Կառուցվում է նոր դպրոց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կառուցվում է նոր դպրոց

Կառուցվում է նոր դպրոց

Քաշաթաղի շրջանի արաքսամերձ Մուշ և Ալաշկերտ գյուղերը փռված են Ողջի գետի աջափնյա հարթություններում՝ Միջնավան-Կովսական քաղաքների մեջտեղում: Նշված գյուղերի դպրոցականները սովորում էին Ալաշկերտում գործող 2 հարմարեցված մասնաշենք ունեցող դպրոցում, որը գտնվում էր վթարային վիճակում և վտանգավոր է դարձել 40 աշակերտների, 18 ուսուցիչների և տեխաշխատողների համար:

Մուշի և Ալաշկերտի բնակչությանն իր աջակցությունը ցուցաբերեց «Հայրենասեր» բարեգործական կազմակերպությունը, որը վերջին 3-4 տարիների ընթացքում Քաշաթաղում կառուցել և հիմնանորոգել է Լեռնահովիտի, Վուրգավանի, Հերիկի դպրոցների շենքերը, իրականացրել այլ կարևոր ծրագրեր: Այս տարի բարեգործական կազմակերպությունը Բերձորում կառուցեց 2 ապաստարան, հիմնանորոգում է հյուսիսային Հակ գյուղի դպրոցի շենքը, Հոչանց գյուղում վերակառուցում է հրդեհից տուժած մեկ բնակելի տուն:

Օգոստոսի 4-ին «Հայրենասեր»-ի համահիմնադիր, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանի հետ այցելեցի հարավային թևի Իշխանաձոր և Մուշ գյուղեր, ծանոթացա կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներին: Իշխանաձորում «Հայրենասեր»-ը նոր հիմնված Ազատամարտիկների թաղամասում կառուցում է մարզադաշտ և խաղահրապարակ: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Արդեն հարթեցվել է տարածքը, ցանկապատվել: Մարզադաշտի և խաղահրապարակի կառուցման աշխատանքներում իր ներդրումն ունի նաև շրջվարչակազմը:

Նոր դպրոցը կառուցվում է Մուշի գյուղական համայնքի տարածքում: Շինարարությունը ղեկավարում է Արման Մեջլումյանը, ով տեղում չէր, նրան փոխարինում էր Վալերի Աղաջանյանը: Տեղեկացրեց, որաշխատանքներն սկսել են մարտի սկզբից: Արտաքին պատերն արդեն կանգուն են, տանիքի կեսը ծածկվել է փայտով: Կարևորեց՝ անհրաժեշտ շինանյութն ամբողջությամբ կա:

Ստեփան Սարգսյանն ասաց՝ իմանալով Ալաշկերտի դպրոցի շենքի վթարային լինելու մասին, «Հայրենասեր»-ը որոշեց կառուցել նոր մի դպրոց, որն ունենալու է 12 դասասենյակ, դահլիճ և 6 այլ սենյակներ՝ տնօրենի աշխատասենյակ, ուսուցչանոց, գրադարան, ՆԶՊ դասասենյակ և այլն:

 — Հին շենքերը գտնվում էին բարձր վթարային վիճակում և ցանկացած պահի պատերը կարող էին քանդվել, իսկ ներսում մեր երեխաներն էին: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անիմաստ է հիմնանորոգել հին շենքերը, և որոշեցինք կառուցել նոր դպրոց՝ 2 գյուղերի մեջտեղում, — ասաց Ստ. Սարգսյանը և հավելեց. — հաշվի առնելով այն, որ նշված բնակավայրերը գտնվում են սահմանին մոտ, դպրոցի նկուղային հարկը ծառայելու է որպես ապաստարան:

Դպրոցի կառուցման աշխատանքներում օժանդակում է նաև շրջվարչակազմը՝ հատկացնելով տանիքի շինանյութը, տեխնիկական միջոցներ: Դպրոցի տնօրեն Լիաննա Հակոբյանը տեղեկացրեց, որ նոր ուստարում աշակերտների թիվը կավելանա 5-ով: 2017-ին դպրոցն ավարտել են 2 շրջանավարտ, իսկ առաջին դասարան կհաճախեն 7 հոգի, և աշակերտների ընդհանուր թիվը կդառնա 45: Շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օժանդակեցին, որ դպրոցի համար նոր շենք կառուցվի: Երախտապարտ է «Հայրենասեր» կազմակերպությանը, Ստեփան Սարգսյանին, ով ցուցաբերեց սրտացավություն և իրականացրեց դպրոցի նոր շենքի կառուցումը: Նշեց նաև, որ այժմ խնդիր է առաջանալու Ալաշկերտի դպրոցականների տեղափոխման հարցում: 18-20 աշակերտ, կեսից ավելին՝ տարրական դասարաններից, այս գյուղից են և 2-3 կմ ճանապարհ պետք է անցնեն: Ուստի պետք է տրանսպորտային միջոց հատկացվի: Հավատում է՝ այս հարցն էլ կլուծվի, կարևորը, որ այսուհետ կաշխատեն բարեկարգ ու անվտանգ շենքում:

Զոհրաբ Ըռքոյան

1