Կերակրատաշտակից օգտված մարդիկ այսօր խոսում են արդարությունից. Վահրամ Բալայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կերակրատաշտակից օգտված մարդիկ այսօր խոսում են արդարությունից. Վահրամ Բալայան

Կերակրատաշտակից օգտված մարդիկ այսօր խոսում են արդարությունից. Վահրամ Բալայան

ԱՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանի հարցազրույցը «Ապառաժ»-ին:

— Ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

— Աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ փոփոխությունների անհրաժեշտությունն օրախնդիր է, եւ Արցախը եւս չի կարող հետ մնալ այդ գործընթացներից: Հասարակական զարգացման օրինաչափ ընթացքը հուշում է, որ մենք անհրաժեշտություն ունենք նոր գործիչների եւ նոր գաղափարների, եւ որ վաղուց պետք է ձեռնարկեինք փոփոխությունները: Այսօր մեր հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները եւ երկիրը փոխելու ձգտումը հենց դրա արտացոլանքն է:

ՀՅ Դաշնակցությունը, որպես քաղաքական կուսակցություն, դեմ է քվեարկել ընդունված Սահմանադրությանը՝ համոզմունք ունենալով, որ առաջարկվող նախագծի անհրաժեշտությունը չկա, եւ որ այն, ըստ էության, չի արտացոլում երկրի զարգացման տրամաբանությունը: Մեզ այդ օրերին քննադատում էին, դիտարկում որպես չկամեցող, սակայն ցավոք սրտի մենք ճիշտ էինք:

Այսօր Սահմանադրությանը դեմ քվեարկած փոքրամասնությունն առաջնորդվում է մեծամասնության կարծիքով, որը չի լսել եւ չի մարսել տասնամյակների ընթացքում հայության կյանքը կարգավորած, պետականություն հիմնած քաղաքական ուժի հորդորը: Իսկ այսօր մեղադրանք են ներկայացնում քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաեւ Դաշնակցության հասցեին:

Այսօր մոդայիկ է դարձել խոսել ժողովրդի անունից եւ արդարության մասին:

Ցավ եմ ապրում, երբ արդարության մասին խոսում են մարդիկ, որոնք թաղված են կեղտի մեջ, մարդիկ, որոնք կերակրատաշտակից ամենաշատն են օգտվել եւ որոնք տարիներ շարունակ այս կամ այն ձեւով ոտնահարել են հանրության իրավունքները: Սա ինձ համար ընկալելի չէ:

Ընկալելի չէ նաեւ այն մարդկանց մոտեցումները, որոնք իրավունք են վերապահում խոսելու ժողովրդի անունից: Ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու միայն ինքը՝ ժողովուրդը: Մեր հանրային կյանքը պետք է բարեփոխվի հենց ժողովրդի կողմից պատասխանատվություն ստանձնելու ճանապարհով այս կամ այն քաղաքական ուժիև գործիչների նկատմամբ՝ քվեով արտահայտելով համապատասխան վերաբերմունք: Բարեփոխումների անհրաժեշտություն ունենք, սակայն այդ ամենը պետք է իրականացնենք օրենքի սահմաններում՝ վերը նշածս ճանապարհով:

— Վերջին շրջանում ականատես ենք մի շարք փոփոխությունների՝ հրաժարականներ, պաշտոնանկություններ, նոր նշանակումներ, սակայն ծրագրային, ոլորտային ի՞նչ փոփոխությունների հրամայականի առջեւ ենք այսօր:

— Մեր երկրում բարեփոխումները չպետք է սահմանափակվեն միայն կադրերի տեղաշարժով: Բարեփոխումները պետք է լինեն համակարգային:

Սկսենք քաղաքական դաշտից:

150 000 բնակչություն ունեցող Արցախում այսօր գործում են տասնյակ կուսակցություններ: Հիմնվում են նոր կուսակցություններ՝ պաշտոն եւ դիրք զբաղեցնելու նպատակով: Քաղաքականությամբ պետք է զբաղվի այն մարդը, ով ծնվել է դրանով զբաղվելու համար: Արցախում կուսակցություններն առավել շատ ձեւավորվել են անձերի շուրջ, քան թե գաղափարների: Պատճառը նյութապաշտությունն ու անձնապաշտությունն է եւ այստեղից հարեւանի ու համաքաղաքացու խնդիրները չտեսնելը: Կուսակցապետերը  հպարտանում են նաեւ բաժանած կուսակցական տոմսերի քանակով: Սակայն չի կարելի հասարակական զարգացումները տանել նման ճանապարհով՝ վտանգի տակ դնելով պետական ողջ համակարգը:

Կուսակցությունները պետք է հիմնվեն քաղաքական, գաղափարական հենքի վրա՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ուսերի վրա տանելու ժողովրդի հոգսը, երկրի զարգացման հեռանկարը եւ անվտանգության հետ կապված հարցերը: Այս պարագայում, կարծում եմ, կմեծանա հանրության վստահությունը կուսակցությունների նկատմամբ:

