Կատվի վազ տալը մինչև մարագն է լինում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կատվի վազ տալը մինչև մարագն է լինում

Կատվի վազ տալը մինչև մարագն է լինում

Թող անհարկի պոռոտախոսություն չթվա խոսքս, բայց, համոզված եմ, կամա, թե ակամա, հենց այդ վիճակում է մեր հարևան հանրապետությունը՝ Ադրբեջանը։ Սակայն եթե առածի կատուն ընդամենը մեկ մարագ ունի փախուստի համար, ապա Ադրբեջանի պարագայում այն մի քանիսն է։ Իսկ փախուստի դրդապատճառը, երևի թե դժվար չէ կռահել, Հայոց բանակի զինանոցը վերջերս համալրած ռուսական ՙԻսկանդեր՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային կայանքներն են, որոնք իրենց տեխնիկական չափորոշիչներով ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական նշանակություն ունեն։ Այլ կերպ ասած՝ առաջիկայում ադրբեջանական հերթական հնարավոր ագրեսիայի դեպքում աշխարհում իր նմանակը չունեցող այդ գերհզոր զինատեսակն ի զորու է ոչ միայն պաշտպանել Հայաստանի և Արցախի տարածքները, այլև, անհրաժեշտության բերումով, նաև խոցել հակառակորդի տարածքի խորքային ռազմական և այլ կարգի թիրախները՝ պարտադրելով առնվազն ձեռնպահ մնալ ուժի կիրառմամբ ղարաբաղյան թնջուկը լուծելու իր արկածախնդիր նկրտումներից։ Ասացի՝ առնվազն, որովհետև նույն այդ պարտադրանքի հետևանքները կարող են ավելի ահավոր ներգործություն ունենալ Ադրբեջանի համար, քան զուտ պատերազմական գործողությունների դադարեցումն է։

Երևի թե Բաքվի իշխանական վերնախավը նույնպես տեսնում ու գիտակցում է այդ հեռանկարը։ Այլապես այդ աստիճան խուճապի չէր մատնվի՝ դիմելով ապահով պատսպարան-մարագների եռանդուն փնտրտուքների։ Անդրադառնանք դրանցից երկուսին։

Անշուշտ, նման դերակատարություն կարող է ունենալ  Թուրքիան, որն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում՝ ահա ավելի քան քառորդ դար ի վեր, անփոփոխ հանդես է գալիս ի պաշտպանություն իր արյունակից եղբոր՝ Ադրբեջանի շահերի։ Ընդ որում՝ ոչ միայն խոսքով, այլև գործով՝ սկսած դիվանագիտական աջակցությունից մինչև սպառազինության մատակարարում, իր ռազմական կրթահամակարգում Ադրբեջանի ԶՈՒ-ի համար սպայական կադրերի պատրաստում ու վերապատրաստում, Ադրբեջանի տարածքում հատուկ նշանակության հարվածային-դիվերսիոն զորամիավորումների կազմավորում ու մարզում,  ռազմական խորհրդատուների ուղեգրում Բաքու, անգամ՝ անմիջական մասնակցություն մարտական գործողություններին։ Այո, հենց այդպես՝ անմիջական մասնակցություն, ինչին մենք ականատես եղանք ապրիլյան ագրեսիայի ընթացքում, երբ շփման գծի գրեթե ողջ երկայնքում, մանավանդ՝ հյուսիս-արևելյան հատվածում գրոհում էին, այսպես կոչված, իսլամական պետության ահաբեկչական խմբավորումների զինյալները, ում հավաքագրել էր ոչ այլ ոք, քան Անկարան և ովքեր անփառունակ վախճան ունեցան արցախյան դիրքերի մատույցներում։

