Խորհրդակցությունների պլանի ստորագրում՝ Արցախի ու Հայաստանի արտգործնախարարությունների միջեւ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Խորհրդակցությունների պլանի ստորագրում՝ Արցախի ու Հայաստանի արտգործնախարարությունների միջեւ

Խորհրդակցությունների պլանի ստորագրում՝ Արցախի ու Հայաստանի արտգործնախարարությունների միջեւ

Արցախի ու Հայաստանի Արտաքին գործերի նախարարներ Մասիս Մայիլյանն ու Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հուլիսի 5-ին, ստորագրել են երկու նախարարությունների միջեւ 2019-20 թվականների խորհրդակցությունների պլան:

Պատասխանելով երկու հայկական հանրապետությունների գերատեսչությունների միջեւ ստորագրված հուշագրի կարեւորության մասին հարցին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ առաջին անգամ ստորագրված խորհրդատվությունների պլանը հիմնված է երկու գերատեսչությունների համագործակցության հռչակագրի հիման վրա:

«Սա կարեւոր փաստաթուղթ է, որը բարձրացնում է երկու գերատեսչությունների հարաբերությունների մակարդակը՝ ինստիտուցիոնալ բնույթ տալով հարաբերություններին: Այս փաստաթղթի հիման վրա շարունակելու ենք ակտիվ համագործակցել ոչ միայն նախարարների, այլեւ փոխնախարարների ու տարբեր ստորաբաժանումների մակարդակով»,- ասել է Մայիլյանը եւ նշել, որ Արցախի ու Հայաստանի արտգործնախարարությունների միջեւ համագործակցությունը շատ արդյունավետ է լինելու:

«Հայաստանի Հանրապետությունը ներգրավված լինելով եւ աշխատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ չի կարող անել գործողություններ, որոնք համակարգված չեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է պահպանել բավականին ակտիվ խորհրդակցությունների մակարդակ»,- իր հերթին ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին է աշխատանքային այցով ժամանել Արցախ: Այցի շրջանակներում Մնացականյանը հանդիպել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Ապառաժ»

1