Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ուղեկցությամբ Արցախում է Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ուղեկցությամբ Արցախում է Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը

Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ուղեկցությամբ Արցախում է Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը

Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ուղեկցությամբ այս օրերին Արցախում են Կանադայի One Free World International կազմակերպության հիմնադիր տնօրեն Րեվ Մաժիդ Էլ Շկաֆուն եւ Կանադայի խորհրդարանի ընդդիմադիր պահպանողական կուսակցության անդամներ Տոնի Կլեմենտը եւ Ռեյչլ Հարդը:

«Ապառաժ»-ը թեմայի շուրջ զրուցել է Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի գործավար Սեւակ Փելյանի հետ:

Ի՞նչ նպատակով են Կանադայի խորհրդարանականներն Արցախում:

-Արցախ այցելելու գաղափարն առաջացել է Ապրիլյան պատերազմից հետո՝ Կանադայի One Free World International կազմակերպության հիմնադիր տնօրեն Րեվ Մաժիդ Էլ Շկաֆուի մոտ: Աշխարհի շուրջ 28 պետություններում մարդու իրավունքների դեմ խախտումներն արձանագրող եւ օգնություն ցուցաբերող հիմնադիր տնօրենը նպատակ է ունեցել սեփական աչքերով տեսնել Ապրիլյան պատերազմի հետեւանքները, մարդու իրավունքների խախտումները, որոնց ենթարկվեց Արցախի ժողովուրդը Ապրիլյան պատերազմի ընթացքում:

Պետք եղած տեղեկությունների հիման վրա պատրաստելու է զեկույց Կանադայի խորհրդարանում, կառավարությունում եւ տարբեր կազմակերպություններում ներկայացնելու նպատակով:

Պատվիրակությունն Արցախում ունենալու է նաեւ քաղաքական հանդիպումներ Արցախյան հարցի կարգավորման գործընթացում Արցախի իշխանությունների դիրքորոշումն իմանալու նպատակով:

Ի՞նչ աշխատանքներ է այսօր  իրականացնում Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը:

Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի օրակարգի հիմնական կիզակետը Արցախյան հիմնահարցն է: Կանադայի բոլոր մակարդակներում աշխատանք է տարվում Արցախյան հիմնահարցը, պահանջները եւ պատմությունը ճշգրտորեն ներկայացնելու նպատակով:

Հսկայական աշխատանք է տարվում նաեւ տեղեկատվական պայքարում: Ադրբեջանական կողմը մեծ գումարներ է ծախսում Կանադայում ապատեղեկատվություն տարածելու նպատակով՝ կենտրոնանալով մեկ առանցքի վրա՝ Արցախը պետք է մաս կազմի Ադրբեջանի հողային ամբողջականության:  Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը կարողացել է հակադարձել Ադրբեջանական բոլոր փորձերին: Այս աշխատանքների ցայտուն օրինակը նախկինում եւ այժմ կայացած Կանադայի բարձրաստիճան պաշտոնյանների այցերն են:

Պետք է ասել, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ տարվող աշխատանքները երկարաշունչ եւ երկարաժամկետ են:

Ինչպես ՀՅԴ Հայ Դատի մյուս գրասենյակները, այնպես նաեւ Կանադայի գրասենյակն ունի մշակված հստակ ռազմավարություն եւ ընթացիկ տարեկան ծրագիր՝ Կանադայի ներքին քաղաքականության դաշտում հայ ժողովրդի, Կանադայի հայ համայնքի եւ Հայաստանի ու Արցախի շահերը ներկայացնելու հիմնական մտադրությամբ:

Չնայած Կանադան բոլոր մակարդակներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն մեր աշխատանքները մտել են նոր, պահանջատիրական փուլ. գրասենյակը շարունակում է պահանջատիրական պայքարը:

Բավականին մեծ աշխատանք է տարվում Կանադա-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Կանադայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը տարիներ շարունակ երկու պետությունների փոխհարաբերություններն ուղղորդող եւ հունի մեջ պահող կառույցն է հանդիսանում:

 Լուսինե Թեւոսյան

1