Կայացել է ԼՂՀ Գլխավոր դատախազի մամլո ասուլիսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կայացել է ԼՂՀ Գլխավոր դատախազի մամլո ասուլիսը

Կայացել է ԼՂՀ Գլխավոր դատախազի մամլո ասուլիսը

Մարտի 13-ին ԼՂՀ դատախազության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է դատախազության 2016թ. գործունեությունը:

«Ավանդության համաձայն դատախազության կոլեգիայի նիստում արդյունքներն ամփոփելուց հետո հրավիրվում է մամլո ասուլիս և ավելի մանրամասն ներկայացվում, թե դատախազության կատարած աշխատանքը, թե հանցավորության իրավիճակը ԼՂՀ-ում»,- նշել է Արթուր Մոսիյանը և տեղեկացրել, որ  2016թ. ԼՂՀ-ում գրանցվել է հանցագործությունների 704 դեպք՝ 2015թ. 464 դեպքի դիմաց. աճը կազմել է 240 դեպք:

2016թ. հանցագործությունների միասնական հաշվառման իմաստով եղել է անցումային տարի: Ընդհանուր առմամբ հանցագործությունների մակարդակի նվազում է գրանցվել, աճը պայմանավորված է հաշվառման մեթոդիկայի փոփոխությամբ: «Մինչև այժմ գոյություն են ունեցել հետաքննության նախաքննություն իրականացնող 5 մարմինների՝ Դատախազության, Ֆինանսների նախարարության, ԱԱԾ-ի, Ոստիկանության և Փրկարար ծառայության կողմից հանցագործությունների միասնական հաշվառման մարմին, որով մասնավոր մեղադրանքի դեպքերը որպես հանցագործություն չէին հաշվում, որովհետև դրանցով քրեական գործեր չէին հարուցվում: Հիմա անցել են այլ մեթոդի՝ դեպքի նկատմամբ քրեական գործ չհարուցելու կամ քրեական պատասխանատվությունից ազատվելու դեպքում էլ դեպքը հաշվառվում է»,- պարզաբանել է ԼՂՀ գլխավոր դատախազը:

Դրական միտումներ են արձանագրվել հանցագործության դեմ պայքարի ոլորտում: 2015թ. հանցագործությունների ընդհանուր ծավալի մեջ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմում էին 17,6%, 2016թ. կրկնակի նվազել է ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների քանակը:

Որոշակի դրական միտումներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում: 2016թ. արձանագրվել է իրացման 12 դեպք՝ նախորդ տարվա 3-ի դիմաց:

Ըստ ԼՂՀ գլխավոր դատախազի, մտահոգիչ է անչափահասների կատարած հանցագործությունների աճը:

ԼՂՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև դատախազության իրականացրած հիմնական 6 գործառույթների (հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, հսկողություն իրականացնել հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանել մեղադրանքը,  պետական շահերի պաշտպաության հայց հարուցել դատարան, բողոքարկել դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, հսկողություն իրականացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ ) վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

«2016թ. ԼՂՀ  Ազգային Ժողովի կողմից Արցախի անկախության 25-ամյակին նվիրված համաներման ակտ է ընդունվել: Համաներման ակտը կիրառելի է եղել 198 անձի նկատմամբ, 16 անձի նկատմամբ համաներում չի կիրառվել խոչընդոտող հանգամանքների պատճառով»,- նշել է Արթուր Մոսիյանը:

«2016թ. ծանր տարի էր՝ կապված ապրիլյան պատերազմի հետ: Հարուցվել է քրեական գործ՝ ագրեսիվ պատերազմ և միջազգային իրավական նորմերի խախտումը պատերազմական իրավիճակի, զինված ընդհարումների ժամանակ, փաստով, 64 հատորանոց գործ է նախապատրաստվել»,- հավելել է ԼՂՀ գլխավոր դատախազը:

2017թ. փետրվարի 25-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների փաստով ևս դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Ասուլիսի ժամանակ լրագրողները ԼՂՀ գլխավոր դատախազին են ուղղել ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

1