Մեկ այլ խնդիր է մեր քաղաքական համակարգում կուսակցությունների կայացման համար անհրաժեշտ նպաստավոր պայմանների բացակայությունը: Քաղաքական ուժերին չի տրվում համապատասխան լծակներ, երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք: Իսկ պարտականությունը տրամագծորեն կապված է իրավունքի հետ:

Հանրությունը որպես դատավոր քաղաքական ուժերին պետք է վերահսկի և համապատասխան գնահատականներ տա: Ցավոք մեր օրերում այդ գնահատականները անաչառ չեն լինում և այդ պայմաններում քաղաքական բախտախնդիրների համար կանաչ ճանապարհ է բացվում:

Բացի քաղաքական դաշտի խնդիրներից, մենք ունենք նաեւ բազում ու բազմաթիվ այլ հարցեր: Իսկ ո՞վ չգիտի, որ մեր հասարակության մեջ եղել են նաեւ արտոնյալ մարդիկ, որոնք օգտագործել են իրենց պաշտոնը անձնական հարստություն կուտակելու եւ անձնական խնդիրները լուծելու համար:

Ով չգիտի, որ մեր տնտեսության որոշ ճյուղերում անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ՝ մասնավորապես գյուղատնտեսության եւ գյուղերի զարգացման ու վերաբնակեցման ասպարեզներում: Էլ չեմ խոսում սոցիալական ոլորտից:

Անդրադառնամ կադրային քաղաքականությանը: Նախարարական, վարչության պետերի պորտֆելներ են ստանում մարդիկ, որոնք բացարձակ կապ չունեն կառավարման համակարգի հետ, որոնք չունեն համապատասխան կրթություն, գիտելիքներ եւ փորձառություն:

Նման երեւույթներին առանց ցնցումների, տրամաբանական և կամային որոշումների միջոցով պետք է վերջ դրվի: Քաղաքական ցնցումների պայմաններում, բախտախնդիր եւ արկածախնդիր մարդիկ կարող են հասնել այնպիսի բարձր պաշտոնների, որ մեր երկիրը հասցնեն ավելի վատթար վիճակի:

Նշեմ նաեւ, որ այսօր երկրում գոյություն ունեցող լարվածությունն ստեղծվել է նաեւ այն մարդկանց պատճառով, որոնք տասնամյակներ շարունակ պաշտոններ են ունեցել և բացի իրենց անձնական հարցերից ոչինչ չեն լուծել: Այդ մարդիկ այսօր իշխանության մեջ չեն և մի կողմ քաշված վայելում են անօրեն ճանապարհով իրենց կուտակածը: Պետք է քաղաքական գնահատական  տալ և արձանագրել դրանից բխող հետևանքները:

— Այս գործընթացներում ո՞րն է ԱԺի դերն ու դերակատարությունը:

-Այսօր առաջնային մանդատ ունեցող միակ կառույցը ըստ էության ԱԺ-ն է: Գաղտնիք չէ, որ ԱԺ-ն է անցումային շրջանի համար ընտրել Հանրապետության նախագահին, եւ որ դատական համակարգը ձեւավորվում է ԱԺ-ի կողմից: Հետեւաբար, երկրի զարգացման հետ կապված հարցերի պատասխանատվությունն ԱԺ-ն պետք է նաեւ իր վրա վերցնի: ԱԺ-ում ներկայացված քաղաքական հինգ ուժերը տարբեր գաղափարական մոտեցումներ ունեն, բայց կարծում եմ՝ բոլորին պետք է իրար միավորի այս երկրի շահն ու անվտանգությունը: Քաղաքական հինգ ուժերը պետք է ունենան երկրի զարգացման իրենց միասնական տեսլականը:

— Վերջին շրջանում, սակայն, հանրության տարբեր շերտեր անվստահություն են հայտնում ԱԺ-ի նկատմամբ: Հանրային խորհուրդը ԱԺ-ն անվանում է կլինիկական մահ ապրող մարմին, ավելի հաճախ շահարկվել է պատգամավորների աշխատավարձի հարցը: Ինչի՞ հետեւանք է այս անվստահությունը օրենսդիր մարմնի նկատմամբ եւ ի՞նչ հետեւություններ պետք է անել:

— Կարծում եմ, որ այս ամենը նախ եւ առաջ փակ համակարգում աշխատելու հետեւանք է: Հանրությունը համապատասխան տեղեկատվություն չի ստանում ԱԺ-ի գործունեության վերաբերյալ: Հանձնաժողովների նիստեր ենք գումարում, բյուջեի ընդունման եւ կատարողականի վերաբերյալ հարցեր ենք քննարկում: Դրանք օրախնդիր հարցեր են բայց հանրությունը տեղյակ չէ:

