Կարպետագործության արվեստը ՆԱՄ Շուշիի կենտրոնում զարգանում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կարպետագործության արվեստը ՆԱՄ Շուշիի կենտրոնում զարգանում է

Կարպետագործության արվեստը ՆԱՄ Շուշիի կենտրոնում զարգանում է

Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացել է «Արցախյան երիտասարդ և մանուկ կարպետագործներ» ծրագրի շրջանակում գործած կարպետների ցուցահանդեսը։ «Արցախյան երիտասարդ և մանուկ կարպետագործներ» ծրագիրը մեկնարկվել էր 2017թ.-ին։

Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագիրը նպատակ ուներ լուծելու Շուշիի և հարակից շրջանների երեխաների զբաղվածության խնդիրն ու երիտասարդներին տրամադրելու արհեստի ձեռքբերման հնարավորություն։ Ծրագիրը մեկնարվել էր հուլիսի 1-ից և ավարտվել նոյեմբերի 30-ին։ Ծրագրի կարպետագործ մասնագետներն էին Սվետա Առստամյանը, Սոսե Ամիրջանյանը և Իրենա Թևանյանը։

«Արցախյան երիտասարդ և մնաուկ կարպետագործներ» ծրագիրն իրականացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրով, — բացման խոսքում նշել է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի տնօրեն Հայկ Պապյանը։

Ծրագրի շրջանակներում 5 ամսվա ընթացքում մասնակիցները մասնագետների օգնությամբ գործեցին 10 և ավելի կարպետ, որոնցից 3-ը մեծ են, 2-ը` միջին, իսկ 5-ից ավելին՝ փոքրիկ կարպետներ։

Ցուցահանդեսի ընթացքում «Արցախյան երիտասարդ և մանուկ կարպետագործներ» ծրագրի մասնակիցները փոքր շրջանակների վրա գործում և հյուրերին էին ներկայացնում տեղում կատարած աշխատանքները։

Ազգային ու մշակութային ոգին երեկոյի ընթացքում բարձր պահեցին նաև ՆԱՄ-ի հայկական ազգագրական պարի խմբի սաները «Փափուռի», «Մածուն եմ վեր դրել» և «Կարնո քոչարի» պարերով։

Կարպետագործության արվեստը ՆԱՄ Շուշիի կենտրոնում կշարունակի զարգանալ, և խմբակի դռները բաց են բոլորի առաջ՝ առանց տարիքային սահմանափակության։

panorama.am

1