Խոսելով մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների մասին՝ Արևմուտքը պարտավոր է նաև չանտեսել ինքնորոշման իրավունքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Խոսելով մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների մասին՝ Արևմուտքը պարտավոր է նաև չանտեսել ինքնորոշման իրավունքը

Խոսելով մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների մասին՝ Արևմուտքը պարտավոր է նաև չանտեսել ինքնորոշման իրավունքը

ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեն կքննարկի հակահայկական բանաձևը: ԵԽԽՎ բյուրոն սեպտեմբերի 5-ին ձայների 20 «կողմ» և 5 «դեմ» հարաբերակցությամբ որոշել է զեկույցի մասին որոշումն ուղարկել ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեին:

 

Բանաձևի վերնագիրն ինքնին հակահայկական է և ադրբեջանամետ՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը»:

 

Մի կողմ թողնելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության բաց թողած սխալները և ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը, ինչը ինքնին նկատելի է, քանի որ՝ եթե հայկական պատվիրակությունը գործեր՝ ինչպես հարկն է, նման բանաձև ի հայտ չէր գա, հավասարակշիռ լինելու համար պետք է նաև ասել, որ բանաձևի ի հայտ գալու վրա իր ազդեցությունն է ունեցել նաև Ադրբեջանի հանրահայտ «խավիարային դիվանագիտությունը», ինչը, սակայն, մեզ համար արդարացման պատճառ չի կարող լինել:

 

 

Փորձենք ավելի համակողմանի նայել հավանական պատճառներին և հասկանալ, թե ինչն է նման փաստաթղթի ի հայտ գալու պատճառ դարձել՝ հատկապես հիմա: Արևմուտքը՝ զգալով, որ արդեն կորցրել է Հայաստանը, նաև՝ ռուսական ակտիվությունը Հարավային Կովկասի ուղղությամբ, այդ կերպ փորձում է երկու ուղղությամբ խաղ խաղալ՝ նախ՝ նախազգուշացնելով Հայաստանին՝ Արևմուտքի հետ կապերի խզման դեպքում հնարավոր հետևանքների մասին, այսինքն՝ նման սցենարի դեպքում Հայաստանի վրա Արցախի հիմնախնդրի ուղղությամբ ճնշումներն ավելի կշատանան Արևմուտքի կողմից, նման հակահայկական բանաձևերն ավելի ու ավելի կշատանան ու վտանգավոր բնույթ կկրեն, մյուս կողմից՝ Արևմուտքը փորձում է հաճոյանալ Ադրբեջանին, որպեսզի հանկարծ Ադրբեջանը, վիրավորված լինելով իր հասցեին Արևմուտքից հնչող քննադատություններից, որոնք վերջին շրջանում կտրուկ աճել են,  չընկնի ռուսական ուղեծրի շրջանակը:

 

Եվս մեկ պատճառ կարող է հանդիսանալ այն, որ Արևմուտքին իրոք լրջորեն անհանգստացրել են Ադրբեջանի կողմից հնչած կոշտ պատասխաններն այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների և քաղաքացիական հասարակության վրա ճնշումների  վերաբերյալ ԱՄՆ-ի, Եվրամիության և առանձին եվրոպական երկրների կողմից հնչած քննադատությունների վերաբերյալ, և այս կերպ Արևմուտքը, փորձելով Արցախի հարցում ադրբեջանամետ դիրքորոշում ցույց տալ, Ադրբեջանին հաճոյանալ, փորձում է պահել իր դեմքը և, միևնույն ժամանակ, ապահովագրվել Ադրբեջանի ռուսական ազդեցության գոտում հայտվելու ռիսկից:

 

Այստեղ մենք տեսնում ենք երկակի ստանդարտների քաղաքականություն կեղծ չափորոշիչների և հավասարակշռության՝ մարդու իրավունքները սեփական շահերին ծառայեցնելու և դրանց զոհաբերման միջոցով: 

 

 

Մեկընդմիշտ պետք է հասկանան Արևմուտքում, որ խոսելով մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության մասին և ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի դերն ամբողջ աշխարհում, անհնար է անտեսել մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների համար մի կարևոր և հիմնարար սկզբունք՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի և միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների կողմից ընդունված միջազգային իրավահարաբերությունների հիմնաքար հանդիսացող փաստաթղթերում:

 

Հակիրճ լինելու համար բերեմ ընդամենը մեկ օրինակ՝ Մարդու իրավունքների  հռչակագիրը, որտեղ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը շարադրված է հետևյալ կերպ. «… ազգերի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է աղբյուր կամ  հիմնարար պայման մարդու մյուս  բոլոր իրավունքների համար և անհատի իրավունքները չեն կարող իրականացվել առանց  ինքնորոշման իրավունքի»:

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

1