Բայց հաշվի առնենք, որ Թուրքիան ինքը, բավական խճճված լինելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների հարափոփոխ, իսկ ներկայումս՝ անհամեմատ փոփոխված բավիղում, հազիվ թե իր համար չափազանց ռիսկային քայլի դիմիվ։ Թուրքիան Ադրբեջանին թույլ չի տա Ղարաբաղում պատերազմ սանձազերծել։ Այս համոզմանն է Կովկասագետների գիտական միության նախագահ, Ռուսաստանի  ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Կռիլովը։ Ռուս փորձագետի տեսակետով, որ նա արտահայտել է Pravda.ru ինտերնետ հրատարակությանը տված հարցազրույցում. ՙԱդրբեջանն իր չմտածված գործողություններով, ըստ ամենայնի, կարող է Թուրքիային վնաս պատճառել` մասնավորապես բարդացնել Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները։ Ուստի այս տեսանկյունից, Թուրքիան շատ խոցելի վիճակում է, և Ադրբեջանի կողմից լրացուցիչ բարդությունները նրա համար խիստ անցանկալի են։

Ռուսաստանցի վերլուծաբանն այդ մասին ասել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից ընդամենը երեք օր առաջ, երբ՝ դեկտեմբերի 19-ի երեկոյան, Ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ՙՌուսաստանը թուրքերի աչքերով՚ ցուցահանդեսի բացման արարողությանը դավադրաբար սպանվեց  Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը։ Կարծում եմ, այդ կապակցությամբ կրքերը դեռ երկար կբորբոքվեն։ Բայց ինչպես տեղի ունեցավ ամիսներ առաջ՝ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին, երբ Սիրիայի օդային տարածքում թուրքական կործանիչը խոցեց ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչը, դրանք վերստին կդադարեն՝  կանաչ ճամփա բացելով ռուս-թուրքական ՙքաղաքական սիրախաղի՚ համար։ Բանն այն է, որ  այդ ՙսիրախաղ՚ կոչվածն առնվազն մոտ հեռանկարի կտրվածքով  երկուստեք շատ ավելի շահեկան  է  Մոսկվայի և Անկարայի համար, քան ռազմական ինքնաթիռի կործանումն ու նրա օդաչուի մահը և ահա նաև ռուսական դեսպանի չարանենգ սպանությունը։ Որքան էլ անբարո հնչի, բայց երևի ճիշտ է այն բնորոշումը, թե մեծ քաղաքականության ճանապարհին նման, այսպես ասած, մանր կորուստներն էական չեն։ Այս առումով վերհիշենք, զորօրինակ, ռուս դիվանագետ, բանաստեղծ, դրամատուրգ, Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոեդովի սպանությունը և ռուսական առաքելության շուրջ 37 անդամներիւ, ջարդը Թեհրանում՝ 1829թ. փետրվարի 30-ին։ Հետո ի՞նչ՝ կհարցնեք։ Առանձնապես ոչինչ։ Կարծեմ պարսից գահաժառանգ Աբբաս Միրզան էր, որ այնուհետև Սանկտ-Պետերբուրգ ժամանեց ճոխ նվերներով, և միջադեպը հարթվեց հանուն Ռուսաստան-Պարսկաստան միջպետական շահերի։ Ի դեպ, Ռուսաստանի դիվանագիտության պատմության մեջ դեսպան Կառլովի սպանությունը փաստորեն երկրորդն էր Գրիբոեդովից հետո։ Այնպես որ, նույնը, համոզված եմ, տեղի կունենա նաև դեսպան Կառլովի սպանության պարագայում։

