Ծնվել եմ Բաղդադում, 41 տարի է բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց ամեն մի օրս ապրում եմ հայրենիքով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ծնվել եմ Բաղդադում, 41 տարի է բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց ամեն մի օրս ապրում եմ հայրենիքով

Ծնվել եմ Բաղդադում, 41 տարի է բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց ամեն մի օրս ապրում եմ հայրենիքով

Սեդա Խոջայանն այն հայ կանանցից է, ով, ինչպես ինքն է ասում,  իր էությամբ կոչված է ծառայելու հայ ժողովրդին, մասնակցելու հայրենիքի բարեկեցության ու զարգացման պատասխանատու  գործին:

 

«Ծնվել եւ բարձրագույն ուսում եմ ստացել Բաղդադում,  41 տարի է՝ բնակվում եմ Ամերիկայում, բայց կյանքիս ամեն մի օրն ապրել եմ հայրենիքով», — ասում է նա: Հետո պատմում է, որ 1975 թվականից անդամագրվել է Հայ օգնության միության շարքերը, եւ արդեն 39 տարի է ՀՕՄ-ն ու կառույցի կողմից իրականցվող ծրագրերը դարձել են նրա կյանքից անբաժանելի: Նա ՀՕՄ-ի Արևմտյան շրջանի Գլենդելի «Սիփան» մասնաճյուղի անդամ է: «ՀՕՄ-ը հենց այն կառույցն է, որտեղ ես կարող եմ կյանքի կոչել իմ մտահղացումներն ու ծրագրերը,- ասում է նա,- ընդհանրապես,  միության աշխարհասփյուռ 16.000 անդամ կանայք մեկ նպատակ ունեն: Մեր նպատակն է՝ ժողովրդիս հետ, ժողովրդիս համար, գործունեության ոլորտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, որբանոցներ եւ այլն. մենք այնտեղ ենք, որտեղ մեր կարիքը կա»:

 

«Առաջին անգամ «Սոսե» մանկապարտեզների ծրագրով եկանք Արցախ 1998-ին:  Տեսանք, որ  մանկապարտեզների կարիք կա: Հուզմունքս մեծ էր, որովհետեւ այդ օրերին արցախցի կանանց մեջ տեսա շատ ու շատ սևազգեստ այրիներ, կոտրված սրտեր, մանուկների տխուր աչքեր»,- պատմում է իր՝ Արցախ կատարած առաջին այցի մասին:

 

ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզները կոչված էին իրենց հովանու տակ վերցնելու Արցախյան ազատամարտում զոհված ու վիրավորված ազատամարտիկների երեխաներին, ապա նաեւ՝ կարիքավոր ընտանիքների երեխաներին: «ՀՕՄ-ն ուզում էր ինչ-որ կերպ նրանց վերադարձնել իրենց կորցրածը՝ մանկությունը: Մենք բոլորս հայ մայրեր ենք եւ լավ գիտենք, թե ինչ է պետք մեր մանուկներին ու մեր կանանց»,- նշում է նա եւ ավելացնում, որ այսօր  Արցախում գործում են թվով 8 ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզներ:

 

Այսօր նա հերթական անգամ Արցախ է եկել իր՝ աշխարհի տարբեր ծագերից ժամանած ՀՕՄ-ուհիների հետ՝ մասնակցելու Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի հիմնօրհնեքի արարողությանը, ինչպես նաեւ՝ Արցախի միավորի կողմից կազմակերպված ճաշկերույթ-դրամահավաքին, որը պետք է ուղղվի Ստեփանակերտի  մանկապարտեզի վերակառուցմանը:

 

Սեդա Խոջայանը հանդիսանում է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության կողմից Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի շինարարության նպատակով կյանքի կոչված դրամահավաք հանձնախմբի անդամ՝ մարքեթինգի եւ քարոզչության գծով պատասխանատու:

 

«Հանձնախմբում ընդգրկված են ամեն երկրից երկու ընկերուհի: Ես եւ Ժասմենը Արևմտյան շրջանն ենք ներկայացնում: Հանձնախմբում շատերս իրար չենք ճանաչում, բայց շատ կարճ ժամանակահատվածում լծվեցինք աշխատանքի՝ գիտակցելով նպատակի կարևորությունը: Պատրաստեցինք հատուկ տեղեկատվական թերթիկներ, որոնք պատմում են մանկապարտեզի  մասին, նշում նրա կարևորությունն Արցախի մանուկների կյանքում: Այնուհետեւ քարոզչության հարցում մեզ օգնեց Արցախի մեր միավորի կողմից պատրաստված տեսահոլովակը, որը եւս ցույց ենք տալիս ամենատարբեր մարդկանց, հայ բարերաների՝ ներկայացնելով մեր դրամահավաք ծրագիրը: Ամերիկայում մեծ տպավորություն ուենցավ դա եւ սկսվեցին նվիրատվությունները»,-պատմում է հանձնախմբի աշխատանքների մասին եւ ավելացնում, որ այսօր Ստեփանակերտի մանկապարտեզի շինարարության համար անհրաժեշտ գումարի կեսից ավելին արդեն հավաքվել է: «Մենք ուրախություն ենք ապրում, որ աշխարհասփյուռ հայության ուժերով եւ մեր ՀՕՄ-ուհիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ի կատար է ածվում հայանվեր եւս մեկ գործ»,- նշում է Սեդա Խոջայանը:

