Կանադայի կառավարությունը պետք է վերանայի Ադրբեջանին կանադական զենքեր և ռազմական տեխնիկա վաճառելու որոշումը․ Մաջեդ Էլ Շաֆին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Կանադայի կառավարությունը պետք է վերանայի Ադրբեջանին կանադական զենքեր և ռազմական տեխնիկա վաճառելու որոշումը․ Մաջեդ Էլ Շաֆին

Կանադայի կառավարությունը պետք է վերանայի Ադրբեջանին կանադական զենքեր և ռազմական տեխնիկա վաճառելու որոշումը․ Մաջեդ Էլ Շաֆին

Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Արցախի Հանրապետությունում գտնվող Կանադայի Խորհրդարանի պատգամավորներ Թոնի Քլեմենտը, Ռաչել Հարդերը և «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆին սեպտեմբերի 1-ին հանդես են եկել մամլո ասուլիսով:

«Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպությունն ավարտել է ադրբեջանական ուժերի կողմից անկախ Արցախի և Ադրբեջանի միջև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների մասին տեղեկություններն ուսումնասիրելու քառօրյա փաստահավաք առաքելությունն Արցախում և Հայաստանում:

«Միջազգային հանրությունը պետք է ավելին անի տարածաշրջանում կայունության վերականգնման համար և պատասխանատվության ենթարկի մարդու իրավունքների խախտումների և քաղաքացիական անձանց վրա անխտիր հարձակումների պատասխանատուներին: Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը տեղի ունեցած վայրագությունների մասին գրաֆիկական պատկերներ են տեղադրել սոցիալական ցանցերում՝ ԱՀ ՊԲ զինծառայողների գլխատումից, դիակապտությունից մինչև քաղաքացիական անձանց անխտիր սպանություններն ու համակարգված ռազմական գործողությունները: Կազմակերպությունը գրավոր դիմելու է Կանադայի իշխանություններին և շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների այսօրինակ կոպիտ խախտումները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հաշվի առնելով բացահայտված փաստերը՝ Կանադայի կառավարությունը պետք է վերանայի Ադրբեջանին կանադական զենքեր և ռազմական տեխնիկա վաճառելու որոշումը և դադարեցնի դրանց արտահանումը, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել մարդու իրավունքների վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունները»,-  նշել է Մաջեդ Էլ Շաֆինը:

Կանադայի Խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենտն էլ իր խոսքում նշել է, որ Արցախում հանդիպել են նաև այն ծնողների հետ, ովքեր հարազատներ են կորցրել 2 հակամարտությունների ժամանակ:

«Մենք ունեցել ենք վկայություններ նաև քաղաքացիների սպանությունների վերաբերյալ, այն սահմռկեցուցիչ տեսարանների մասին, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ: Որպես քաղաքական գործիչ և որպես մարդ՝ գտնում եմ, որ միշտ էլ հույս կա:

Ինչ վերաբերում է մեր այս այցի շուրջ Ադրբեջանում տեղ գտած արձագանքներին, ապա դրանք սպառնալիքներ են մեր հասցեին: Ես այստեղ եմ փնտրելու ճշմարտությունը մարդասիրական առաքելության շրջանակներում: Եթե Ադրբեջանն իմ հանդեպ է թշնամաբար տրամադրված, ապա կարող եմ պատկերացնել, թե ինչպես են վերաբերվում իրենց հարևաններին: Այս առումով չեմ դատապարտում Ադրբեջանի ժողովրդին, այլ միայն մաղթում եմ խաղաղություն, և սա այն վերաբերմունքն է, որ մենք ունենք Ադրբեջանի կառավարության և ժողովրդի նկատմամբ»,- ասել է Թոնի Քլեմենտը:

Ռաչել Հարդերն էլ խոսելով իրենց այցի նպատակների մասին նշել է, որ իրենք այստեղ են պատերազմի իրական պատկերը տեսնելու, հասկանալու և լսելու տեղի մարդկանց կարծիքները, ովքեր անցել են այդ ամենի միջով և այսօր միմիայն խաղաղություն են ցանկանում:

«Հայ ժողովուրդը շատ բարի, հյուրասեր և մարդամոտ ժողովուրդ է, որը պայքարում է իր օրինական իրավունքների համար: Մեր այցի ընթացքում մենք հասկացանք, որ հայ ժողովուրդը ունի մեկ հայրենիք, որը բաժանված է 2 աշխարհագրական տարածքների: Գտնում եմ, որ մեր հաղորդագրությունը շատ պարզ է. հայ ժողովրդի և հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն և մենք հորդորում ենք միջազգային հանրությանը ճանաչել այդ փաստը»,- նշել է Ռ․Հարդերը։

1