Երկրորդ պատճառը հանրության մոտ ԱԺ-ի իրավասությունների մասին հստակ պատկերացման բացակայությունն է: Հանրությունը սահմանադրությամբ մեզ տվել է օրինաստեղծ գործառույթ: Հասարակության որոշ շերտերի համար ԱԺ պատգամավորը վատն է, որովհետեւ նա չի կարողանում փոխել քաղաքացու տանիքը կամ ասֆալտապատել նրա բակի ճանապարհը: ԱԺ պատգամավորը ոչ նման իրավասություն, և ոչ էլ հնարավորություն ունի: Սոցիալական և տնտեսական նշանակության հարցերը լուծում է գործադիր իշխանությունը:

Մյուս կողմից, գոյություն ունի նաեւ մեկ այլ իրողություն: Մենք ունցել ենք 6 գումարման ԱԺ, եւ ես մի անգամ չեմ լսել, որ ժողովուրդը գոհ լինի այս կամ այն ԱԺ-ից: Օրենսդիր մարմնից ակնկալիքները չեն համապատասխանում սահմանադրությամբ պատգամավորներին վերապահված իրավունքներին:

Եվ, ի վերջո, ԱԺ-ի պատգամավորները հանրության կողմից ընտրված գործիչներ են, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական կուսակցություններ: Չի կարելի բոլորին վատաբանել, որովհետև կան ինչպես լավ, այնպես էլ վատ աշխատողներ: Թող հանրությունը արդարացի գնահատի այս կամ այն պատգամավորի և քաղաքական ուժերի գործունեությունը, անցած ճանապարհը, և հաջորդ ընտրություններում ճիշտ որոշում կայացնի:

— Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ինչպե՞ս կարող են ազդել երկրի կայունության եւ անվտանգության վրա՝ հաշվի առնելով վերջին շրջանում Արցախի եւ Հայաստանի սահմանում հակառակորդի նկատվող ակտիվությունը:

— Շատ դեպքերում հանրության որոշ շերտեր որպես շանտաժ եւ բարեփոխումները ձախողելու փորձ է ընդունում պատերազմական երկիր լինելու հանգամանքը: Փառք Աստծո, որ ՀՀ նոր իշխանությունները եւս գնահատում են տարածաշրջանային զարգացումները: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը համապատասխան նոր հրահանգ է տվել բանակին: Ի վերջո, Ադրբեջանի կառավարության գնած սմերչները կամ դրանց համարժեք ժամանակակից զենքերը Բաքվի թանգարանները զարդարելու նպատակով չեն ձեռքբերվել: Ադրբեջանը այսօր չի թաքցնում իր հավակնությունները՝ խոսելով Արցախի, Երեւանի, Արարատյան դաշտավայրի եւ Սեւանի մասին: Այդ ամենից ելնելով նրանք համապատասխան ուժեր են կուտակում ինչպես Նախիջևանում, այնպես էլ արցախյան ճակատում:

Եթե մենք Գերմանիայի եւ Ֆրանսիայի արանքում մի երկիր լինեինք, կարծում եմ, որ կարելի էր փորձեր անել՝ այս կամ այն ճանապարհով գնալ, բայց քանի որ մենք գտնվում ենք աշխարհի այս թեժ հատվածում՝ շրջապատված թշնամական երկրներով, մեր ամեն մի քայլը պետք է բխի անվտանգության հարցերից: Մենք չենք մոռացել 1991-94, 2016 թվականների դառնությունները, եւ այս ամենին պետք է լուրջ վերաբերվել: Ամեն մի անօրինականություն հասարակությանը բերում է ցնցումներ եւ ձեւավորում անհանդուրժողականության մթնոլորտ, որից միայն ու միայն թշնամին  է օգտվում: Երկրի անվտանգության հիմնական երաշխիքը ժողովրդի միասնականությունն է:

Ես նոր բան չեմ ասում, մեր պատմությունն է դա փաստում: Այս ամենով մենք անցել ենք ու այդ ամենի հետեւանքով կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մեծ մասը:

Այսօր զույգ հայկական պետությունների գոյությունը վկայում է, որ մենք գտնվում ենք շահեկան վիճակում եւ մեր ամեն մի քայլը պետք է խոհեմությամբ արվի: Տարբեր քաղաքական դաշտերում կանգնած հանրության ներկայացուցիչներ վաղը կարող են հայտնվել նույն խրամատում: Միայն սիրո միջավայրում կարող են միասնաբար ճակատ կազմել եւ ոչ թե՝ հակակրանքի ու ատելության:

Մենք ճանապարհ ունենք անցնելու, եւ դա պետք է անցնենք օրինականության եւ համերաշխության մթնոլորտում՝ հանրության բոլոր շերտերի եւ աշխարհի համար ընկալելի պայմաններում:

Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ

1