Կարո Փայլանը Խաղաղության Նոբելյան մրցանակի կներկայացվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կարո Փայլանը Խաղաղության Նոբելյան մրցանակի կներկայացվի

Կարո Փայլանը Խաղաղության Նոբելյան մրցանակի կներկայացվի

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը հայտարարել է, որ կազմակերպությունը Կարո Փայլանիթեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

Կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արևմտյան Հայաստանում՝ Համշենում, իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որոնք նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: Կազմակերպության համար մարդասիրական և համամարդկային ծրագրերը առաջնային նշանակություն ունեն:

Կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից) Կարո Փայլանին, մարդու՝ որն իր ամբողջ կյանքը նվիրել է հայ և մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում:

«Այսօր Փայլանն այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին: Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջև հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ: Եվ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը:

Դիմում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաև մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ մեր նախաձեռնությանը և ձայնը տալ Կարո Փայլանին»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Սաիդա Օհանյանը խնդրում է նաև ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին, որպես ժամանակաշրջանի մեծ մարդասերի և մարդկային իրավունքների պաշտպանի:

Հայտը ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է, 2018 թ. հունվարի 30-ը դրա եզրափակիչ օրն է:

«Վստահ ենք, Ձեր մասնակցությունը և Նոբելյան կոմիտեի դրական որոշումը միասին էական ներդրում կդառնան աշխարհի ամենաթեժ կետում՝ Մերձավոր Արևելքում, կայուն խաղաղության և ազգերի միջև իրական համաձայնության ու համագործակցության հաստատման գործում»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների կյանքին վտանգ է սպառնում:

1