Կայացած պառլամենտարիզմը մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կայացած պառլամենտարիզմը մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու

Կայացած պառլամենտարիզմը մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու

Երեկ կայացել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստը, որին ներկա էին  նաև Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:

Խոսելով խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Սահմանադրական նոր կարգավորումների լույսի ներքո Ազգային ժողովի գործունեությունը պետք է միտված լինի ոչ միայն պետականության ամրապնդմանը, այլև պառլամենտարիզմի զարգացմանը: Հավատացած եմ, որ կայացած պառլամենտարիզմը, իր գաղափարախոսական և վերահսկողական բոլոր դրսևորումներով, մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու»:

«Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձև հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգյանը:

Նախագահն ընդգծել է, որ սահմանադրական նոր կառուցակարգերը ամրագրվել են բուռն ու երկարատև քննարկումների արդյունքում: «Այս փոփոխությունների բուն նպատակն ավելի հավասարակշռված, արդյունավետ, վերահսկելի ու միասնական իշխանություն ունենալն է:

Այս փոփոխությունների արդյունքում՝

1) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ,
2) Հանրապետության Նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
3)խիստ կնվազի իշխանության անձնավորումը,
4) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը,
5) կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը,
6) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացման շնորհիվ երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանության և ընդդիմության երկբևեռ դասական քաղաքական համակարգ,
7) երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու հարցում, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ»,- նշել է Սերժ Սարգսյանը։

1