարչարվում, բայց չի տրտնջում, ավելին՝ ինձ հետ զրույցի ժամանակ նա ձեռքիցս բռնում ու աղջկա սենյակն է տանում. «Տես, թե ինչ ձեռագործ աշխատանքներ ունի, պարապ չի նստում, անընդհատ գործում է»,- ասում է ու ցույց տալիս Կարինեի գործվածքները:  «Ինքս ինձ համար եմ  գործում,-նկատում է Կարինեն,- սիրում եմ գործել ու նվիրել»:

 

Այնուհետեւ  մայրը  հպարտ ու բարի հայացքով ցույց է տալիս աղջկա շքանշանները:

Կարինեն ստանում է 91.000 դրամ նպաստ, սակայն դժգոհողներից չէ, միայն մեկ խնդիր է նրան հուզում՝ բնակարանի հետ կապված խնդիրը: «Ուժերս չեն ներում  աստիճաններով ամեն անգամ բարձրանալ ու իջնել, եթե սեփական տան ապրեի, կհեշտանար գործս, մորս էլ այսքան չէի չարչարի…Բազմիցս դիմել եմ սեփական տուն ստանալու հարցով, բայց  անպատասխան են մնացել նամակներս կամ էլ մերժվել են…>>:

«Ես ինձ հերոս երբեք չեմ կոչել, իմ արածն ինձ համար միշտ էլ չնչին է եղել: Սերունդներն են  գնահատական  տալու  մեր կատարածին…Իրական հերոսներ դեռ շատ կան, որոնց գործն ու անունները արխիվներում են մնացել, պետք է բացահայտել ու խոսել իրական հերոսների մասին.պատմությունը մեզ չի ների…»,-ասում է կին ազատամարտիկը:

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

1