Բայց, ինչպես ասում են, դառնանք մեր ոչխարներին։ Բաքվի երկրորդ պատսպարան-մարագը, կարծում եմ՝ կհամաձայնեք, Մոսկվան է։ Ինչպես հիշում եք, Անկարայում կատարված սպանությունից դարձյալ մի քանի օր առաջ էր։ Աշխատանքային այցով Բաքու էր ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ, Ռազմա-արդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Դմիտրի Ռոգոզինի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը։ Այցի հիմնական նպատակը ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցությունն էր, որի ընթացքում քննարկվել են երկկողմ, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն Ադրբեջանին արդիական սպառազինություն մատակարարող հիմնական երկրներից է, և այդ խնդրում ի պաշտոնե էական դերակատարություն ունի անձամբ Դմիտրի Ռոգոզինը։ Փակագծերում նշեմ, որ այդ պետական գործիչը դեռևս 1997 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ ՌԴ Պետական դումայի պատգամավոր էր, ժամանել էր Ստեփանակերտ՝ որպես միջազգային դիտորդ մասնակցելու ԼՂՀ նախագահի արտահերթ ընտրություններին և ստորագրել է Ռուսաստանյան դիտորդական խմբի դրական եզրակացությունը։ Հետաքրքիր է իմանալ՝ ինչու՞ նրա անուն-ազգանունն առ այսօր չի մտցվել Ադրբեջանի ԱԳՆ՝ այդ երկրի պետական սահմանն ապօրինաբար հատած անցանկալի անձանց տխրահռչակ ՙսև ցուցակում՚։ Ի՞նչ բանի են և ու՞ր են նայում Բաքվի չափից դուրս աչալուրջ ու անաչառ ՙդիվանագետ-սահմանապահները՚։ Բայց դա՝ ի միջի այլոց, ընդամենը՝ փակագծերում։

Եվ ահա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստից զատ՝ նույն այդ նախկին սահմանախախտ Ռոգոզինը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի իշխանական վերնախավի, առանձնապես՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Անկախ նրանից, թե ինչ հունով են ընթացել հանդիպումները և ինչ հարցեր են շոշափվել, թեկուզ դժվար չէ կռահել, որ այդ զրույցների առանցք էին կազմում Ադրբեջանին ռուսական արդիական զինատեսակների նոր մատակարարումները, որոնք հետագայում պետք է ուղղվեն Հայաստանի և հատկապես Արցախի դեմ, պաշտոնական Բաքվին առավելապես մտահոգում էր Հայաստան հասած ու տեղադրված ՙԻսկանդեր՚ կայանքների հետագա հնարավոր դերակատարությունը. Արդյոք։ դրանք չե՞ն հայտնվի Լեռնային Ղարաբաղում և չե՞ն գործադրվի Ադրբեջանի դեմ։ Ես չեմ բացառում, որ փոխվարչապետ Ռոգոզինը բացասական պատասխան տված լինի նախագահ Ալիևին, անգամ՝ ի հավաստումն իր տված երաշխիքի, Ռուսաստանի հուսալի գործընկերոջ՝ պաշտոնական Բաքվի մոտ հեռակա կարգով մատ թափ տալով Ռուսաստանի հավատարիմ ռազմավարական դաշնակցի՝ պաշտոնական Երևանի հասցեին։

Հնարավոր է։ Թեկուզ չեմ պնդում։ Բայց եթե իրոք այդպես է եղել, ապա հարց է ծագում, արդյոք, պարոն Ռոգոզինը շա՞տ չի ուշացել  կառամատույցից վաղուց հեռացած գնացքից։ Եվ ահա թե մեզ հետաքրքրող հարցի կապակցությամբ օրերս ինչ է ասել Ռուսաստանի ռազմամվարական հետազոտությունների ռազմական քաղաքականության և տնտեսության բաժանմունքի պետ, փորձագետ Իվան Կոնովալովը։ Իսկ նա ասել է հետևյալը, «Բայց Մոսկվան ի՞նչ երաշխիքներ կարող է տալ, եթե «Իսկանդեր»-ներն արդեն հայկական բանակում են գտնվում, և այդ կայանքները Հայաստանի Զինված ուժերի հրամանի, ուստի Ռուսաստանը չի կարող երաշխավորել, որ այդ գերհզոր զենքը չի կիրառվի, եթե հարևան երկիրը սպառնա Հայաստանի անվտանգությանը»։

Իվան Կոնովալովի պատասխանից, կարծում եմ, ակնհայտ է, որ նա մեխը, իրոք, տեղին է խփել ու միանգամայն ամուր՝ մինչև տափակ գլխիկը։

Էհ, ինչպես տեսնում ենք,  Բաքվի  համար, այս պատսպարան-մարագն էլ ապահով չէ այնքան։

՚

Միքայել Հաջյան

1