Խորհրդարանում մեր թիվը քիչ է, բայց առավելագույն ձեւով ենք կատարում մեզ վրա դրված խնդիրները. Արմեն Սարգսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Խորհրդարանում մեր թիվը քիչ է, բայց առավելագույն ձեւով ենք կատարում մեզ վրա դրված խնդիրները. Արմեն Սարգսյան

Խորհրդարանում մեր թիվը քիչ է, բայց առավելագույն ձեւով ենք կատարում մեզ վրա դրված խնդիրները. Արմեն Սարգսյան

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ:

 

— Պարոն Սարգսյան, ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը միշտ տարբերվել է ակտիվությամբ, բնակչության հետ հանդիպումների թվով եւ նրանց տրվող հաշվետվության մշակույթով: Քանի որ ամփոփվում է 2013 թվականը, ինչը կընդգծեիք այս տարվա մեջ, որոնք էին խմբակցության հիմնական ձեռքբերումները:

 

— Յուրաքանչյուր պատգամավոր հիմնականում պետք է աշխատի երկու ուղղությամբ: Նախ` պետք է Ազգային ժողովում կատարի իր աշխատանքը, եւ երկրորդ` բնակչության հետ հանդիպումներ ունենա, լսի բնակչության կարծիքները, ընդհանրացնի այն եւ ներկայացնի խորհրդարանին կամ կառավարության համապատասխան մարմիններին: 2013 թվականին մենք շարունակել ենք բնակչության հետ մեր հանդիպումները. բարձրացվել են մի շարք հարցեր: Մենք հարաբերություն ենք հաստատել կառավարության համապատասխան մարմինների հետ եւ ներկայացրել ենք հարցերը: Եթե ընդհանրացնենք բնակչության կողմից բարձրացվող հարցերի լուծման գործընթացը, ապա կարող ենք ասել, որ բարձրացված հարցերի մի մասը լուծվել է, իսկ մի մասը օրակարգի մեջ է: Խորհրդարանում ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը փորձել է ակտիվ լինել: Յուրաքանչյուր նիստի ժամանակ մեծ թվով հարցեր ենք ուղղել կառավարությանը: Բացի դրանից` հանդես ենք եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Մենք փորձում ենք աշխատել ոչ թե օրենքների թվի, այլ որակի վրա: Եվ հաշվի ենք առնում այդ ամենում Ղարաբաղի առանձնահատկությունները:

 

2013 թվականին խմբակցության կողմից կազմակերպվել է 2 կլոր սեղան, որին ներգրավել ենք տարբեր քաղաքական ուժերի: 2013 թվականը բեղմնավոր տարի էր, եւ երբ համեմատում ենք տարբեր տարիների հետ, ապա փաստում ենք, որ 2013 թվականին մեր կողմից բարձրացված ավելի շատ հարցերի ենք կարողացել լուծում տալ, քան նախորդ տարիներին:

 

— Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը կազմակերպում է բնակչության հետ հանդիպումներ: Ինչ հարցերով են քաղաքացիները դիմում ՙԴաշնակցություն՚ խմբակցությանը: Արդյոք այդ հարցերին տրվում են լուծումներ:

 

— Մենք բնակչության կողմից մեզ ներկայացված հարցերով հետաքրքրվում ենք, դրանք ներկայացնում ենք համապատասխան մարմիններին: Մի շարք հարցերի լուծում արդեն իսկ տրվել է: Մի շարք հարցերի էլ հնարավոր չի եղել լուծում տալ: Պետք է խոստովանեմ, որ Ստեփանակերտում այդ հանդիպումները շատ աշխույժ չեն ընթանում: Առայժմ բնակչության շատ քիչ մասն է դիմում, բայց կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ բոլոր բարձրացված հարցերը միայն անձնական բնույթի են եղել: Այդ հարցերի մեջ չեն եղել համապետական կամ համաքաղաքային բնույթի հարցեր: Իսկ շրջաններում հանդիպումների ժամանակ զարմանալիորեն, ինչը նաեւ ուրախալի է, բացի անձնական հարցերից բարձրացվում են հարցեր` կապված գյուղի հետ, ինչպես նաեւ համապետական բնույթի հարցեր: Դա նույնպես բնական է: Ստեփանակերտում կազմակերպված հանդիպումների ժամանակ մարդիկ անհատապես են գալիս հանդիպումների, իսկ շրջաններում հանդիպումները ընդհանրական են լինում:

Այս տարի Արցախի Խորհրդարանն աչքի ընկավ մասնավորապես արտաքին կապերի, տարբեր երկրների խորհրդարանական պատվիրակությունների հետ փոխայցելությունների եւ փոխհարաբերությունների առումով: Ինչ դեր ունցավ այս առումով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

 

— Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ունեցել է կազմակերպչի դեր: Արտաքին աշխարհում ՀՅԴ-ն շատ լուրջ աշխատանք կատարեց Արցախի ճանաչման գործընթացում: ԱՄՆ մի շարք նահանգներում, Ուրուգվայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում, որտեղ լուրջ աշխատանքներ են տարվել ու տարվում Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, կազմակերպիչ ուժը եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցության քաղաքական որոշումն է` Մինսկի Խմբի համանախագահների գործընթացին զուգահեռ սկսել Արցախի ճանաչման գործընթացը: Դա կարեւոր գրավական է, որ մենք կարողանանք տարածքային ամբողջականությամբ ճանաչել տանք ԼՂՀ-ն: Եվ ցանկացած քաղաքական պահ մենք պետք է օգտագործենք մեր նպատակին հասնելու համար: ՙԴաշնակցություն՚ խմբակցության ներկայացուցիչը ԱԺ պատվիրակության կազմում մասնակցել է Հարավային Օսեթիայի անկախության տոնին նվիրված միջոցառումներին:

 

— Գալիք տարվա հետ ինչ ծրագրեր ունեք, եւ ինչ կմաղթեք մեր հայրենակիցներին Նոր Տարվա առիթով:

 

— Գալիք տարվա հետ կապված ծրագրերը բազմաբնույթ են: Մենք փորձում ենք ավելի աշխուժացնել հանդիպումները բնակչության հետ: Արդեն կազմում ենք հանդիպումների ժամանակացույցը: Բացի դրանից մենք մեր ծրագրերում կներառենք կլոր սեղանների կազմակերպման ավանդույթը, որը շատ կարեւոր է: Ի դեպ, 2013 թվականին առաջին անգամ կազմակերպելով կլոր սեղան, մենք ոչ միայն քաղաքական ուժերին ենք հրավիրել, այլ հրավիրել ենք Արցախում առկա երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մենք փորձում ենք ակտիվացնել երիտասարդությանը: Սա որպես ավանդույթ անպայման տեղ կգտնի մեր ծրագրերում: Մենք փորձում ենք տարբեր օրենքների վրա աշխատել: Արդեն իսկ առկա է մեկ օրենքի նախագիծ, որի վրա մենք աշխատում ենք, դա ՙԿոչումների մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է: Տարվա ընթացքում նույնպես տարբեր օրենքներում աշխատելու անհրաժեշտություն է առաջանում:

 

ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը իր ծրագրում նախատեսել է պարբերաբար հանդիպել երկրի վարչապետի հետ, որպեսզի ընթացիկ հարցերը կարողանանք քննարկել ոչ միայն բյուջեի ընդունման ժամանակ, այլ մինչ բյուջեի ընդունումը: Սա մենք փորձում ենք ավանդույթ դարձնել, որի առաջին քայլերն արդեն կատարել ենք եւ 2014 թվականին այն շարունակական բնույթ կստանա: 2014 թվականին բարձրացված տարբեր հարցերով հանդես կգանք հրապարակային դասախոսություններով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, որտեղ մենք պարբերաբար կներկայացնենք ու կվերլուծենք ՀՅԴ դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ:

 

Եթե նկատել եք, տարիներ առաջ մեր կողմից բարձրացված մի շարք հարցեր կառավարության կողմից ընդունվել են միայն որոշակի տարիներ անց. դա բնականաբար տեղի է ունեցել պարբերաբար կատարվող աշխատանքների արդյունքում: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Խմբակցությունը փորձում է ավելի աշխույժ լինել տարբեր երկրների բարեկամական խմբերում: Մեր պատգամավորներին ընդգրկել ենք Ազգային Ժողովի կողմից կազմված այդ խմբերում: Մենք փորձում ենք ակտիվ մասնակցություն ունենալ Հայ Դատի աշխատանքներին: ՙԴաշնակցություն՚ խմբակցության պատգամավորները պարբերաբար լինում են արտերկրում եւ Արցախի վերաբերյալ տարբեր թեմաներով դասախոսություններով են հանդես գալիս: Մենք բավականին ակտիվ ենք գիտական կոնֆերանսների կազմակերպման մեջ: Չի եղել այնպիսի մի գիտական կոնֆերանս, որը կազմակերպվի ԼՂՀ ԱԺ կողմից, որտեղ դասախոսություններով մեր խմբակցության կամ կուսակցության անդամները հանդես չգան: Խորհրդարանում մեր թիվը քիչ է, բայց մենք փորձում ենք առավելագույն ձեւով կատարել մեզ վրա դրված խնդիրները: Ներկայումս կազմվում է 2014 թվականի աշխատանքային ծրագիրը, որը ներկայացնելու ենք Դաշնակցության Կենտրոնական կոմիտեին, որի հաստատումից հետո ծրագիրը կմտնի գործողության մեջ:

 

Մեր հայրենակիցներին մաղթում եմ հաղթական խաղաղություն: Չի կարող լինել խաղաղություն ամեն գնով: Եթե կարողանանք պահել հաղթողի կերպարը բոլոր բնագավառներում` մենք կունենանք հաղթանակ: Ես ցանկանում եմ հաղթական խաղաղություն, կապույտ երկինք, առողջություն եւ իղձերի իրականացում: Մեր ժողովուրդը շատ զրկանքներ է կրել, հասել է իր քաղաքական վսեմ նպատակին. մենք ունենք անկախություն եւ մեր ժողովուրդն արժանի է, որ 2014 թվականին առանձնապես իր երազանքներն իրականանան: Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին: Ավելի հասուն քաղաքական գիտակցություն եւ նորանոր հաջողություններ եմ ցանկանում մեր հայրենակիցներին:

 

Պատրաստեց Ա. ԱԶԱՏՅԱՆԸ

1