Կայացման տանում են միասնական քայլերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Կայացման տանում են միասնական քայլերը

Կայացման տանում են միասնական քայլերը

Եւս մեկ տարի, իր բազմաբնույթ զարգացումներով, իր կատարած ու թերի  մնացած գործերով, իր նվաճումներով ու ձախողումներով, իր հին ու նոր մարտահրավերներով, մոտեցավ իր տրամաբանական ավարտին՝ տեղը զիջելով նոր՝ գալիք տարվան. ասել թե՝ նորը ծնում է նոր անելիքներ ու նորովի մոտեցումներ:

 

Սովորաբար, ընդունված է յուրաքանչյուր անցնող տարում ի մի բերել անցածը, շահածն ու կորցրածը, կարողանալ ճշմարիտ գնահատական տալ, դաս առնել անցածից  ու անցածը թողնելով հետեւում՝  նոր էջ բացել գալիք տարվա համար:

 

 2015 տարին ՀՅ Դաշնակցության համար, ինչպես եւ ամեն մի անցնող տարի, նախ եւ առաջ, պայքարի տարի էր, որովհետեւ Դշնակցությունն ինքը պայքարի կուսակցությունն է, պայքար այնտեղ՝ որտեղ կա խնդիր, որտեղ կա հայության լինելիությանն ուղղված բազմապիսի մարտահրավերներ:  Պայքարի հարթակները տարբեր են՝ Հայաստան, Արցախ, Ջավախք, Սփյուռք, պայքարի ձեւերը՝ նույնպես տարբեր, բայց պայքարի ուղիները բերում են մեկ հանգրվանի, որը երբեք եւ ոչ մի տարում Դաշնակցության համար չի փոխվում:

 

2015  տարում Դաշնակցությունը նշեց իր 125 ամյա հոբելյանը՝ միաժամանակ որերորդ անգամ ապացուցելով, որ իր կենսագրությունը ոչ թե  լոկ տարիների, այլ կատարած գործերի հանրագումար է, իսկ 125 տարիների կատարած գործերի հանրագումարը ավելի քան խոսուն է:  2015-ը մեկ անգամ եւս փաստեց, որ Դաշնակցությունը գործի, աշխատանքի եւ կենսունակ կուսակցություն է, հայ իրականության մեջ միակը թերեւս, որը կա ամեն տեղ, որտեղ կա հայ, կա հայի հարց ու խնդիր:
Նվիրական գործն անուրանալի է, ինչքան էլ նրա վրա փորձեն կեղտ շպրտել կամ խեղաթյուրել: Նվիրական գործին նախանձողներ միշտ էլ լինում են, կարևորը՝ գործի ուղեծիրը չփոխելն է: Դաշնակցությունը շարունակում է քայլել նույն ուղեգծով:

 

2015 թվականը նոր մարտահրավերներ եւ նոր քաղաքական զարգացումներ բերեց իր հետ: Սահմանային լարված իրավիճակն արդեն սկսվեց փոխարինվել <<պատերազմ>> եզրույթով ու կարծես թե ժողովուրդը կամաց-կամաց սկսեց սթափվել անորոշ թմբիրից ու հասկանալ, որ սահմանին կանգնած զինվորը բացարձակ արժեք է ու իր անվտանգության գլխավոր երաշխավորը, սկսեց հասկանալ, որ պատերազմը սոսկ սահմանին կանգնած զինվորի համար չէ, պատերազմի կանխարգելումն ու Ադրբեջանի սադրանքներին հակադարձելը  համահայկական խնդիր է ու այդ պայքարում բոլորն են զինվոր: Միասին լինելու գաղափարն այլեւս այլընտրանք չունի, ու սա կարծես թե սկսել է ամրանալ մեզանում՝ ինչքան էլ տարբեր հայացքներ ու գաղափարներ բաժանեն մեզ:

 

ՀՅԴ-ն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բնական դաշնակիցներ են Արցախի խնդրի լուծման պայքարում: Այդ խնդիրը դաշնակցությունն իր՝ աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի համատեղ աշխատանքերով հնչեցնում է աշխարհի տարբեր ամբիոններից՝ ԱՄՆ կոնգրեսից մինչեւ Ավստրալիայի խորհրդարան, Արցախի ներքին դաշտում իր գործուն մասնակցությունն ունենալուց  մինչեւ արտաքին ճակատում, միջազգային բեմերում  Արցախի իշխանությունների ներկայությունն ապահովելով:

 

2015-ին էլ, անշուշտ, տեսանք,որ Դաշնակցությունն Արցախում շարունակում է գործել հանունի գաղափարով:

 

 Թող 2016 թվականը հայության համար ձեռքբերումների մի նոր էջ բացի և յուրաքանչյուր ազգանպաստ մտահղացում, ծրագիր կամ գաղափար իրականություն դառնա: Միասնական լինենք:

 

<<Ապառաժ>>-ի խմբագրական

1