Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին

Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին

Կանադայի Հայ դատի հանձնախումբն իր վրդովմունքն է հայտնել՝ տեղեկանալով, որ Կանադայի կառավարությունը թույլ է տվել Տորոնտոյում գտնվող զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող «INKAS Armored Vehicle Manufacturing» ընկերությանը՝ բարձրտեխնոլոգիական ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան, հաղորդում է «Ասպարեզ»-ը:

Կանադայի միջազգային առեւտրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնին ուղղված նամակում Հայ դատնի հանձնախումբը կոչ է արել երկրի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի տրամադրումն Ադրբեջանին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ սխալ որոշումը չեղարկելու ուղղությամբ:

«Նման վտանգավոր զենքերի տրամադրումը այնպիսի «իզգոյ» երկրների ինչպիսին Ադրբեջանն է, խախտում է Կանադայի զենքի արտահանմանը վերաբերող ամենահիմնարար նորմերը եւ լուրջ վտանգ են ստեղծում ներքին եւ տարածաշրջանային կայունության համար»,- ասել է հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը:

«Մինչ օրս բազմիցս ապացուցվել է, որ Ադրբեջանի վարչակազմը այդ զենքն օգտագործում է ոչ միայն սպառնալիք ստեղծելով Հայաստանի եւ Արցախի խաղաղությանն ու անվտանգությանը, ոչ միայն տարածաշրջանային անկայունություն ստեղծելու, այլեւ այդ երկրի ներսում այլախոհությունը հետապնդելու համար»,- հավելել է Միրաքյանը:

«Փաստացի, 2016-ի ապրիլին Ադրբեջանը նոր ձեռքբերված մահացու զինատեսակներով քառօրյա պատերազմ սանձազերծեց, որն ամենամահաբերն էր 1994 թվականի հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:

Թույլ տալով զենք արտահանել Ադրբեջան, Կանադան իր ներդրումն է ունենում Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմական գործողություններին: Նման որոշումները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին ամբողջությամբ աջակցելու Կանադայի պարտավորություններին:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, Ադրբեջանը բազմիցս դատապարտվել է հայտնի իրավապաշտպան կառույցների կողմից, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը ՝ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի հետ կապված: Ադրբեջանը քննադատվել է երկրում հիմնարար ազատությունները ճնշելու, առաջին հերթին անկախ մամուլի դեմ արձակումների համար»,-ընդգծել է նա:

news.am

1