 

«Իմ կողմից կյանքի է կոչվել մի այսպիսի ծրագիր. ՀՕՄ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի մուտքում դրվել է մշտադալար ծառ, որը կարևոր իմաստ է իր մեջ ամփոփում: Արմատները ՀՕՄ-ի շրջանային վարչություններն են, ճյուղերը՝մասնաճյուղերը, իսկ տերևները բոլոր այն մարդիկ, ովքեր կարող  են նվիարտվություններ անել: Սկսեցինք «արմատներից դեպի տերևներ» դրամահավաքի աշխատանքները, եւ այս ձեւը շատ օգնեց մեզ: Նույն ծառից պետք է տեղադրենք նաեւ կառուցվելիք մանկապարտեզի մուտքում՝ որպես մեր միասնական կամքի դրսեւորման, ՀՕՄ-ի կառույցների փոխհամագործակցության եւ պայծառ գործի հարատեւության խորհրդանիշ:

 

Բացի այդ, օգտագործեցինք նաեւ այլ եղանակներ.  8 դասարան, 3 սրահ պիտի ունենա մանկապարտեզը, ինչպես նաեւ դաշտ՝ հատուկ ամառային ճամբաներ կազմակերպելու համար:  Ամեն մի դասարանը գնահատեցինք  25000 դոլար եւ նշեցինք, որ դասարանը կկոչվի տվյալ նվիրատուի անունով: Որոշել ենք նաեւ, որ մանկապարտեզի շուրջ հատուկ ցանկապատ կլինի, որի վրա գրված լինեն մանկապարտեզի աջակցման հարցում բարերարների անունները: Այս ամենը ներկայացվեց ՀՕՄ-ի պատգամավորական ժողովին, որին մասնակցում էին 53 պատգամավորներ՝25 երկրներից: Ծրագիրը դրական արձագանք ստացավ, որովհետեւ այն ինչ արվում է մանուկների համար չի կարող յուրաքանչյուր հայի սրտից անբաժան լինել: Այսպես, բոլորս աշխարհի տարբեր ուղղություններով լծվեցինք աշխատանքի, որի արդյունքը շոշափելի է այսօր: Ծրագիրը դեռ շարունակվում է, շատ մեծ միջոցառում ունենք անցակացնելու Լոս Անջելեսում, որի հասույթը դարձյալ կուղղվի մանկապարտեզին»:

 

Տիկին Սեդան հադիսանում է նաեւ ԱՄՆ-ում գործող Երիտասարդ քրիստոնյա կանանց կազմակերպության անդամ, որը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ եւ գործում է արդեն 50 տարուց ավելի: Ինչպես ինքն է ասում, նպատակ ունի իր միջոցով այս կազմակերպության ու Հայ օգնության միության միջեւ աշխուժացնելու համագործակցությունը, կազմակերպել համատեղ ծրագրեր:

 

«Այսօր ՀՕՄ-ի խնդիրները բազմազան են: Ունենք Ջավախքի հայապահպանության, Արցախի «Սոսե» մանկապարտեզների, Սիրայից գաղթած հայության, հայ որբերի աջակցության  հետ կապված շատ ծրագրեր: Ընդհանրապես, մեր ծրագրերի իրագործման հարցում միշտ մեր կողքին եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Մենք միասին ավելի մեծ ուժ ենք»:

 

Այսօր Ստեփանակերտում շատ ու շատ ծնողներ սպասում են «Սոսե»-ի բացմանը, որովհետեւ իր գոյության օրից մինչ այսօր մանկապարտեզը միշտ բարի համբավ է ունեցել շրջապատում եւ վաստակել մանուկների ու նրանց ծնողների սերն ու հարգանքը:

 

Թեեւ շատերը մինչ օրս թերահավատորեն են վերաբերում ծրագրին, բայց ՀՕՄ-ուհիները համոզված են, որ հայ կանայք կարող են կյանքի կոչել ու իրագործել նման եւ ավելի մեծ ծրագրեր, քանզի ՀՕՄ-ն իր ծննդյան օրից ի վեր իր մեջ ամփոփել է հայ կնոջ ինչպես սրտացավ, այնպես էլ հաստատակամ ու նպատակասլաց կերպարը…

 Հերմինե Ավագյան

 

1910521_831348893552713_6622830784144695361_n

 

12087883_1061006967253570_7980202889728638295_o

 

12106938_1060257003995233_2925170850372835849_n

 
1